ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ավագ շաբաթ

Ավագ շաբաթ
06.04.2023 | 10:14

Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև Նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են: Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», որովհետև իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը: Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթը հաջորդում է Ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ Հարությամբ:

Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը:

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻՆ բացի այն, որ արարչագործության առաջին օրվա խորհրդանիշն է, եկեղեցական ավանդության մեջ հայտնի է նաև «անիծված թզենու» կամ «թզենու երկուշաբթի» անուններով: Այս անվանումը կապված է Ավետարանական այն դրվագի հետ, երբ Հիսուս Քրիստոս մոտենալով մի թզենու, որը հեռվից շատ փարթամ ու գեղեցիկ էր երևում, ցանկանում է մեկ թուզ պոկել և ճաշակել, տեսնում է, որ թզենին անպտուղ է, ինչի պատճառով էլ անիծում է նրան. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի» (Մատթեոս 21.18-22): Այս անելով, Քրիստոս կամենում էր ցույց տալ, որ Երուսաղեմ մտնելու ճանապարհին հանդիպել էր բազմաթիվ մարդկանց, որոնց արտաքին կյանքը թվում էր, թե լի էր օրհնությամբ, բայց դատարկ էր և անպտուղ, քանզի ամեն ինչ ավելի շատ ցուցադրության և մարդահաճության համար էր արվում, քան ի փառս Աստծո: Իսկ «Ինչու՞ Քրիստոս հենց թզենին ընտրեց» հարցին մեկնիչները պատասխանում են` փաստելով այն հանգամանքը, որ թզենին մյուս ծառերի համեմատ ավելի ուշ է չորանում, քանզի կաթի նման հոսող նյութ ունի և ավելի մածուցիկ է, ինչն էլ
աստվածային զորությունն ավելի շեշտեց, քանզի եթե ծառը նույնիսկ արմատահան անեին և կտրեին, մի որոշ ժամանակ անց նոր ամբողջովին կչորանար, սակայն Քրիստոսի խոսքերից չորացավ նույն րոպեին:
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻՆ պատկերում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Օրվա ամբողջ խորհուրդն ամփոփվում է «Տասը կույսերի» առակում (Մատթեոս 25.1-13) և իր պատգամով անմիջականորեն կապված է նախորդ օրվա խորհրդի հետ, քանզի եթե մարդը հայտնվի հինգ հիմար կույսերի իրավիճակում, ապա թզենու պես կլինի անպտուղ ու կչորանա: Այս օրը գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես պետք է ապրի ճշմարիտ քրիստոնյան, որպեսզի վերջում չարժանանա Քրիստոսի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» դառը և կործանարար խոսքերին, այլ միշտ արթուն լինի, որովհետև հայտնի չէ Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը (հմմտ. Մատթեոս 25.13):

ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ օրը հիշատակում են այն կնոջը, ով թանկարժեք յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը (Մատթեոս 26.6-13): Այդ դեպքին հաջորդում է Հուդայի՝ Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես Նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթեոս 26.14-15): Այս ամենն էլ պատճառ դարձավ առաքյալների այն որոշման համար, որի համաձայն ամեն չորեքշաբթի պետք է պահք պահել և ապաշխարել` հիշելով, թե ինչպես մատնվեց մեր Փրկիչը:

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ բացի այն, որ հիշատակն է Խորհրդավոր ընթրիքի, նաև ներկայացնում է հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17): Ավագ հինգշաբթի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում ոտնլվայի արարողություն` համաձայն ավետարանական այն դրվագի, որտեղ հստակ ասված է. «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13.14-15):

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԸ հիշատակում է Տիրոջ չարչարանքները, խաչելությունը և մահը, երբ «…եղան երկու արդարակշիռ ընտրությունները սասանած բոլոր արարածների` վերածելու նրանց անփոփոխելի ու երկնակենցաղ մի այլ էության, բարձրացածներին խոնարհեցնելով ու վեր հանելով ընկածներին» (Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»): Հիսուսի խաչելությամբ ու մահվամբ իրականացան հինկտակարանյան բոլոր մարգարեությունները Մեսիայի գալստյան և փրկագործության վերաբերյալ: Արևն ու լուսինը խավարեցին, Երուսաղեմի տաճարի վարագույրը պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին և հին աշխարհի ու դժոխքի մոտալուտ կործանումն ազդարարեցին: Բոլոր եկեղեցիներում, ի հիշատակ այս ամենի, կատարվում է խավարման և թաղման կարգ:

Այս ողբալի օրվան հաջորդում է վեհասքանչ և քրիստոնայների թերևս ամենաերջանիկ օրը`

ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ` Քրիստոսի փառահեղ Հարության օրը, քանզի արժանանում ենք լսելու հրեշտակաբարբառ ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեզ` մեղավորներիս ու ապականվածներիս: Նա որպես Քաջ Հովիվ Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց: Սուրբ Հարության օրը ոչ մի կերպ չի զիջում այն օրվան, երբ երկիրն արարվեց, որովհետև Տերն Իր հրաշափառ Հարությամբ նոր արարչագործություն կատարեց` ազատելով մարդկանց իրենց հին մեղքերից և տալով դեպի Աստված դարձի ճշմարիտ ու միակ ճանապարհը:

Դիտվել է՝ 1901

Մեկնաբանություններ