ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կանչ ապաշխարության

Կանչ ապաշխարության
20.04.2024 | 15:08

Ինչի՞ է պետք այնպիսի հայրենիքը, որտեղ ՏԷՐԸ չի ապրում և մարդկանց սրտերում չի բնակվում:
Սիրելի հավատավոր հայ մարդ, մեր օրերում, Եկեղեցու մեջ գտնվող և իրենց եկեղեցու անդամ ճանաչող շատ ու շատ մարդիկ մեր գլխով անցած բոլոր վայրիվերումները հավատով քննելով ու գնահատելով, մի բնական հարց են բարձրացնում. ինչու՞ մեզ պատահեցին այս իրադարձությունները և ինչու՞ ՏԷՐԸ թույլ տվեց, որ դրանք տեղի ունենան: Հնչում են խոսքեր մեր ազգի, ժողովրդի կուտակած դարավոր մեղքերի ու դրանց պատճառով մեզ հասած պատուհասների մասին և հարցադրումներ են արվում այդ մեղքերի բեռը թոթափելու համար անհրաժեշտ ապաշխարության խորհուրդ իրականացնելու հրատապության վերաբերյալ, մանավանդ, որ շատերի համար արդեն պարզ է՝ քանի դեռ չենք մաքրվել մեր մեղքերից, անգամ մեր բազմապատկված աղոթքները կմնան անպատասխան:
«Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով: Լվացվե՛ք, մարքվե՛ք, ԻՄ Աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին» (Եսայի, 1:15-16):
Արցախի բոլոր սրբությունները թողնված են թշնամիների անարգանքին։ ՈՒ՞ր են սովորեցնող, ուղղորդող ու բժշկող հոգևոր ուսուցիչներն ու հովիվները, զինվորներին հերոսության մղող հոգևոր հզոր առանցք ունեցող զորավարները։ Արդյո՞ք նահատակության հոգին իսպառ վերացել է մեր միջից և դրա պատճառով էլ մեր մի զգալի հատվածը դարձել է չարի և նրա կամակատարների առջև խոնարհվող ու վախկոտ փախչողներ, «հպարտ, դուխով ու անձնվիրաբար» գերի հանձնվողներ: Չէ՞ որ մեր ժողովուրդը դարերի ընթացքում, երբ հեռացել է ԱՍՏԾՈՒՑ, ունեցել է նազարներ ու ցռան վերգոներ, բայց և հավատով զորացած ժամանակ էլ կապել է Խաչ պատերազմին և՛ ծնել է, և՛ իր ծոցում պահած կրում է Սասունցի Դավիթներ:
Կան մեղքեր, որ մարդիկ գործում են անհատապես՝ ՏԻՐՈՋ առջև խախտելով այս կամ այն պատվիրանը և դրանց բեռից թոթափումն էլ կարող են իրականացնել իրենց առանձնական ապաշխարությամբ: Ավաղ, իրականության մեջ քիչ չեն նաև այն դեպքերը, երբ մեղքեր են գործվում խմբերով, հանրությամբ, ազգովի, սերունդներով: Ազգովի հեռացել ենք ԱՍՏԾՈՒՑ, ուրացել մեր ճշմարիտ դավանանքը, փոխադարձ սիրո փոխարեն միմյանց ենք դավաճանել ու սպանել, հպարտացել ենք, մարդկային, նյութական զորությունների վրա ենք մեր հույսը դրել, գողացել ենք, տրվել արծաթպաշտության, մեղկության, ցոփության, շվայտության և այլն: Այս ամենից հրաժարվելու, ապաշխարելու ճանապարհն էլ պետք է անցնել միասնական, միաբանված ու համախմբված:
«Սակայն հիմա ՏԷՐՆ ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի Ի՛ՆՁ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։ Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի ՏԷՐԸ՝ ձեր ԱՍՏՎԱԾԸ, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։ Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և ԻՐ ետևից թողնի օրհնություն, հացի ընծա և հեղման գինի ՏԻՐՈՋ՝ ձեր ԱՍՏԾՈՒ համար» (Հովել, 2:12-14):
Ինչու՞ չենք ուզում տեսնել մեզանից յուրաքանչյուրի, բոլորիս, երկրի, ժողովրդի, եկեղեցու մեջ կուտակված մեր ախտերը, ապականություններն ու մեղքերը, որ հետո էլ փորձենք դրանից ազատվելու ջանքեր գործադրել։ Չէ՞ որ յուրաքանչյուրս ի սկզբանե ՏԻՐՈՋ հորինած տաղավարն է, տաճարն ու եկեղեցին և մենք ենք, որ այդ տաճարների գահերին բազմեցնում ենք կուռքերին ու հետո էլ ծառայում դրանց` արծաթասիրությամբ ու մարդահաճությամբ, կեղծավոր խոնարհությամբ ու նսեմացմամբ, տգետ «մի՛ դատիր»-ությամբ ու սուտ «օծություն»-ապաշտությամբ, ապտակահարվելուց հետո մյուս այտի անպատիվ դեմ-անելությամբ և այսպիսով կարմիր գծեր ենք ստեղծում մեր ու ՏԻՐՈՋ միջև։
«Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից» (Հովել, 2:15-16):
Մի՞թե մեր սխալների ու մեղքերի հետևանքով թույլ ենք տալու հերթական եղեռնի իրականացումը մեր հանդեպ և դրանից հետո էլ տրվելու ենք թշնամիների ու դավաճանների նկատմամբ նեմեսիսներ իրականացնելուն, երբ դա, ըստ էության, այլևս ոչինչ չի որոշելու։
Աշխարհում և մեր շուրջը տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները, բոլոր նշանները հուշում են, որ մենք գտնվում ենք Հայտնության գրքում նկարագրված Լաոդիկեի եկեղեցու ժամանկաշրջանում, որը մեզ պետք է սթափեցներ և փրկության համար մղեր ակտիվ գործունեության:
«Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ ՏԻՐՈՋԸ ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, ՏԷ՛Ր, ՔՈ ժողովրդին և ՔՈ ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, որպես ազգերի արհամարհանքի առարկա մի՛ թող. ինչու՞ ժողովուրդների մեջ ասեն. “Ո՞ւր է նրանց ԱՍՏՎԱԾԸ”»։ Այն ժամանակ ՏԷՐԸ նախանձախնդիր եղավ ԻՐ երկրի համար, գթաց ԻՐ ժողովրդին» (Հովել, 2:17-18):
Սուրբ Գիրքը մեզ միշտ սովորեցնում է, որ միայն ապաշխարությամբ է հնարավոր ձերբազատվել բոլոր կապանքներից ու կախվածություններից, սակայն բանը հասել է այնտեղ, որ աղոթքի ու ապաշխարության խոսք ասողների մասին հայտարարում են, թե կասկածելի է, արդյոք ու՞մ կողմից են առաջնորդվում այդպիսի կոչեր անողները, միգուցե չարի կողմի՞ց են առաջնորդվում: Մի՞թե չարն ինքն իր տերության, իշխանության առաջին քանդողը կդառնա, որ այդպիսի բաներ անի։
«Եվ եթե սատանան ինքն իր դեմ դուրս գա և բաժանված լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է» (Մարկոս, 3:26):
Օրախնդիր է դարձել, որ վերջապես ազգովի աղաղակելով դիմենք ՏԻՐՈՋԸ, որ ՆԱ ս. Լուսավորչի ու ս. Տրդատի գահերին արժանացնի նրանց նվիրյալ, հավատարիմ և օրինավոր ժառանգներին, որ ապաշխարության հոգի դնի ամեն մեկիս հոգում, սրտում, մտքում, որ ազգովի ապաշխարենք ու ազգովի էլ դարձի գանք դեպի մեր ՏԷՐ ու ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ, որ նորից քրիստոնյա ժողովուրդ կոչվենք ու մեր երկիրն էլ քրիստոնյա երկիր ճանաչվի, որ ՏԻՐՈՋ ողջ Արարչագործությունը՝ մարդկությունն ու տիեզերքը տեսնեն ու հասկանան, որ ՆԱ է մեր միակ ՏԷՐ ԱՍՏՎԱԾԸ և մենք էլ ՆՐԱ սեփական ժողովուրդն ենք։ Ապա թե ոչ, ինչի՞ է պետք այնպիսի հայրենիքը, որտեղ ՏԷՐԸ չի ապրում և մարդկանց սրտերում չի բնակվում:
Մեր սուրբ Աբգար արքան առաջինն էր, ով ՀԻՍՈՒՍԻՆ հրավիրում էր մեր երկիր, եկեք այսօր էլ մենք մաքրվելով մեր նախնիներից ժառանգած ու մեր հոգիների վրա ծանրացած սեփական մեղքերի ներկայիս բեռից, փորձենք նորից մեր ՏԻՐՈՋԸ կանչել մեր երկիր:
«Եկե՛ք ԻՆՁ մոտ, բոլոր հոգնածներդ և ԵՍ ձեզ հանգիստ կտամ (Մատթեոս, 11:28):
Ի վերջո ՏԻՐՈՋ առջև անխտիր պատասխան ենք տալու բոլորս, անկախ նրանից հավատացել ենք, թե ոչ կամ էլ, թե ինչի ենք հավատացել։ Հիմա է, որ պետք են իրական հավատի գործեր՝ աղոթք, դարձ, ապաշխարություն կատարել, ՏԻՐՈՋ հետ մեր հարաբերությունները կարգավորելու, ՆՐԱ հետ մեր ուխտը վերականգնելու, ՆՐԱ եկեղեցու զորացման համար և ծառացած խնդիրները լուծելու նախանձախնդրություն ու պատրաստակամություն դրսևորել:
Ազգի անկումն սկսվում է տաճարից (տաճարը դա և՛ առանձին մարդն է և՛ քարեղեն շինությունը), անցնում ընտանիքներին ապա պետությանը: Վերականգնումն էլ նույն հաջորդականությամբ պետք է լինի` նախ տաճարը, ապա ընտանիքներն ու հետո պետությունը։ Աղոթենք, որ ամեն մի հովիվ իր հոտին խնամելու, ուղղորդելու և բժշկելու նպատակով արժանիորեն կրի ՏԻՐՈՋ կողմից իրեն վիճակված հովվական ցուպը։ Միայն մեր միաբանված ապաշխարությամբ վերքերից կբժշկվի ու կփրկվի Հայկի երկիր Հայաստանը։
«Եվ ԵՍ ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, ԻՄ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր վրա (Հովել, 2:25):
Ապաշխարենք ու ապավինենք մեր ՏԻՐՈՋԸ և ՆԱ մեզ զորավիգ կլինի մեր կյանքի բոլոր քառուղիներում և դժվարությունները կհաղթահարենք ու կանցնենք ՆՐԱ հետ միասին:
Մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և ՏԷՐ ԱՍՏՎԱԾ կպայքարի քեզ հետ (Սիրաք, 4:29):
Հիմա է, որ պետք է մեր սուրբ զորավար Վարդան Մամիկոնյանի խոսքերը հնչեցնենք և ի գործ կանչենք.
- Մինչև ե՞րբ հանդուրժենք, որ ճշմարտությունը թաքցվի և մենք կորչենք: Այս լուրը ելել-տարածվել, լցվել է ամեն տեղ: Պետք է գնանք հայտնի լույսով, իբրև ցերեկ ժամանակ և կոչվենք լույսի որդիներ:
Եվ եթե ուզում ենք նորից ՏԻՐՈՋ ժողովուրդ ճանաչվենք ու լինենք ՆՐԱ Հոգատար Հովանու ներքո՝ պետք է դառնանք դեպի ՆԱ և մեզ հետ կլինի այն պահապան Զորությունը, որի մասին ասել է Սաղմոսերգուն.
ՔՈ կողքին հազարներ կընկնեն և քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա (Սաղմոս, 90:7):

«Միաբանություն վասն ապաշխարության»

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ