ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մայրը յուրաքանչյուր ընտանիքի չօծված քահանան է

Մայրը յուրաքանչյուր ընտանիքի չօծված քահանան է
14.04.2024 | 09:48

Տարիներ առաջ, իսկ եթե ավելի հստակ 2005 թվականին, երբ 10-րդ դասարանի ավարտական շեմին էի մոտեցել և պատրաստվում էի Գևորգյան հոգևոր ճեմարանի ընդունելության քնություններին, իմ կյանքի այդ կարևոր շրջանում, երբ ընկել էի հուսահատության մեջ, երբ չէի հասցնում գրականության, պատմության, անգլերենի և հայոց լեզվի առարկայական ծրագրերը պարապել և ծնողներս միայն կարողացել էին հոգալ հայոց լեզվի պարապունքների գումարը, սիրտս հուսահատությունից դողում էր, կամ գուցե վախից: Այս փուլում մայրս էր, որ մինչ օրս հիշում եմ նրա խոսքերը և ձայնը, որ շատ վստահ և հուսադրող ձայնով ինձ հետ խոսելով ասաց.
«Տղա՛ս այս կյանքում թույլ մարդը տեղ չունի, հավատա՛ քեզ և եթե նպատակ ունես վազիր քո նպատակի հետևից»:
Ժամանակ անցավ, ընդունվեցի ճեմարան, քննությունները հանձնեցի գերազանց և շարունակում եմ այսօր իմ ծառայությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես քահանա:
Մեր այս դժվար կյանքում և աշխարհում Աստված միշտ մեզ օգնում է մարդկանց միջոցով, Ավետարանը մեզ փոխանցում է, երբ Քրիստոս խաչը տանելուց հոգնեց, իրեն օգնեց Սիմեոն Կյուրենացին, և մինչ Քրիստոս կհանգստանար և շունչ կքաշեր, Սիմեոնը խաչը ուսին դրած քայլում էր առաջ:
Իմ կյանքում էլ այդ մարդը մայրս է, ով իմ խաչը միշտ վերցնում է այն ժամանակ, երբ ուժերս սպառվում են, բայց մայրս անկոտրում կերպով քայլում է առաջ, մինչև ես կհանգստանամ և կկանգնեմ:
Վստահ եմ, որ բոլորդ տեսել եք Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը:
Իսկ եթե չեք տեսել, ապա անպայման դիտեք:
Ահա այս ֆիլմը մորս ամենասիրված ֆիլմերից է, բայց ոչ միայն այն պատճառով, որ այն պատմում է ցեղասպանությունից վերապրած մի հայ ընտանիքի կյանքի մասին, այլ նաև, որ ինչ մեծ դեր ուներ այդ ընտանիքի մայրը և ինչպես էր ամեն կերպ, ջանք չխնայելով մտածում և հոգ տանում իր ընտանքի և հատկապես իր որդու համար: Տարիներն անցան և այդ մայրը, որ արդեն ծեր էր և որդին հոգ էր տանում իր մոր մասին, որպեսզի մայրը վայելի իր խոր ծերությունը, երբ տղան դուրս է գալիս տանից մայրը գոռում է` «Ազատ վերարկուդ կվերցնես, որպեսզի չմրսես»: Ֆիլմի այս հատվածը մորս սիրված պահն է:
Մայրն է, որ մեզ հավատք է տվել սիրելու եկեղեցին, հայրենիքը, ընտանիքը, սրբությունները և հիմա, երբ մի փոքր հասունացել ենք, նոր ենք հասկանում, թե ինչու էր Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսն ասում, որ մայրը յուրաքանչյուր ընտանիքի չօծված քահանան է:
Լուսանկարում պատկերված է մայրս:
Այս տարվա ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին եկել էր, որպեսզի հարության լույսը տաներ տուն, երբ մոմով լույսը վերցնում էր նայում էի մորս երեսին և հասկանում, որ Աստված իրական լույսը փոխանցեց ինձ իր միջոցով:
Ավելի հոգատար լինենք մեր ծնողների նկատմամբ, պատվենք նրանց և պատահական չի, որ 10 պատվիրանների մեջ տեսնում ենք հետևյալ պատվիրանը`
«Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված է տալու քեզ» (Ելք 21:12):

Տեր ՀԵԹՈՒՄ ՀԵԹՈՒՄ

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ