Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձումը

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձումը
09.05.2024 | 20:17

Քրիստոս Իր հրաշափառ հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով Աստծո արքայության մասին:
Քառասուներորդ օրը, վերջին անգամ այցելելով նրանց, Հիսուսը վերստին բացատրեց Իր աստվածային տնօրինությունների խորհուրդը, որի վկան ու մասնակիցը եղան նրանք, և պատվիրեց մնալ Երուսաղեմում մինչև Պենտեկոստեի օրը, երբ կիջնի Սուրբ Հոգին և բնակվելով նրանց մեջ՝ կառաջնորդի իրագործելու իրենց առաքելությունը ողջ աշխարհում:
Այնուհետև Իր աշակերտների հետ Քրիստոս բարձրացավ Ձիթենյաց լեռը, որտեղ օրհնեց նրանց: Եվ մինչ օրհնում էր, բոլորի աչքի առջև բարձրացավ երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտներն ապշահար դեպի երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին.
«Ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկինք: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս» (Գործ. 1.9-11):
Այս խոսքերով հրեշտակներն աշակերտներին հիշեցրին աշխարհի վախճանին Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:
Քրիստոս Իր համբարձմամբ ոչ թե հեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց, որպեսզի Սուրբ Հոգին գա և հեղվի նրանց մեջ՝ բոլորին օժտելով երկնային շնորհներով: Նա համբարձվեց, որպեսզի երկինքը երկրին միավորի և աստվածացնի ու փառավորի մարդկային բնությունը, ինչպես և ասել էր.
«Երբ Ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի Ինձ կձգեմ» (Հովհ. 12.32):
Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի երկինք տանող ճանապարհը՝ երկնքի ներքո գտնվող և մարդկանց մոլորեցնող սատանայի ու դևերի միջով:
Նա ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում առանց լքելու Իր սիրելի առաքյալներին և բոլոր նրանց, ովքեր հավատում և սիրում են Իրեն, որոնց համար ասել էր.
«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28.20):
Համբարձման տոնը Եկեղեցին նշում է Հինանց շրջանում՝ Զատիկից 40 օր անց, և 10 օր շարունակ՝ մինչև Հոգեգալուստ, պատվում այս տնօրինության հիշատակը նրան նվիրված շարականներով:

Տեր Հեթում ՀԵԹՈՒՄ

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ