ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Քարե աղոթք

Քարե աղոթք
25.02.2023 | 11:25

Խաչքարը՝ հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքը, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկն է:

Իր զարմանահրաշ քանդակային հորինվածքով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ եւ քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն դարեր շարունակ եղել է հայ հավատացյալի ամենաակնածելի, իսկ բացօթյա տեղադրությամբ եւ բազմաքանակությամբ՝ նաեւ ամենամատչելի սրբություններից մեկը:

Եթե տաճարը խորհրդանշում է փակ սրբազան տարածքն ու որոշակիորեն հակադրվում է աշխարհին՝ ոչ սրբազան տարածքին, ապա բացօթյա կոթողը, ընդհակառակը, ձգտում է սրբություն հաղորդել բացօթյա, աշխարհիկ տարածքին եւ դրանով իսկ մեղմել հակասությունը սրբազանի եւ ոչ սրբազանի եւ, ի վերջո, հավատացյալի եւ դեռեւս ոչ այնքան մեծ հավատք ընծայողի միջեւ: Բացօթյա կոթողն ու տաճարը հանդես են գալիս հավատի տարածման ու ամրապնդման հիմնական, հավասարարժեք ուղղություններ ու միջոցներ:

Խաչի փրկչագործական խորհրդի վկայությունն ընկած է հայերիս քրիստոնեական դարձի ակունքներում: Առաջին քրիստոնեական կառույցը, որ երեւում է Գրիգոր Լուսավորչին իր տեսիլքում, բացօթյա խաչակիր կոթողն էր: Լուսավորչի այս տեսիլքը ցույց է տալիս, որ քրիստոնեության հաստատումը Հայստանում տեղի է ունենում աստվածային կամքով ու անմիջական մասնակցությամբ, եւ որ այն տիեզերաստեղծ մի գործողություն է, որի սկիզբը նշանավորվում է սանդարամետի կործանմամբ ու Խաչի բարձրացմամբ: Հայ քրիստոնեության եւ Եկեղեցու համար ծրագրային բնույթ ունեցող այս տեսիլքում հավաստվում է Խաչի թե՛ հաղթական, եւ թե՛ փրկագործական խորհրդաբանությունը:

Խաչերը երեւան են գալիս նաեւ Լուսավորչի կողմից քրիստոնեությունը երկրում տարածելու եւ ամրապնելու ընթացքում. դրանք կանգնեցվում են կառուցվելիք տաճարների տեղերում, բոլոր բնակավայրերում, ճանապարհների խաչմերուկներում, փողոցներում, հրապարակներում՝ իբրեւ ապավեն ու հովանի հավատացյալներին եւ հերկրպագություն Սուրբ Երրորդությանը:

Խաչելության պատկերն ուղղված էր գիր չճանաչող շինականին եւ կոչված էր նրա համար խաղալ այն նույն դերը, ինչ որ ուսյալի համար խաղում էր գիրքը: Բանավոր խոսքի համեմատ, պատկերի՝ որպես քարոզչության միջոցի առաջնությունը շատերի համար ակնհայտ մի իրողություն էր:

Խաչքարի քանդակային հորինվածքի հիմնական նպատակն աստվածային պատմությունն ու կարգը զանազան պատկերագրական ձեւերի, կերպարների ու խորհրդանշանների միջոցով ներկայացնելն է: Առաջնային նշանակություն է տրվում հատկապես քրիստոնեական հիմնարար գաղափարի՝ Քրիստոսի փրկագործական խաչելությունը ներկայացնելու խնդրին: Հենց խաչելությունն է, որ հավատացյալի համար բացում է Աստծուն ձգտելու, Նրան միավորվելու եւ Նրա նման անմահ դառնալու հույսը: Աստված մարդեղանալով եւ խաչվելով արեց անհնարինը, բայց դրանով իսկ անհնարինը հնարավոր դարձրեց բոլոր մարկանց համար: Ինչպես որ Աստված մարդացավ, կրեց մարկային բոլոր տառապանքները, այնպես էլ մարդ կարող է ձգտել խառնվել աստվածային էությանը, այսինքն՝ անմահությանը: Այս պատճառով էլ Հայաստանում քրիստոնեության տարածման գործընթացում որպես նրա առաջնային խորհրդանշան եւ իրական-նյութական հատկանիշ հանդես է գալիս հենց Խաչը:

Խաչի ու խաչքարի փոխանցած հոգեւոր-բարոյական գաղափարները խորթ չէին հայ ժողովրդի համար: Հայ առաջին վարդապետները քրիստոնեության գաղափարները քարոզելիս լայնորեն օգտվել են ժողովրդական աշխարհընկալման համակարգից, որում կարեւոր տեղ էին գրավում այգային ընկալումները: Նման մոտեցման հետեւանքով Հայաստանում մշակվել եւ լայն տարածում է գտել խաչելության այգային ընկալումն ու պատկերագրությունը, որն էլ իր հերթին դարձել է խաչքարի ձեւավորման հիմքերից մեկը:

Քրիստոնեական շատ գաղափարների ժողովրդականացումը Հայստանում ընթացել է ավանդական աշխարհընկալման համալիրների լայն օգտագործմամբ: Այդ համալիրներից մեկն էլ կենսատարածքի կենսընթացի այգային ընկալումն էր, որը արդյունք էր դարավոր երկրագործական, առավելապես՝ այգեգործական տնտեսաձեւի ու ավանդույթի:

Միջնադարյան բազմաթիվ նկարագրություններում իդեալական հայաշխարհը պատկերվում է որպես խաղողուտ, արքան՝ որպես բարի այգեպան, գինին՝ որպես անմահական-աստվածային հեղուկ: Այս հիմնարար ընկալումը պայմանավորել է այն առանձնահատուկ ուշադրությունը, որ տածել են հայ քարոզիչները, վարդապետները, պատմիչները, քանդակագործներն ու բանաստեղծները դեպի աստվածաշնչյան այգային թեմաներն ու եզրաբանությունները: Դա նախ վերաբերում է Եդեմի դրախտին (Ծնն. 2; 8-15) եւ Նոյի տնկած այգուն (Ծնն. 9;:20-21), որոնք տեղայնացման մեծ հնարավորություններ ունեին Հայստանում, ուր ավանդական ոռոգովի այգեգործությունը տնտեսական-մշակութային մեծ արժեք ուներ, եւ որտեղից սկիզբ էին առնում դրախտային գետերից գոնե երկուսը՝ Եփրատն ու Տիգրիսը:

Այգային պատկերացումների արտահայտման լայն դաշտ էին ստեղծում եւ նորկտակարանային մի շարք այլաբանություններ. Երկյանին թագավորությունն որպես խաղողի այգի (Մատ. 21; 33-34, Մրկ. ԺԲ: 1), Քրիստոս որպես ճշմարիտ որթատունկ (Հովհ. 15; 1-5), գինին որպես աստվածային Արյուն (Մատ. 26; 27-28), Արդար Դատաստանը որպես հոգի-ողկույզների հավաքում եւ ճզմում աստվածային հնձանում, Աստված որպես վերին այգեպան (Հայտ. 10; 18-20): Քրիստոսի հետեւությամբ որթի եւ հնձանում ճզմվող խաղողի են նմանեցվում առաջին սրբերն ու մարտիրոսները:

Խաչելության գաղափարը ժողովրդականացնելու համար հայ եկեղեցին ընտրեց Քրիստոսի Խաչի նշանը: Խաչը շատ հորինվածքներում տեղադրվում է դրախտային լանդշաֆտում՝ շուշանապատ մարգագետնում՝ շրջապատված արմավենիներով եւ ձիթենիներուվ: Հատկապես շեշտելի է խորհրդանշական արմավածառի լայն օգտագործումը նաեւ որպես Խաչի դրախտային միջավայրի ձեւավորման տարր: Սակայն առավել հեռանկարային դարձավ հենց բուն Խաչի ներկայացումը որպես նոր Կենաց Ծառի, մանավանդ, որ դրա համար հիմք էին ծառայում նորկտակարանյան որոշ տեղիներ (Հայտ. 22; 2, 14, 19): Եկեղեցին նոր դրախտի, իսկ Խաչը դրախտային նոր Կենաց Ծառի օրինակն է: Աստծո արյամբ օծվելը Խաչը դարձնում է ամենահաղթ զենք, ծաղկուն, պտղատու է դարձնում այն: Խաչը որթն է, որը հանդես է գալիս որպես Կենաց Ծառ, իսկ Քրիստոսն էլ՝ ողջ տիեզերքը լցնող նրա ողկույզ-կենացպտուղը: Ինչպես որ խաղողն է հնձանում ճզմվելով վերածվում անմահական հեղուկի, այնպես էլ Քրիստոս Խաչի վրա թափեց Իր Արյունը՝ ի փրկություն մեղսագործ մարդկության, ինչպես որ թռչուններն ու կենանիներն են վայելում խաղողուտը, այնպես էլ արդար հավատացյալներն են վայելելու Քրիստոսի խաչելությամբ սպասվելիք երկնային դրախտը:

Եթե խաչելության ժամանակ Քրիստոս ինքն է հանդես գալիս որպես խաղող, որ ճզմվում է խաչ-հնձանում, ապա վերջին օրերին Նա ստանձնելու է վերին այգեպանի դերը: Նույն տրամաբանությամբ էլ, եթե Կենաց Ծառը խորհրդանշում է կորուսյալ դրախտը, ապա Խաչը հանդես է գալիս որպես երկնային այգու խորհրդանիշ:

Այսպիսով, խաչքարային պատկերագրության մեջ միավորված են դրախտային Կենաց Ծառի, Քրիստոսի խաչելության եւ Երկրորդ Գալստյան ժամանակ Տիրոջ Նշանի երեւալու հեռանկարի աստվածաբանական պատկերացումները:

Խաչքարերի կերտման եւ հետագա զարգացման վրա էական ազդեցություն ունեցավ նաեւ Հայ Եկեղեցու առանձնահատուկ դիրքորոշումը դեպի խաչապաշտությունը: Քրիստոսի խաչելությամբ Խաչն ընդմիշտ իր վրա է վերցրել Աստծուն եւ Նրա զորությունը: Խաչը Քրիստոսի ներկայության հավաստումն է. նրան աղոթելով՝ Քրիստոսին ենք աղոթում, նրան համբուրելով՝ Քրիստոսի զորության հետ ենք հաղորակցվում: Խաչքարային բազմաթիվ արձանագրություններ, որոնք անմիջապես դիմում են Քրիստոսին կամ էլ Քրիստոսի ներկայությունը հավաստում են Խաչի երկու կողմերում ՅՍ ՔՍ գրությունների առկայությամբ, ցուցում են, որ նման ընկալումները հիմնարարն են եղել միշտ: Խաչապաշտությունը դառնում է հայ քրիստոնեության բնորոշ առանձնահատկություններից մեկը: Խաչը հայ հանրության ինքնության ամենաառաջնային ու անմիջական, ամենահրապարակային նշանն է: Խաչը բնորոշ է հայերին այնպես, ինչպես հույներին կամ վրացիներին պատկերը: Միաժամանակ, հարկ է նշել, որ խաչը կար եւ մնում է նաեւ Ընդհանրական Եկեղեցում ամենահիմնական ծիսա-խորհրդապաշտական բաղադրիչը. այնպես որ այն կարող է եւ հանդես է գալիս որպես քրիստոնեական ինքնության հավաստման ընդհանրական նշան:

Այսպիսով, հայկական քանդակը եւ հատկապես՝ խաչքարային հորինվածքն ու այդ հորինվածքը կրող կոթողը, հայտնի չափով ինքնատիպ լինելով հանդերձ, մշակութային մեկուսացված մի երեւույթ չէին, այլ մասն էին կազմում համաքրիստոնեական ավելի ընդարձակ մշակութային դրսեւորման: Սկիզբ առնելով համաքրիստոնեական աշխարհընկալումից ու աստվածպաշտական կարգից, խաչն ու խաչքարը դառնում են հայաշխարհի կազմորոշիչ տարրերից մեկը՝ միաժամանակ հարստանալով ու ճոխանալով բազմադարյա ժողովրդական իմաստությամբ ու ավանդությամբ: Խաչքար կանգնեցնելը դառնում է հայ ժողովրդի կյանքի անբաժանելի մասը: Խաչքար կանգնեցնելու առիթներն այնքան բազմազան են, ինչքան որ բազմազան է հայի կենսընթացը: Սուրբ Նշան կարող էր կանգնեցնել ցանկացած հավատացյալ՝ ցանկացած առիթով, որ չէր հակասում ժամանակի քրիստոնեական աշխարհընկալմանն ու բարոյականությանը: Առիթը ներառում էր հայ կյանքի համարյա բոլոր դրսեւորումները՝ իր ուրախալի եւ ողբերգական կողմերով հանդերձ:

Ի տարբերություն առիթների, խաչքար կանգնեցնելու նպատակները շատ ավելի սահմանափակ են եւ, ըստ էության, հանգում են խաչի հիմնական սրբազան գործառույթներին՝ պահպանություն, օգնություն, հիշատակ, միջնորդություն եւ, ի վերջո, հոգու փրկություն: Խաչի համար պարտադիր գործառույթներ են դեւերին հալածելը, բժշկությունը, աստվածային ցասման մեղմումը եւ այլն: Ահա այս նպատակամիտված սրբազան գործառույթների դեպքում է, որ լիովին երեւան է գալիս խաչքարի՝ որպես ոչ թե սոսկ Խաչ կրողի, այլ ապագային ուղղված մի գործուն համալիրի կերպարը, որը համադրում է Խաչի միջնորդ ու փրկագործական զորությունը, գրի ու պատկերի հիշատակել-ներկայացնելու կարողությունները, խորանի՝ աղոթատեղի լինելու ծիսական գործառույթը, քարակոթողի մշտականության-հավերժության պատրանք հաղորդելու ավանդույթը:

Տեր Պարգև քահանա Զեյնալյան

Սիսիանի տարածաշրջանի

Հոգևոր Հովիվ

Դիտվել է՝ 7026

Մեկնաբանություններ