ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Տիրոջ և մեր նախնյաց զորությամբ` պիտի վերածնվենք

Տիրոջ և մեր նախնյաց զորությամբ` պիտի վերածնվենք
09.04.2023 | 10:41

-Քրիստոս հարյավ ի մեռելոց:

-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, -կլինի պատասխանը: Շաբաթ օրը Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Հարության Ճրագալույցի Սուրբ և անմահ Պատարագ: Իսկ այսօր նշելու ենք Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ: Թո՛ղ որ Սուրբ և անմահ Պատարագի հնչյունները սփռվեն Հայոց աշխարհի վրա, և մենք կարողանանք մեր պատմական բնօրրանի այս վերջին փոքրիկ բեկորի վրա մեր արմատները զգալով` հաղթել գոյաբանական այս ծանր պայքարում։

Հիշենք, որ Հայաստանն այն երկիրն է, որն առաջինը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն` իր թիկունքին ունենալով հազարամյակների քաղաքակրթություն, որտեղ եղել է ազգային արժեքների մի հզոր համակարգ։ Դրա վկայություններից մեկը Հայոց դիցարանն է, ուր հստակ երևում է Հայի ազգային-ընտանեկան ողջ համակարգը` հիմնված առաքինությունների վրա։ Եվ Հայոց եկեղեցու առաջին հայրերը դրանք համադրեցին քրիստոնեության հետ , որ այդ արժեքները չկորչեին դարերի փորձություններում և հոլովույթներում։

Վաղը, երբ Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում կհնչի Սուրբ և անմահ Պատարգը, հիշենք, թե ո՞վ ենք եղել և հիմա ինչպիսի հայրենիք պարտք մնացինք սերունդներին և ի՜նչ քաջեր անմահացան, որ սերունդները ևս հայրենիք ունենան, չդառնանք պետություն չունեցող հին ժողովուրդ։

Հիշենք, որ կա շրջափակված Արցախը, որտեղ մեր 120 000 հայրենակիցները պայքարում են իրենց պատմական հողում ապրելու իրավունքի համար։

Խոնարհում մեր այն հերոսների հիշատակին, ովքեր անմահացան, որ լինի Հայաստանն ու Արցախը, որը պիտի պահենք ամեն գնով` արդարությունը վերականգնելու և թշնամու կողմից զավթված մեր մնացյալ հայրենիքը հետ բերելու համար։

Առողջություն մեր այն կենդանի հերոսներին, ովքեր հրաշքով ողջ մնացին և հիմա էլ իրենց հոգին լի է խիզախումներով ու հայրենիքին օգտակար լինելու ձգտումով։

Թող Աստված պահապան լինի մեր ա՛յն զինվորներին, որ հիմա կանգնած են մեր խոցելի սահմաններին և վերադառնան իրենց օջախները։ Մնացյալը մենք ինքներս պիտի անենք` պայքարելով ներքին ու արտաքին թշնամու դեմ։ Գրիգոր Նարեկացի ծնած ազգը անհետանալու իրավունք չունի, չպիտի թույլ տանք։ Հիշենք սա։

Աստված բոլորին պահապան` հայ զինվորին և ազգային պատմությունն ու ժառանգությունը հոգում և արյան մեջ կրող ազգային հային՝ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս աշխարհի...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը վերցված է 1663 թվականին Քարահատում (Արցախ -ՈՒտիք մանրանկարչական դպրոց) գրված ու նկարազարդված ձեռագրից։ Ծաղկող` Գրիգոր։

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ