«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Արցախի Թեմի վանքերը սպասելու են հայ հավատացյալներին

Արցախի Թեմի վանքերը սպասելու են հայ հավատացյալներին
05.01.2024 | 17:45

-Քրիստոս ծնավ և հայտնեցավ։

-Մեզ և Ձեզ մեծ Ավետիս , -կլինի պատասխանը:

Այսօր Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և անմահ Պատարագ: Իսկ վաղը նշելու ենք Քրիստոսի Սբ Ծննդյան տոնը, եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ: Թո՛ղ որ Սուրբ և անմահ Պատարագի հնչյունները սփռվեն Հայոց աշխարհի վրա, և մենք կարողանանք մեր նախնյաց ավանդած արժեքները վերականգնել մեր մեջ ու պատմական բնօրրանի այս վերջին փոքրիկ բեկորի վրա մեր արմատները զգալով` կարողանանք հաղթել գոյաբանական այս ծանր պայքարում։

Հիշենք, որ Հայաստանն այն երկիրն է, որն առաջինը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն` իր թիկունքին ունենալով հազարամյակների քաղաքակրթություն, որտեղ եղել է ազգային արժեքների մի հզոր համակարգ։ Դրա վկայություններից մեկը Հայոց դիցարանն է, ուր հստակ երևում է Հայի ազգային-ընտանեկան ողջ համակարգը` հիմնված առաքինությունների վրա։ Եվ Հայոց եկեղեցու առաջին հայրերը դրանք համադրեցին քրիստոնեության հետ , որ այդ արժեքները չկորչեին դարերի փորձություններում և հոլովույթներում։

Վաղը, երբ Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում կհնչի Սուրբ և անմահ Պատարգը, հիշենք, թե ո՛վ ենք եղել և հիմա ինչպիսի հայրենիք պարտք մնացինք սերունդներին և ի՜նչ քաջեր անմահացան, որ սերունդները ևս հայրենիք ունենան, չդառնանք պետություն չունեցող հին ժողովուրդ։

Հիշենք, որ եղել է ու կա Արցախը, որը ոչ մի կերպ չպիտի կարողանան ջնջել մեր հավաքական ազգային գիտակցությունից։

Արցախի սրբազան Հողում անմահացան մեր հազարավոր եղբայրները, և այդ հողը սպասելու է իր բնիկ տիրոջ վերադարձին։

Այսօր արցախցին իր իրավունքի համար պայքարող ժողովուրդ է, և այդ պայքարին հետամուտ պետք է լինենք, ինչքան էլ ժամանակ անցնի։

Արցախը եղել է մարդկային քաղաքակրթության օրրաններից մեկը, որտեղ ստեղծվել է համաքրիստոնեական նշանակություն ունեցող մշակութային ժառանգություն` իր ճարտարապետական հուշարձաններով ու գրչության կենտրոններով։

Եվ մենք ամեն կերպ պետք է լինենք այն նվիրյալ գիտնականների խմբերի կողքին, ովքեր հենց այսօր էլ ծանրագույն պայքար են տանում, որ թշնամու վերահսկողության տակ հայտնված մեր քաղաքակրթական ժառանգությունը չենթարկվի վանդալիզմի։

Արցախի Թեմին պատկանող մեր հնավանդ վանքերում չի հնչում Սուրբ և Անմահ Պատարագը։ Բայց Արցախի Թեմը պետք է կենդանի պահենք մեր ազգային կյանքում` պայքարելով ու հավատալով, որ պատմական արդարության վերականգնում լինելու է։ Լինելու է, որովհետև կա իր մայր հողից տեղահանված, սակայն իր ոգին պահպանող արցախցին։

Կուզենայի, որ մենք և աշխարհի ամեն անկյունում ապրող մեր հայրենակիցները իբրև բանաձև հիշենք արցախցիների խոսքերը, որոնք մեզ գրում էին անգամ այն ժամանակ, երբ կատարվել էր Արցախի բռնի հայաթափումը.

-Գալիս ենք ձեզ հետ միասին պայքարելու...

Եկել են, որ միասին պայքարենք, որովհետև մենք մեր վերջին արմատը զիջելու իրավունք չունենք։

Թող Աստված պահապան լինի մեր ա՛յն զինվորներին, որ հիմա կանգնած են մեր խոցելի սահմաններին և վերադառնան իրենց օջախները։ Մնացյալը մենք ինքներս պիտի անենք` պայքարելով ներքին ու արտաքին թշնամու դեմ։ Գրիգոր Նարեկացի ծնած ազգը անհետանալու իրավունք չունի:

Աստված բոլորին պահապան` հայ զինվորին և ազգային պատմությունն ու ժառանգությունը հոգում և արյան մեջ կրող ազգային հային:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները վերցված են 1675 թվականին Քարահատում (Արցախ -ՈՒտիք մանրանկարչական դպրոց) գրված ու նկարազարդված ձեռագրից։ Ծաղկող` Գրիգոր քահանա ։

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ