Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սերը՝ արդարության հանդերձը

Սերը՝ արդարության հանդերձը
26.12.2023 | 09:16

Աստծո տասը պատվիրանները բովանդակվում են երկու պատվիրանների մեջ, որոնցից առաջինը և մեծը հետևյալն է.

«Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Երկ.օր. 6;5):

Իսկ երկրորդը սրա նման է.

«Պիտի սիրես քո ընկերոջը՝ ինչպես ինքդ քեզ, քանզի Ես Եմ Տերը» (Ղեւտ. 19;18):

Տասնաբանյայի առաջին հինգ պատվիրանները, այդպես ասած, դրական են, այսինքն՝ ասում են, թե ինչ պետք է անել, իսկ հինգը ժխտական են, այսինքն՝ ասում են, թե ինչ չպետք է անել: Տասնաբանյան սկսվում է «պիտի սիրես»-ով և վերջանում է «մի ցանկացիր»-ով:

Ընդունենք, որ շատ մարդիկ իրապես շփոթում են սերը և ցանկությունը: Նրանք, որպես կանոն, ասում են.

«Ես սիրում եմ քեզ (նրան), բայց ոչ ուրիշ իմաստով», «Ես սիրում եմ քեզ (նրան)՝ որպես...»:

Ինչու՞ պարզապես չասել. «Ես սիրում եմ քեզ (նրան)»: Երբ Հիսուս ասում է. «Սիրեցե՛ք միմյանց»,- Նա չի հավելում. «ՈՒրիշ իմաստով չեմ ասում»: Ուրիշ իմաստը Նա մեկ բառով կոչեց՝ ցանկություն .«Ով որ ցանկությամբ նայի որեւէ կնոջ, արդեն իսկ իր սրտում շնություն արած կլինի նրա հետ» (Մատթ.5;28):

Սերն արդարացնում է, և ինքն արդարանալու պատճառներ չունի: Նոր կտակարանը գրվել է հին հունարենով, որը, սեր երևույթի տարբեր դրսևորումներից ելնելով, տարբեր բառերով է բնութագրում այն: Հիմնականում տարբերակում են չորս տարատեսակներ:

Ագապեն կարելի է մեկնաբանել՝ որպես «սեր հանուն», սեր-նվիրում, ծառայություն, ինքնազոհողություն, այդ սիրով է Աստված սիրում մարդկանց և այդ սիրով էր, որ պատարագվեց հավիտենական Ճշմարիտ Զոհը, «ագապե» են կոչվում քրիստոնեական սիրո ճաշերն ու հավաքույթները:

Ստորգեն ընտանեկան, արյունակցական սերն է, երբ մե՛նք չենք ընտրում մեր սիրելիներին:

Ֆիլիան ընկերական սերն է, երբ մենք կարող ենք ընկերներ ընտրել՝ դրսևորելով մեր էությունը և անհատականությունը: Նաև՝ տարբեր նախասիրություններին վերաբերող սերը:

Էրոսը՝ սերունդ թողնելու ձգտումով պայմանավորված ֆիզիկական մտերմության ձգտող սերն է:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ այն, ինչ այսօր շատերը համարում են սեր և ներկայացնում են իբրև սեր՝ «ազատ», համասեռամոլ և «պաշտպանված», իրականում հեռու է սեր լինելուց, քանզի սերը կյանք է, իսկ վերոհիշյալ բնութագրերով «ճոխացած», սեր հորջորջվող մոլագարությունը՝ ինքնաոչնչացում, զուտ բնազդական հաճույքին տրվելու և ամեն գնով բավարարելու կույր մոլուցք:

Հոգին, ըստ վարդապետների, բաժանվում է բանական, ցասմնական և ցանկական մասերի: Սերը հոգու բանական և կամային մասի դրսևորումն է, իսկ ցանկությունը՝ ցանկականի: «Սեր» բառի իրական իմաստը բացահայտվում է «սրբություն», «հավատարմություն», «ընտանիք» բառերի մեջ, դրանցից դուրս սերը, թերևս, այլասերվածություն է:

Ընտանիքը սրբազան խորհուրդ է, թե՛ երկու մարդկանց, թե՛ Աստծո և մարդու միության դեպքում: Սուրբ Գիրքը հստակ տարբերակում է աստվածային սերը և աշխարհային սերը.

«Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն եւ ա՛յս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ՝ այս աշխարհից: Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը: Իսկ ով կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան» (Ա Հովհ. 2; 16-17):

Շատերը շփոթում են նաև կամքը և ցանկությունը, այն դեպքում, երբ կամքը խորապես բանական ու գիտակցված է, իսկ ցանկությունը՝ զուտ բնազդային, որպես կանոն՝ մինչև վերջ չգիտակցված և ոչ միշտ արդարանալի:

«Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը: Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, այս խոսքի մեջ է բովանդակվում, թե՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպես քո անձը. սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի

լրումը» (Հռ. 13;8-10):

Եթե սերը լրացնում՝ իր կատարելությանն է հասցնում օրենքը, ուրեմն սերը նախ և առաջ օրինականություն ու օրինավորություն է: Այսինքն սերը, սրբությունը և հավատարմությունը օրինականություն են, իսկ ցանկությունը, պղծությունը, դավաճանությունը՝ անօրինություն: «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով եւ խաբվելով իր ցանկություններից: Այնուհետեւ ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում» (Հակ. 1; 14 -15): Հստակ է, որ սերը կենսատու է, իսկ ցանկությունը՝ մեղքի պատճառ և մահվան նախակարապետ:

«Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ: Ցանկանում եք, բայց չունեք, ուստի եւ՝ սպանում եք, նախանձում եւ չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում եւ ձեռք չեք բերում, որովհետեւ չեք խնդրում: Խնդրում եք եւ չեք ստանում, որովհետեւ չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին» (Հակ. 4;1-3):

«Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծո դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի: Կամ թե՝ առ ոչի՞նչ եք համարում՝ ինչ որ Գիրքն ասում է.

-Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն Հոգին, որ բնակեցրեց մեր մեջ» (Հակ.4;4):

Եթե ցանկությունը տանում է մեղքի ու հոգևոր մահվան, ապա սերը՝ արդարության հանդերձը, ծածկում է մեր մեղավոր հոգու ամոթալի մերկությունը:

«Ամեն ինչից առաջ միմյանց միջեւ ամուր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը» (Ա Պետր.4;8): Քրիստոսո՛վ սիրելիներ, Ավետարանը սիրո քարոզ է, և սերը ճիշտ չընկալելով, մենք ոչ թե կփրկվենք, այլ հաստատապես կդատապարտվենք:

«Սիրելինե՛ր, սիրե՛նք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, եւ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է: Եւ սրանում երեւաց Աստծո սերը մեր հանդեպ. Աստված Իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք: Սրանու՛մ է սերը. մե՛նք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ եւ ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար: Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք եւս պարտավոր ենք սիրել միմյանց» (Ա Հովհ. 4;7-11), «...խոսքերով եւ լեզվո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտությամբ: Եւ հենց դրանո՛վ ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահություն կունենան մեր սրտերը: Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ, եւ ինչ էլ, որ հայցենք, կստանանք Նրանից, որովհետեւ պահում ենք Նրա պատվիրանները եւ կատարում Նրան հաճելի բաները: Եւ Նրա պատվիրանը այս է, որ հավատանք Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի անվանը եւ սիրենք միմյանց՝ ինչպես որ Նա՛ պատվիրեց մեզ: Եւ ով պահում է Նրա պատվիրանները, բնակվում է Աստծո մեջ, եւ Աստված՝ նրա մեջ: Եւ մեր մեջ Աստծո բնակվելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, Որին Նա տվեց մեզ» (Ա Հովհ.3;18-24):

Երեցկին`

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1565

Մեկնաբանություններ