Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

«ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ, ՈԳԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆԸ ՄԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆ»

«ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ, ՈԳԻՆ ՈՒ ՄԱՐՄԻՆԸ ՄԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆ»
10.06.2011 | 00:00

Միտրոպոլիտ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿՈՒ զրույցը քահանա ՍԵՐԳԻ ԳԱԿԿԵԼԻ հետ. հուլիսի 30 - դեկտեմբերի 10, 1994 թ.
ԲիԲիՍի-ի կրոնական ծրագրի ռուսական ծառայություն

-Սրբազան, դու հավատացյալ բժիշկ ես եղել, հետո նույնիսկ գաղտնի կուսակրոնություն ես ընդունել։ Տարբերվե՞լ է քո մոտեցումը բժշկության հանդեպ անհավատ, բայց պարտաճանաչ բժշկի մոտեցումից։
-Կարծում եմ, որ այդպիսի կտրուկ բաժանում ոչ միշտ է հնարավոր, որովհետև հավատացյալ բժշկի վերաբերմունքի հիմքում ընկած է, մի կողմից, նրա հավատը, իսկ մյուս կողմից` նրա վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Ինձ թվում է` յուրաքանչյուր բժիշկ գիտի և զգում է, որ իր կոչումն առաջին հերթին կյանքը պահպանելը, այն հնարավոր և տանելի դարձնելն է, երկրորդը` մարդուն տառապանքից, ինչքան հնարավոր է, փրկելն է։ Ես սահմանափակում եմ խնդիրը «ինչքան հնարավոր է» բառերով, որովհետև, ինչքան էլ բժշկությունն առաջադիմի, կան դեպքեր, երբ նա մնում է անզոր։
Հավատացյալ բժշկի և անհավատ բժշկի միջև տարբերությունը ես տեսնում եմ մարմնի, նյութեղենի նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ։ Հավատացյալ մարդու համար մարդկային մարմինը ոչ պարզապես նյութ է, ոչ էլ «ժամանակավոր քող», որը ցած կընկնի ուսերից։ Մարմինը մեզ տրվում է ամբողջ հավիտենության համար։
Մարդու հոգին, ոգին ու մարմինը մի խորհրդավոր ամբողջություն են։ Այդ պատճառով քրիստոնյա բժշկի նպատակը ոչ միայն կյանքը երկարացնելն է, որ մարդու հոգին, գիտակցությունը, հոգեկանը կարողանան շարունակել գործել կամ մարդը շարունակի կատարել ինչ-որ ինքնուրույն գործ երկրի վրա։ Քրիստոնյա բժիշկը երկյուղածությամբ և ողջախոհությամբ է վերաբերվում մարմնին, որը կոչված է հավերժ կյանքի և, եթե կարելի է այդպես արտահայտվել, «հարազատ է» մարդացած Աստծո Որդու մարմնին։ Ես դա շատ եմ վերապրել, երբ գործել եմ որպես բժիշկ, որպես վիրաբույժ։ Վերապրել եմ որպես ծառայություն, համարյա որպես սրբազնագործություն։
-Կարելի՞ է ասել, որ հավատացյալ բժշկի սրտահույզ վերաբերմունքը հիվանդի մարմնի նկատմամբ դանդաղեցնում է բուժումը, որ, ասենք, մատերիալիստ-բժիշկն ավելի արագ կկարողանա սկսել որևէ բուժում։
-Ո՛չ, չեմ կարծում։ Յուրաքանչյուր բժիշկ` հավատացյալ կամ անհավատ, ձգտում է հնարավորինս թեթևացնել տառապանքը և պահպանել մարդու մեջ կյանքի լիակատարությունը։ Երբ ես խոսում եմ կյանքի լիակատարության մասին, ուզում եմ ասել, որ մարդը ոչ միայն մարմնապես շարունակի գոյատևել, այլև մարմնական գոյությունը լինի լիարժեք։ Տառապանքը ոչ միշտ է հնարավոր հեռացնել, սակայն հնարավոր է մարդուն օգնել (բժշկական տեսակետից կամ հոգեպես) տանելու այն։ Եվ մարդու սեփական արժանապատվությունը կարող է աճել վիթխարի չափով մարմնի և հոգու այդ համագործակցության շնորհիվ, որտեղ բժիշկը իր կարևոր դերն ունի, քանզի նա կարող է սատար լինել մարմնին և կարող է ոգևորել մարդուն ապրելու համար։
-Այսինքն, գոյություն ունի՞ ամեն մի բժշկի և վիրաբույժի շատ կարևոր և բացահայտ հովվական դերը։
-Ես կարծում եմ, որ գոյություն ունի հովվական դերը, և այն պետք է կատարվի Աստծու հետ խորհրդակցության գիտակցումով։ Երբ ես բժիշկ էի, ձգտում էի նախքան հիվանդին տեսնելը աղոթել, կենտրոնանալ, որ այն ամենը, ինչը պետք է կատարեի, դուրս ելներ ինչ-որ խորին շփումից իմ, այդ մարդու և Աստծո միջև։ Պատահում էր, որ հիվանդին ընդունելիս հանկարծ զգում էի, որ կորցնում եմ կապը սեփական խորությանս հետ, ուրեմն` Աստծո հետ։ Այդ պահին դիմում էի հիվանդին. «Չգիտեմ` հավատացյալ եք դուք, թե անհավատ, բայց ես պետք է աղոթեմ։ Եթե հավատացյալ եք, աղոթեք ինձ հետ, եթե անհավատ եք, հանգիստ մնացեք»։ Ես խոնարհվում էի սուրբ Պանտելեյմոնի սրբապատկերի առաջ և երկու րոպե կենտրոնանում ինքս իմ մեջ։ Քրիստոնյա բժիշկը պետք է կատարի իր ծառայությունն Աստծո ղեկավարությամբ և երբեք չպիտի կատարի այնպիսի գործողություններ, որոնք չկարողանա արդարացնել Աստծո առջև։ Կարելի է խոսել հիվանդի և բժշկի խորին համագործակցության մասին։ Համագործակցությունը պետք է գոյություն ունենա միշտ, քանզի հիվանդը չի կարող լինել պարզապես բուժման «օբյեկտ»։ Եթե նա չի համագործակցում, չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, չի պայքարում կյանքի համար, ապա դեղերը միշտ չէ, որ կարող են օգնել։
Երբ ես առաջին անգամ հայտնվեցի հիվանդասենյակում, ինձ ցնցեց մի բան` հիվանդի հավատն առ այն, որ բժիշկը նրան կվերաբերվի երկյուղածությամբ և առաքինությամբ, քանզի նա հավատում է բժշկին։ Մարդը ծածկում է սեփական մարմինը օտար աչքերից, բայց թույլ է տալիս բժշկին տեսնելու իր մարմինը, շոշափելու այն։ Այդ պահը հնարավոր է դարձնում հանդիպումը այնպիսի մակարդակի վրա, որին այլապես հնարավոր չէր լինի հանդիպել։ Բժշկի մոտեցումը չի կարող լինել պարզապես «գիտական», նրա մեջ պետք է լինեն կարեկցանք, խղճահարություն, օգնելու ցանկություն, հարգանք մարդու նկատմամբ, նրա տառապանքները թեթևացնելու, նրա կյանքը երկարացնելու պատրաստակամություն։
Այսօր խնդիրը շատ է բարդացել տեխնիկապես, բայց հիշում եմ, երբ ընդունվեցի բժշկական ֆակուլտետ և առաջին անգամ հայտնվեցի պալատում, ինձ զարմացրեց, թե ինչպես քույրերն ու փորձառու բժիշկները հիվանդի համար հնարավոր ամեն ինչ անում էին, սակայն ինչ-որ մի պահ զգում էի, որ նրանք հիմա «բաց են թողնում» նրան։
Ես հարցրի մի բժշկի. «Ինչպե՞ս կարելի է վարվել այդ ձևով։ Մի՞թե դուք չեք պայքարի մինչև վերջին վայրկյանը»։ Եվ նա պատասխանեց. «Մենք արեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր, մենք հասանք այն սահմանին, երբ բժշկությունն այլևս անկարող է փրկելու կամ օգնելու։ Եվ հիմա ես կանգնած եմ հիվանդի մահճակալի մոտ ու ասում եմ. «Մա՛հ, ես պայքարում էի քո դեմ և թույլ չէի տալիս մոտենալ այդ մարդուն։ Հիմա հասավ քո ժամը։ Վերցրո՛ւ նրան, և թող նրա վախճանը լինի խաղաղ և հանգիստ»։
Իհարկե, այստեղ բժիշկը խաղում է ինչ-որ սեփական մի դեր. նա կարող է թեթևացնել տառապանքը, նա կարող է թեթևացնել շնչառությունը։ Կան դեպքեր, երբ բժիշկը, ներկա լինելով մահվան պահին, կարող է դարձնել այդ մահը հնարավորինս թեթև։ Ես ձգտում էի բոլոր այն տարիներին, երբ բժիշկ էի, վերջին գիշերն անցկացնել մեռնողի կողքին, հենց այն բանի համար, որ նա մենակ չլինի։ Եվ երբեմն ցնցող է, թե ինչ խորությամբ երկու մարդ կարող են շփվել լռության, աղոթքի մեջ։
Եվ դա կարող է անել յուրաքանչյուր մարդ, ես կասեի, նույնիսկ «անհավատը»` մարդը, ով հավատում է մարդկությանը` ինքն իրեն որպես մարդու, ուրիշին որպես մարդու և այն շփմանը, որ գոյություն ունի իրենց միջև, այն ընդհանրությանը, որը միավորում է նրանց։ Իսկ եթե դու հավատացյալ ես, կարող ես հանգիստ գիտակցել, որ դու Քրիստոսի մեջ ես, իսկ Քրիստոսը` քո մեջ, և եթե պարզապես շփվես մի մարդու հետ ինչքան կարելի է խորապես, ապա նրան կտաս շատ ավելի մեծ բան, քան կարծում ես, որ ունես, որ տիրապետում ես։
-Սրբազան, պատմի՛ր քո մասնակցության մասին Լոնդոնի բժշկական խմբի սեմինարներին, որոնք նվիրված էին հիվանդի նկատմամբ քրիստոնեական վերաբերմունքին, գլխավորապես մահացու հիվանդի հանդեպ։
-Այդ խումբը հիմնել էր մի անգլիկան քահանա, որը խորապես և լրջորեն հետաքրքրված էր հիվանդների ճակատագրով։ Այդ սեմինարներին մասնակցում էին բժիշկները, ուսանողները և գթության քույրերը։ Եվ շեշտը դրված էր այն բանի վրա, որ հարկավոր էր «մարդկայնացնել» հարաբերությունները բժշկի և հիվանդի միջև, խորացնել հարաբերությունները, որոնք պետք է գոյություն ունենան մեռնողի և իր շրջապատի միջև։ Ես բժշկական անձնակազմին մի դասախոսություն էի կարդում տարվա ընթացքում, և դա տևեց 25 տարի։ Թեման մահվան մասին էր։ Մենք տեղափոխվում էինք մի հիվանդանոցից մյուսը, և ես ամեն անգամ շոշափում էի այդ թեման նոր տեսանկյունից, որովհետև թեման շատ բազմերանգ էր։ Սկզբում մոտենում էի թեմային հիվանդի տեսանկյունից, հետո գթության քրոջ, որը պարտավոր է լինել նրա կողքին, չնայած նա պատրաստված չէ ո՛չ մահվան գաղափարին, ո՛չ մեռնողի հետ շփմանը, հետո ընտանիքի և այն մարդկանց տեսանկյունից, ովքեր կարող են օգնել կամ չօգնել։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ



Դիտվել է՝ 2046

Մեկնաբանություններ