«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Մենք ենք մեր մեղքերը-2

Մենք ենք մեր մեղքերը-2
21.01.2024 | 09:05

(սկիզբը` այստեղ)

Մինչև ե՞րբ ենք գնալու ընտրությունների մեկ նպատակով` չարյաց փոքրագույնին ընտրելու խնդրով և որպես արդյունք, Տիրոջ թույլատու կամքով մեր ղեկավարները շարունակ լինում են փոքր կամ մեծ չարիքներ (ԻՄ ժողովրդի իշխաններն Ինձ չճանաչեցին, որովհետև նրանք ոչ թե խելացի, այլ անմիտ որդիներ են. չարություն անելիս իմաստուն են, իսկ բարի բան կատարել չգիտեն, Երեմիա 4:22)։
Մինչև ե՞րբ ապականենք, համատարած աղբանոցի վերածենք Աստծո կողմից մեզ շնորհված դրախտային երկիրը, ուր մեր սուրբ Աբգար արքան հրավիրում էր բնակվելու հենց Իրեն` մեր Տեր Հիսուսին։ (Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում, որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը, Ղուկաս 6:48 )։
Մինչև ե՞րբ ենք որպես անեծք ասելու` «երկիրը երկիր չի» և լսելու ենք անհայրենիք տնաքանդության հայտնի ասացվածքը` թե «որտեղ հաց, էնտեղ կաց» և սերնդեսերունդ լքում ենք հայրենիքն ու կկուների պես գնում օտարների սարքած բարվոք բներում ապրելու և, արդեն, ապրելով նրանց մեջ, որպես կարգախոս ունենում ենք «որ երկիրը մտնես, այնտեղի գդակը դիր» արտահայությունը։
Մինչև ե՞րբ պետք է հանդուրժողականություն ցուցաբերենք բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց և ուրիշների խաբեբայությունը, ալան-թալանը, գողությունը, կաշառակերությունը, մարդասպանությունը արդարացնում են «բա՜ երեխա ենք պահում» խոսքերով (Խուսափեցե՛ք նրանց կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկանք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից, Ղևտական 18:28)։
Մինչև ե՞րբ Տիրոջ Խաչի զորության փոխարեն ապավինենք կախարդների, մոմ թափողների, աստղագուշակների, աչքի ուլունքների և այլն:

Մինչև ե՞րբ ազգային սնապարծությամբ տարված շարունակ կուրծք ծեծենք, թե առաջինն ենք քրիստոնեություն ընդունել և դրա հետ միաժամանակ տարիներով եկեղեցի չմտնենք, չհասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Սուրբ Պատարագը: Եկեղեցի մտնելուց հետո էլ բացարձակ պատկերացում չունենանք, թե ինչպես պետք է մեզ արժանավայել պահենք Տիրոջ տաճարում: Եկեղեցի գնանք տոնից տոն, այն էլ երբ ինչ-որ բան կա տուն տանելու՝ օրհնած ջուր, ճրագ, ձեթ, ձու, խաղող, նուռ և որ քրիստոնյա լինելն ու կոչվելը միայն մատաղ անելն ու մոմ վառելը չէ և որ հաստ խուրձերով մոմերից հրդեհ սարքելով չէ, որ հավատացյալ են դառնում։
Մինչև ե՞րբ մեր հոգևոր հովիվների մի որոշ մասը Տիրոջ կողմից իրենց խնամքին հանձնված հոտերի հանդեպ հոգատարություն չկարողանա ցուցաբերել՝ կատարելով միայն ծիսական պարտականություներ, չկարողանալով հավատացյալ ժողովրդին Տիրոջ մոտ տանող ճանապարհները բացահայտել (Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիվ, որ աչքաթող ես անում քո հոտը, Զաքարիա 11։16)։
Մինչև ե՞րբ սուրբ Լուսավորչի ու սուրբ Տրդատի գահերին մեր մեղքերի պատճառով բազմեն անարժան ժառանգներն ու անիրավ տնտեսները (թող Տերը նրանց թողություն տա, իմաստնացնի ու շնորհների արժանացնի ժողովրդին ճիշտ առաջնորդելու համար) և իրենց խնամքին հանձնված ժողովրդի հանդեպ քամահրանքով ու անհոգությամբ, Հին Կտակարանի Հերոբովամ արքայի նման մեզ տանեն գայթակղության ու մոլորության ճանապարհով, կորստի մատնեն: Չէ՞ որ ինչպես Հին Կտակարանում բազմիցս նշված է, հաճախ արքաների ու քահանայապետերի գործած մեղքերի դիմաց ժողովուրդն է հատուցում (Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասավորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։ Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցվում է հզորների իմաստութեամբ։ Երկրի իշխանութիւնը Տիրոջ ձեռքին է. Նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանութեան։ Սիրաք 9:2-4)։
Մինչև ե՞րբ մեր քահանայապետը խուսափի ու հեռու մնա Տիրոջ առջև մեր դարավոր մեղքերը խոստովանելու և Նրանից թողություն հայցելու համար հավատացյալ ժողովրդին աղոթքի ու ապաշխարության կոչելու, հավաքելու մտքից (Վա՜յ ձեզ՝ օրենսգետների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները, դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք։ Ղուկաս 11։50)։
Մինչև ե՞րբ անհիմն դատողություններ լսենք, թե՛ աղոթքի և թե՛ ապաշխարության խորհուրդների՝ իբրև թե խիստ անհատական բնույթի մասին, միգուցե սա ասողները ներքուստ, ենթագիտակցաբար հավատում են աղոթքի իրական զորությանն ու հետևանքներին և վախ ունեն, որ հանկարծ չլինի թե ի պատասխան ժողովրդի միաբանված աղոթքների, Տերը ոմանց զրկի դիրքից ու հարմարավետ վիճակից (Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար Իմ Հոր կողմից, որ երկնքում է, որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ։ Մատթէոս 18:19-20 )։
Մինչև ե՞րբ մեր ժողովուրդն իր համար կեղծ ու փուչ «փրկիչներ» պեղի մասոն, վոյին, խաղամոլ, հպարտ, ստախոս, ագահ ու չտես, մանկությունից բարդույթավորված, անաստված մարդկանց միջից և դրանց վստահելով, հետևելով, սևերի ու սպիտակների բաժանված, որպես հպարտ քաղաքացիներ միմյանց բզկտելով` կորուստների, կործանման ճանապարհով գնա դեպի պարտություն (Իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառն. հիմա պիտի փսխեմ քեզ Իմ բերանից, քանի որ ասում ես. «Հպարտ եմ եւ առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ». բայց չգիտես, թե ողորմելի ես դու, թշվառ և աղքատ, մերկ և կույր։ Հայտնություն, 3:16-17)։
Մինչև ե՞րբ ժողովուրդը հույսը դնի իր ծոցից դուրս եկած հերոսների վրա, որոնք արագ վերածվում են աղբյուրների ակունքները փակող, զոհեր պահանջող վիշապների՝ իրենց կարգախոսով. «լավ ապրեմ, որ լավ ուտեմ, լավ ուտեմ, որ լավ ապրեմ» (Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ»։ Երեմիա 17:5)։

Մինչև ե՞րբ Տիրոջ շնորհով հաղթանակներ ունենանք, բայց մեր անհավատության, հպարտության ու կարճամտության պատճառով, հակառակորդին ծաղրելով հայտարարենք, թե «մունք անք թխալ» ու թե «մեր դեմ խաղ չկա»… և դառը պարտությունների հանգենք (Այն ժամանակ Հուդան, ձեռքերը

երկինք պարզած, դիմեց հրաշագործ Տիրոջը, Որը հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ Իր իրավադատ կամքի այն մարդկանց, որ արժանի են Իրեն։ Բ Մակաբեացոց 15։21։ Եթե թշնամիդ ցած գլորվի, մի՛ տրորիր նրան, և եթե սայթաքի, ամբարտավանությամբ մի՛ վարվիր նրա հետ, քանզի Տերը կտեսնի, և դա հաճո չի լինի Նրան, և Իր բարկությունը կհեռացնի նրանից։ Առակներ 24:17-18։ Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես զորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանզի Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը Բ Մնացորդաց, 25:8)։
Մինչև ե՞րբ փողը՝ մամոնան, պիտի մնա մեր ժողովրդի՝ ծայրահեղ աղքատներից մինչև ծայրահեղ հարուստների պաշտամունքի կուռքը:
Մինչև ե՞րբ մեր անմնացորդ հավատով, սիրով, վստահությամբ ու երկյուղով չապավինենք մեր Տեր Հիսուսին: Չէ որ Նա ոչ միայն մարդասեր է, գթառատ ու ողորմած, այլ նաև ատելություն ունի և ահավոր է (Արդ այս գործերն արա, որպեսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես։ Հայտն., 2։6, Նույնպես և դու ունես նիկողայոսյանների վարդապետությունը, որ Ես ատում եմ։ Հայտն., 2։15)։
Մինչև ե՞րբ «արցախցի ու հայաստանցի» շինծու հակամարտության թույնով ներարկված, սևերի ու սպիտակների պառակտված միմյանց բզկտենք ու մեր ընդհանուր հայրենիքը վտանգենք:
Մինչև ե՞րբ կրկնենք մեր նախնիների սխալները այս կամ այն հովանավորին փարվելու կողմնորոշման հարցում` գնանք Տիզբո՞ն, թե՞ Բյուզանդիա, Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա, երբ Աստված է բոլորից վերև։
Այս ամենից հետո տեղին է հիշել նաև Սուրբ Գրքի հետևյալ խոսքերը.
Ղևտական 26։39-41 Ձեզնից վերապրածներն իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորվեն իրենց թշնամիների երկրում և իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն: Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզվեն, որ հանցանք են գործել և արհամարհել են Ինձ. նրանք հակառակվեցին Ինձ, Ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում: Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, և իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրությունը: Ղևտական, 26։39-41:
Քրիստոնյա Հայաստանը սկսվում է քրիստոնյա եկեղեցուց, ձևավորվում է քրիստոնյա ընտանիքներում և կայանում է քրիստոնյա ժողովրդով:
Լրիվ միայնակ ենք երկրի վրա, և ոչ ոք չկա, որ մեզ հովանավորի ու սատարի՝ Աստծուց բացի, իսկ մենք Նրան չենք դիմում՝ մեր տկար հավատի պատճառով: (Եկէ՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ։ Մատթէոս, 11:28, «Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթությամբ պիտի ողորմեմ քեզ։ Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց հավիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»։ Այդպէս ասաց Տերը, որ փրկեց քեզ։ Եսայի, 54:7-8)։
Անհնարին է, որ անհնարին լինի մեր ազգի դարձը` Տիրոջ զորությամբ։
Դեմքով դառնանք դեպի մեր Փրկիչը, գնանք դեպի Նա, ապաշխարենք, լինենք
աղոթքի մեջ, և Նա կմիջամտի, մեր ուսերից կթոթափի մեր մեղքերի բեռը։ Ավելի քիչ հույս դնենք մեր սեփական բանականության ու դատողության վրա, որը թուլացնում է պարզ հավատը: Փոքր խնդիրները ինքներս լուծենք, իսկ մեծերի համար երկյուղով ու սիրով ապավինենք մեր Տեր Աստծուն այնքան, որ ամբողջությամբ հույսներս դնենք Նրա վրա, ապա թե ոչ մեզ չի հաջողվի խուսափել նեղություններից: Երկյուղն Աստծուց և միավորումը Նրա հետ ամեն վախկոտի դարձնում է անվախ:
Ազգովի աղերսենք Տիրոջը, որ Իր ներկայությամբ, Իր զորակցությամբ, Իր հովանավորությամբ օգնի մեզ՝ հաղթահարելու դեպի Իրեն բերող արդարության, ճշմարտության ու սիրո ճանապարհի վրա մեր դեմ ծառացող դիվական ու մարդկային ծագումով ամեն մի խոչընդոտ։
Տիրոջ հետ լինելով է մեր ամեն մի հաղթանակ և առանց Նրա մնալուց է ամեն պարտություն։
Եվ Նրան Իր սուրբ Հոր ու սուրբ Հոգու հետ միասին հավերժ փառք, օրհնություն ու երկրպագություն հավիտյանս։ Ամեն։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ