«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Աղաղակ առ Տեր Հիսուս Քրիստոս

Աղաղակ առ Տեր Հիսուս Քրիստոս
28.07.2023 | 22:11

Չէ՞ որ Տե՛ր,

Քո որդիներն ենք,

Քո ձեռքով ենք ստեղծված,

Քո կամքով՝ արարված,

Քո պատկերով ու նմանությամբ ենք հորինված,

Քո արյամբ ու մահվամբ ենք գնված,

Քո Հարությամբ ու Համբարձմամբ ենք արդարացված ու փրկված,

Քո Սուրբ Հոգով ենք մկրտված ու օրհնված,

Քո կնիքով ու դրոշմով ենք կնքված ու դրոշմված,

Քո Սուրբ Անվամբ ենք Քրիստոնյա կոչված:

Մինչև ե՞րբ մեղավոր, անմիտ, կամակոր, հիվանդ Քո որդիներին սեփական տան բակում փողոցի ստահակը ծեծի ու ջարդի, նսեմացնի ու նվաստացնի:

Մինչև ե՞րբ չհասկանանք և Քեզ չդիմենք, Քեզ ապավինելով օգնության չկանչենք:

Չէ՞ որ Քո անսահման զորությունը բախվելով մեր հաստակողությանը, պնդաճակատությանը, համառությանն ու հիմարությանը, չի՛ կարող պարտվել ու մեզանից հրաժարվել, չէ՞ որ Դու ես մեր հոգատար Հայրը, Դու ես մեզ սիրող, խրատող Արարիչ ծնողը:

Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜:
Չէ՞ որ Տե՛ր, Քո փոքր հոտն ենք, Քո արոտի մոլորյալ ոչխարներն ենք, մինչև ե՞րբ այն վիճակում լինենք, երբ վարձու հովիվները ցրել, հեռացրել են պահապան գամփռներին, իրենք իրենց համար են կթում, խուզում, մորթում, ուտում ու վաճառում Քո ոչխարներին և ոչ ոքի հաշիվ չեն տալիս: Չէ՞ որ ոչխարները չեն կարող իրենք իրենցով կազմակերպվել ու պաշտպանվել և ի՞նչ դիմադրություն կարող են իրականացնել հարձակվող գայլերի ոհմակների, ավազակների դեմ, երբ վարձկան հովիվները վախից փախել են, գամփռները խեղճացել են, տկարացել կամ էլ իսպառ չկան:

Մինչև ե՞րբ Տե՛ր, մեր գայթակղությունների ու մոլորությունների արդյունքում մնանք Քեզանից հեռու, զատված, կտրված, ցաք ու ցրիվ եղած, անտեր, անպաշտպան, անօգնական, զարկված, խոցված, խաբված, գերված ու խոշտանգված և չարի, գազանի, գիշատիչների ու ավազակների կողմից իսպառ հոշոտման ենթակա:

Մինչև ե՞րբ Տե՛ր, մեր մեղքերի պատճառով, դիվահարվելով, ոչխարի հոտից վեր ենք ածվելու խոզերի երամակի:

Տե՛ր, մի՛ թող մեզ կորուսյալ վիճակում, Դու փրկի՛ր մեզ կործանումից:

Չէ՞ որ Դու ես Տե՛ր, մեր քաջ ու բարի, ճշմարիտ ու լավ հովիվը, Ով իր մոլորյալ ոչխարին գտնելով ուրախացավ, չզայրացավ, և գրկելով տարավ, խառնեց իր հիմնական հոտին:

Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜:
Չէ՞ որ Տե՛ր, Քո հարսն է Քո հիմնած ու կառուցած հայոց եկեղեցին:

Մինչև ե՞րբ Քո եկեղեցում, Քո հարսի սրտի գահը զավթի չարը ու տանի գայթակղության ճանապարհներով և հարսն էլ այդ՝ անառակության ախտի մեջ խրված, խուժանի կողմից անարգվի ու պղծվի:

Եվ ի՞նչ հավատարմություն այդպիսի հարսից:

ՏԷ՛Ր, ԴՈՒ մեզ՝ անարժաններիս ազատի՛ր քարկոծումից: Չէ՞ որ Տե՛ր, Դու ես գլուխը մարմնի, որ Եկեղեցին է Քո և Դու՛ ես այդ մարմինն Աստծո առաջ սուրբ, անբիծ և անարատ ներկայացնողը:

Չէ՞ որ գլուխն անտարբեր, անհաղորդ չի՛ մնա ու հարատև չի՛ հանդուրժի ներսից ու դրսից իր մարմինն ախտահարող, կրծող, քայքայող, թունավոր որդերի գոյությունը:

Չէ՞ որ մե՛նք ենք Քո այդ մարմինը, Քո եկեղեցին և դժոխքի դռներն այն չպիտի հաղթահարեն և Դու՛ ես մեր Տե՛րն ու մեր Փրկիչը:

Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜:
Չէ՞ որ, Տե՛ր, երբ կորած դրամը գտնվեց, եղավ ուրախություն ու հրճվանք:

Չէ՞ որ մենք ենք այդ կորած դրամը, որն ավա՜ղ, երկու երես ունի՝ կեսարի և Աստծո:

Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜:
Չէ՞ որ Տե՛ր, երբ Քո սիրելի այգին, որ Դու ցանկապատեցիր, մշակեցիր, որթատունկ տնկեցիր, հնձան փորեցիր, բայց խաղող բերելու փոխարեն փուշ տվեց, Դու զայրացար:

Տե՛ր, աղաչում ենք մի՛ քանդիր այգուդ ցանկապատը, մի՛ կործանիր պարիսպներն այգուդ, մի՛ լքիր, թշնամիների ոտքերի կոխան, անասունների արոտավայր, անտեր ու անխնամ մի՛ թող Քո այգին, այլ բարի հոգատար այգեգործների վստահի՛ր, որ խնամեն, պարարտացնեն, գուցե հաջորդ գալուցդ առաջ բերքով կլինի: Չէ՞ որ մենք են Քո այդ անպտուղ այգին: Մեղա՜ Քեզ, Տե՛ր, մեղա՜:
Մինչև ե՞րբ, Տե՛ր, գերված մնանք մեր հավերժական թշնամու՝ չարի, գազանի, գիշատչի կողմից, նրա ձեռքում լինենք որպես խաղալիք ու գործիք, նրա հպատակ ու կամակատար ազգերի, ժողովուրդների, նրանց առաջնորդների առջև լինենք որպես ոտքերի կոխան, անարգանքի թիրախ, ծաղրուծանակի առարկա:
Մինչև ե՞րբ Տե՛ր, մեր սուրբ Լուսավորչի ու սուրբ Տրդատ արքայի գահերին տիրեն անարժան հետնորդները, անիրավ տնտեսները, անօրեն ժառանգներն ու իրենք չարի կողմից բռնված, գերված լինելով, նրա կամքը կատարելով, մեր հանդեպ թշնամություն անելով ու չարիք կամենալով, մեզ էլ կորստի ու կործանման մատնեն:
Մինչև ե՞րբ Տե՛ր, Քո զայրույթի գավազնը մեր հավերժական թշնամու, գազանի, չարի ու իր կամակատարների ձեռքերում մնա և իրենք էլ դա օգտագործեն որպես մեզ անարգելու, պղծելու մի ահավոր միջոց, որպես մեզ կոտորելու, բնաջնջելու մահացու մի զենք:
Մինչև ե՞րբ Տե՛ր, մեր սուրբ ու նահատակ նախնիների թափած սուրբ արյունը Քո առջև հատուցում ակնկալի ու անպատասխան մնա:
Մինչև ե՞րբ Տե՛ր, չարը կանգնի իր հպատակ ու հնազանդ ազգերի, նրանց առաջնորդների առջև, շփի մեր արյան մեջ թաթախված իր անարգ ու պիղծ ձեռքերը և իր լպիրշությամբ, գոռոզությամբ, ատելությամբ, հայհոյանքով, ծաղրով, հռհռոցով գլուխ գովի ու հայտարարի, թե ինքն առավել ճարպիկ, առավել հնարամիտ, առավել խորամանկ է գտնվել, խլել է ՔՈ ստեղծած եկեղեցին ու դարձրել իր համար դիվական մեհյան, Քո ստեղծած տաղավարներն ու տաճարները դարձրել է իր ախտերի, ապականությունների, թույների կուտակման ախոռներ ու գոմեր, Քո փոքր հոտի այս մնացորդներին, Քո ժողովրդի այս վերջին բեկորներին ինքը զատել է, գողացել ու հեռացրել Քեզնից, դարձրել է իր այդ մեհյաններում զոհելու ենթակա անտեր, անպաշտպան, աշխարհով մեկ թափառական դարձած մի խառնիճաղանջ հոտ:
Մինչև ե՞րբ Տե՛ր, չարը լափելու է մեր արյունը, խժռելու է մեր մարմինը, փշրտելու է մեր ոսկորները, հոշոտելու է մեզ ամբողջովին ու իր հաջողություններն է գրանցելու, հրճվելու:
Մինչև ե՞րբ Տե՛ր, մեր արյունակից ու ցեղակից եղբայրներն ու քույրերը Քո անսահման զորությանը չհավատալով, չվստահելով ու կասկածելով, իրենց վախից դրդված լքեն հայրենիքը, հեռանան, օտար ափերում իրենց համար ապաստան ու հանգրվան շարունակ փնտրեն: Թո՛ղ ամոթահար ու խայտառակ լինենք մենք այս ամենի համար և թո՛ղ այդ ամոթն ու խայտառակությունը մեր բոլորի դարձի գալու առիթ հանդիսանա:
Մինչև ե՞րբ Տե՛ր, Քո անունով քրիստոնյա կոչված, մեզ եղբայրակից համարվող ազգերն ու ժողովուրդները, նրանց առաջնորդներն ու նաև մեզ արյունակից ցեղակիցները մեր թշնամիների հետ դաշնակցած, մեզ ոչնչացնելու, կործանելու ծրագրեր մտմտան ու իրականացնեն:
Մինչև ե՞րբ Տե՛ր, թշնամիներն օրը ցերեկով, համայն աշխարհի, Քո արարած ողջ տիեզերքի ու Քո առջև անարգեն, պղծեն, ավերեն, հողին հավասարեցնեն մեր բոլոր սրբությունները, եկեղեցիները, վանքերը, խաչերն ու խաչքարերը, ոչնչացնեն մեր սուրբ նախնիների գերեզմաններն ու մասունքները, հայհոյեն մեր սուրբ հավատը և հայացքները վեր հառելով հայտարարեն, թե իրենք են Քո պատվիրաններն իրագործողները, թե իրենք են Քո ընտրյալ ազգն ու ժողովուրդը, իրենք են մեր սահմանները որոշողներն ու իրենք են մինչև հավերժություն այդ տարածքներին իշխողները:
Մինչև ե՞րբ Տե՛ր, Քո զորավոր Աջը Քո ծոցում պահես:
Տե՛ր, աղաչում ենք լսի՛ր մեր ձայնը, առանց Քեզ փուչ, անիմաստ, դատակ մի զրո ենք և միայն, երբ Դու մեր կողքին ու մեր մեջ լինես և մենք էլ Քեզ հետ լինենք, միայն Քեզանով է, որ զրոն այդ թիվ կդառնա, արժեք կունենա: Եվ ուրեմն համարձակվում ենք Քո առջև մեր սուրբ Եփրեմ Խուրի Ասորու նման կանչել. «Կամենանք թե ոչ, ըմբռնենք թե ոչ, հասկանանք թե ոչ, բռնավորի՛ր, մի՛ թող մեզ, պահի՛ր Քո մոտ և տա՛ր մեզ Քո օթևանները, քանի որ միայն դա է մեզ համար կարևորն ու օգտակարը»:
Տե՛ր, Դու ես կանխավ զգուշացրել, որ Քո Անունը սիրելու համար մեզ ատելու են, մատնելու և հալածելու, աղերսում ենք, զորավիգ եղի՛ր Քո մշակներին, որ չվախենան նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, որ ըստ Քո կամքի հովվեն ու հոգան Քո բանավոր հոտին:
ՏԷե՛ր, սովորեցրո՛ւ մեզ հավատալ, հավատալ միայն Քո Ամենասուրբ Հարությանը, զորացրո՛ւ մեր հավատը, օգնի՛ր մեր անհավատությանը:
Սովորեցրո՛ւ մեզ հուսալ, հուսալ միայն Քո Ամենասուրբ Երրորդության Զորությանը, քանզի Դու մեր՝ ոչ թե վերջին, այլ միակ հույսն ես:
Սովորեցրու՛ մեզ համբերել, համբերել այնպես, ինչպես միայն Դու՛ ես համբերել բոլոր հալածանքներին:
Սովորեցրո՛ւ մեզ ներել, ներել այնպես, ինչպես միայն Դու՛ ես ներել բոլոր Քեզ հալածողներին:
Սովորեցրու՛ մեզ սիրել, սիրել այնպես, ինչպես միայն Դու՛ ես սիրում բոլոր Քո արարածներին:
Սովորեցրու՛ մեզ աղոթել, աղոթել այնպես, ինչպես այրի կինն էր աղոթում, Ինքդ մեր մեջ աղոթի՛ր:
Սովորեցրու՛ մեզ ապաշխարել, ապաշխարել այնպես, ինչպես նինվեացիներն ապաշխարեցին:
Տե՛ր, ողորմյա՛, Տե՛ր, ողորմյա՛, Տե՛ր, ողորմյա՛, Տե՛ր, ողորմյա՛:
Որպես մեծագույն ողորմություն՝ շնորհի՛ր մեզ ապաշխարության հոգի:

Ապաշխարության հոգի դի՛ր ամեն հայի, ամեն քրիստոնյայի, ամեն հավատացյալի ու ամեն անհավատի հոգում, մտքում, սրտում, որ ազգովի ապաշախարենք ու ազգովի էլ դարձի գանք, որ երկիրը մեր նորից ճանաչվի որպես Քրիստոնյա Հայաստան, որ ժողովուրդը Քո նորից հռչակվի որպես Քրիստոնյա հայ ժողովուրդ, որ համայն աշխարհը, համայն մարդկությունը, համայն տիեզերքը տեսնեն ու հասկանան, որ մենք Քո ժողովուրդն ենք և Դու՛ ես մեր Տէրն ու Փրկիչը, մեր Աստվածը: Օգնի՛ր մեզ Տե՛ր, հաղթահարելու դարձի ու ապաշխարության ուղիով մեր ընթացքի առջև ընկած ամեն մարմնավոր ու հոգևոր խոչընդոտ, որպեսզի Քո արդարության, ճշմարտության ու սիրո ճանապարհով, հաստատուն քայլերով գանք դեպի Քո հավերժի լույսը:
Եվ Քեզ, Սուրբ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ միասին հավերժ փառք, օրհնություն ու երկրպագություն, հավիտյանս հավիտենից: Ամե՜ն:

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3075

Մեկնաբանություններ