ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր պարտությունը

Մեր պարտությունը
27.03.2024 | 19:17

Հետադարձ հայացք ձգելով մեր անկախության տարիներին, մեր ոչ հեռու անցյալին, վերագնահատելով բոլոր անցուդարձերը, որ տեղի ունեցան մեր սերնդի հետ, առաջին միտքը լինում է այն, որ մի՞թե մի ազգ ու սերունդ այնքան անմիտ, անհեռատես կարող է լինել, որ թույլ տվեց իր նկատմամբ այսքան անտրամաբանական, անմիտ ու դավադիր ծրագրերի իրականացումը և ինքն էլ մասնակից, դերակատար եղավ դրան:

Ինչու՞ մեր մեջ չգտնվեցին քիչ թե շատ ազնիվ հետևողական նվիրյալներ, որ առաջնորդեին, ուղղորդեին, սովորեցնեին ու նախանձախնդրությամբ բոլոր քառուղիներից անցկացնեին ԱՍՏԾՈՒ այս ժողովրդին:
«Ահա ԵՍ ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ: Այսուհետև խորագետ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների նման» (Մատթեոսի 10:16):
Միամիտ աղավնիների նման եղավ ժողովուրդը, իսկ նրա ծոցից դուրս եկած առաջնորդներն ու ուսուցիչները, որոնք նախ իրենք ընկան գայթակղության ու մոլորության մեջ և կորստի ճանապարհով տարան իրենց հետևող մարդկանց, եղան Դրախտում Եվային խաբող այն օձի պես՝ ԱՍՏԾՈՒՆ հակառակ դաձնելով մի ողջ ժողովրդի:
Ինչպե՞ս ստացվեց, որ մենք եղանք միայն որպես միամիտ աղավնիներ, իսկ մեր հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները, որպես ոչ թե խորագետ, այլ խորամանկ ու խարդախ օձեր:
1988-ի համազգային շարժման օրերին ողջ ազգով դարձել էինք միաբանված, նույն խնդիրներն ու մտահոգությունները կրող, գալիքի նույնանման տեսլականով, հույսերով ու հավատով: Մեծամասնությանը հիմնականում նույն մղումներն էին առաջնորդում: Տեղի էր ունենում ինքնամաքրման բուռն երևույթ: ՈՒ զում էինք սիրով լցված լինել մեր մերձավորների հանդեպ, լինել ավելի լավ, բարի, ազնիվ ու արդար միմյանց ու աշխարհի հանդեպ:
ՏԷՐԸ մեծագույն ողորմություն արեց մեզ՝ շնորհելով հաղթանակ Արցախում, պատմական հայրենիքի ազատագրված տարածքներ, անկախության պայմաններում ապրելու, արդար ու բարեպաշտ պետություն ստեղծելու հնարավորություն:
«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա և գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրված ու կարգի բերված: Այն ժամանակ գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր, այսպես պիտի լինի և այս չար սերնդին» (Մատթեոսի 12:39-41):
Ավաղ, մաքրված ու դատարկ մնացած մեր ներսը չլցվեց հոգևոր բարձր արժեքներով՝ Աստվածգիտությամբ, ճշմարիտ հավատով:

Մեր մեջ ամբողջ թափով խցկվեցին դիվական զորությունները՝ հպարտություն, նախանձ, արծաթսիրություն, ագահություն, բազմաստվածություն (տարատեսակ աղանդների տեսքով), գողություն, կաշառակերություն, ստախոսություն:

Ի հայտ եկան հասարակական, քաղաքական, աշխարհիկ ու հոգևոր գործիչներ, որոնք տարբեր նյութական բարիքներ տենչալով և հետագայում դրանք ձեռք բերելու մղումով, օգտագործելով դիվական բոլոր հնարամտությունները՝ սուտ խոստումներով, խաբելով, ընտրակաշառքով, ընտրակեղծիքներով, «100 %-անոց» զոռբայությամբ, բռնությամբ, սպանությամբ, կամայական որոշումներով սրընթաց գնում էին կարիերային վերելքի ուղիով, ոտատակ տալով ամեն մի ավանդական, հոգևոր, ազգային նաև համամարդկային արժեք:
Այս ընթացքում փոշիացվեց խորհրդային տարիներին մի քանի սերունդների ջանքերով ու ներդրումներով մեր երկրում ստեղծված և կուտակված նյութական, տնտեսական ամբողջ կապիտալը՝ գործարանները, ֆաբրիկաները, գյուղատնտեսական միավորումները, դրանց մեջ եղած ողջ մեքենայական ու հաստոցային պարկը, քանդվեցին դեռևս անավարտ մնացած ռազմավարական նշանակության կառույցները, հիմնարկ ձեռնարկությունները և այլն:

Կարծես չար կախարդի վայրագությամբ ավերակի վերածվեց ամեն ինչ: Հարստություն ձեռք բերելու անհագ մոլուցքով զավթվում էր ամեն շարժական կամ անշարժ գույք:

Հիմքեր դրվեցին հասարակության տարբեր խավերին ու շերտերին փչացնելու, այլասերելու անխնա ճզմող մամլիչներով պետական կառույցների (ուժային, ռազմական, դատական, օրենսդիր և այլն) մի ամբողջական համակարգի:

Կանաչ լույս վառեցին մականունավոր թաղային հեղինակությունների առջև, որոնք հռչակելով «մեր դեմ խաղ չկա», «մերն ուրիշ ա» «մենք ենք, որ կանք» կարգախոսները՝ դրանց համապատասխան էլ գործեցին ամբողջ թափով: Նախկին հերոս ռազմական ու քաղաքական գործիչները վերածվելով մեծ ու փոքր «մարկիզ կարաբասների», անհագ ու անկուշտ պիրանիա ձկների պես կլանում էին ամեն ինչ՝ թե՛ ՀՀ-ում, և թե՛ Արցախում, սովորական, հասարակ քաղաքացիներին զրկելով թեկուզ չնչին չափով իրենց մասի ու բաժնի վրա յուրաքանչյուրի տեր լինելու գիտակցումից:

Հետագայում, երբ խնդիր առաջացավ պաշտպանելու Արցախը, շատերը հենց այդպես էլ հարցադրեցին, թե ինչու՞ պետք է պաշտպանեն այդ կարաբասների սեփականությունը, որն ամեն դեպքում, իհարկե մերժելի ու անընդունելի մոտեցում է:
Պատերազմներում ազգերն ու երկրները, երբ պարտություն են կրում, ապա դա տեղի է ունենում նախ և առաջ հոգևոր դաշտում, հետո նոր միայն՝ ռազմադաշտում:
ՏԷՐԸ մեզ սկզբում հաղթանակ շնորհեց, երբ չունեինք ոչ մարդկային մեծ ռեսուրս, ոչ զենքի անհրաժեշտ տեսականի ու պաշար, ոչ հովանավորություն և աջակցություն, այլ միայն հաղթանակի կամք, նպատակ և որոշակի չափով համախմբվածություն ու արդարության ձգտում: Բոլոր այն հաղթանակները, որոնք ձեռք են բերվում սակավ ուժերով, նվազագույն կորուստներով և անգամ առանց կորուստների, դրանք միանշանակ ԱՍՏԾՈՒՑ են: Մեզանից հասնում է միայն թույլ տանք մեր ՏԻՐՈՋԸ, որ մեզ ԻՐ պաշտպանության տակ առնի, քանի որ ոչ թե մենք ենք հաղթում, այլ հենց ԻՆՔԸ՝ ՔՐԻՍՏՈՍԸ: Մեր բոլոր հաղթանակները՝ ՆՐԱՆՈՎ են և պարտություններն էլ առանց ԻՐԵՆ լինելուց են:
Հուդան սկսեց նրանց քաջալերել ու ասաց. «ԱՍՏԾՈՒ համար դյուրին գործ է շատ մարդկանց մատնել քչերի ձեռքը: Երկնավորի համար տարբերություն չկա շատի ու քչի միջև, որովհետև հաղթանակը ձեռք է բերվում ոչ թե շատ զորքով, այլ այն Զորությամբ, որ երկնքից է գալիս» (Ա Մակաբայեցի 3:18-19):
Իսկ մենք հպարտացած, այդ հաղթանակները վերագրեցինք մեր խելքին, ճարպկությանը, քաջությանը, թշնամու վախկոտությանը, ապաշնորհությանը, չգիտակցելով, որ վախն ու քաջությունը, որոնք միևնույն մարդուն, ազգին կարող են պատել տարբեր հանգամանքներում՝ ՏԻՐՈՋԻՑ է:
Հաղթելով պատերազմի դաշտում, հետագա մեր բոլոր առաջնորդների ապիկար ու դավադիր գործունեության արդյունքում, երբ նրանց հիմնական մղումները բխում էին միայն գռփած և կուտակած սեփական ունեցվածքի պահպանությունից, տանուլ տվեցինք միջազգային քաղաքական ասպարեզում, տանուլ տվեցինք բանակաշինության հարցում, տանուլ տվեցինք աճող սերնդի հոգևոր բարոյական պատրաստության աճի հարցում, տանուլ տվեցինք ռազմական արդյունաբերության զարգացման հարցում, տանուլ տվեցինք կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության բոլոր ուղղություններում:

Տեղին է համեմատել այդ վայ առաջնորդներին Աստվածաշնչի հետևյալ հատվածում ներկայացված կերպարի հետ.
«Երբ թշնամին կամեցել է հարձակվել նրանց երկրի վրա ու ձեռք մեկնել նրանց սրբություններին, այդ ժամանակ վեր է կացել Շմավոնը, հանուն իր ազգի պատերազմ մղել, իր մեծ հարստությունը ծախսել, որ իր ազգի համար կռվողներին սպառազինի, պարեն կուտակի ու զինվորներին թոշակ վճարի» (Ա Մակաբայեցիներ 14:29-30):
Խոսքերն ավելորդ են…
Ի՞նչ արեցին ժողովրդի նեղությունների, զրկանքների, կորուստների ֆոնին հարստացած քաղաքական ու ռազմական ղեկավարները, նրանցից քանի՞սը նմանվեցին Շմավոն Մակաբայեցուն կամ էլ եղան մեր հերոս նախնիների արժանի ժառանգներ:
Եթե նախկին իշխանությունները նմանվեցին չինական հայտնի հեքիաթի հերոսներին, որոնք հարստությունից գայթակղված վերածվեցին վիշապների և ամեն մեկը սեփականցրեց մի որևէ ոլորտ կամ սնուցման աղբյուր ու դրանցից օգտվելու համար ժողովրդից զոհեր էին պահանջում, ապա ներկա իշխանություններն էլ դարձել են հունական առասպելի «գորգոն մեդուզաները», երբ իրենց հայացքը դարձնում են որևէ ոլորտի ուղղությամբ՝ այնտեղ ամեն ինչ չորանում է, քարանում և ավերվում:
Գայթակղության մեջ գցելով Ժողովրդին, սովորեցրին նույն արժեքներով առաջնորդվել՝ ոչ թե ԱՍՏԾՈՒՆ փնտրել, ՆՐԱՆ ապավինելով՝ ՏԷՐ ու ՓՐԿԻՉ ընդունել, այլ շարունակ գնալ ընտրությունների՝ չարյաց փոքրագույնն ընտրելով, եղած մարդկանցից իրենց համար «փրկիչներ» կերտելու: Տարբեր ծավալներով զանգվածների համար ի հայտ եկան տարբեր տրամաչափերի փրկիչ-հեղինակություններ՝ Լևոն, Վազգեն, Կարեն, Ռոբերտ, Սերժ, Արթուր, Արտաշես, Ստեփան, Րաֆֆի, Կարապետիչ, Նիկոլ և այլք:
Արդյունքում ժողովուրդը նրանց ոտքերի առաջ մատաղներ էր անում, ուսերի վրա դրած ման էր տալիս, ձեռքերն համբուրում, նրանց համար դոշ տալիս, նրանց մատերի թափահարումով պարում ու պաշտում ինչպես կուռքերի: Մեկի կերակրատաշտից սնվում էին, նրա արևով երդվում, մի ուրիշի օգտին իրենց քվեն էին տալիս՝ ընտրակաշառքի դիմաց, և մի երրորդի բողոքի ակցիաներին էլ գնում էին մասնակցելու՝ իբրև թե հանուն արդարության:
«Անձամբ թագավորներ կարգեցին, բայց ոչ ԻՄ միջոցով, տիրեցին, բայց ցույց չտվեցին ԻՆՁ, իրենց արծաթից ու ոսկուց կուռքեր շինեցին իրենց, որպեսզի կործանվեն» (ՕսԷԷ 8:4):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Միաբանություն վասն ապաշխարության

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ