Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Մենք կատարյալ ու անկարոտ Աստուծո պատկերն ենք

Մենք կատարյալ ու անկարոտ Աստուծո պատկերն ենք
17.10.2022 | 07:23

Աստծո մասին քարոզները, զրույցներն ու կոչերը ինքնանպատակ են, եթե միտված չեն ծանոթացնելու, մոտեցնելու և միավորելու Արարչին ու արարածին:

Աստված ամենուրեք է. Նրա հետ հանդիպումից չենք խուսափելու, բայց լավ կլինի` հանդիպենք իբրև բարեկամներ:


Շատերն ասում են. «Ես իմ Աստվածն ունեմ, ինձ ոչ քահանա է պետք, ոչ եկեղեցի»: Իսկ ինչպե՞ս կարող ենք ճանաչել Ճշմարիտ Աստծուն:
Փաստ է, որ մարդու մեջ կա մի անկոտրում կրոնականություն. նա միշտ փնտրում է պաշտամունքի առարկա, խլում են մեկին` փոխարինում է մի ուրիշով, բաժանում են երկրորդից` մի երրորդն է գտնում, եթե «ոսկե հորթն» անհասանելի է, սեփական անձն էլ հո միշտ ձեռքի տակ է:
Մարդը միշտ փնտրում է Աստծուն, սակայն պատմությունը փաստում է, որ միայն աստվածներ է գտնում: Սուրբ Գիրքը վկայում է, որ Աստված մոտ է յուրաքանչյուրիս, Նա մեզ երբեք չի լքում, իսկ ինչու՞ մենք Նրան չենք զգում ու չենք ճանաչում:


Մենք չենք գիտակցում մեզանում բնավորված կրոնականության ակունքները, մենք կուրորեն ու կրավորաբար հետևում ենք նրա կանչին` մինչև վերջ չպարզաբանելով մեզ համար` ինչու՞:
Եթե ինչ-որ մեկը սխալմամբ հիմար կամ տգետ անվանի մեզ, մենք չենք հանդուրժի. չէ՞ որ մենք բանական արարածներ ենք, այնինչ մեր կյանքի ամենաառանցքային ու որոշիչ խնդրին մոտենում ենք բնազդային կանչով ու անփութորեն:


Շատերն իրենց տկար հավատը կամ անհավատությունը պատճառաբանում են Աստծո անդրանցականությամբ. Նա շատ հեռու է և գործ չունի մեզ հետ, երբ առողջ ենք, առույգ, հաջողակ ու երջանիկ, երբ ունենք ձեռքբերումներ և շրջապատված ենք հարազատներով: Սակայն մի գեղեցիկ օր արթնանում ենք հիվանդ ու տկար, զրկվում ենք մեզ համար կարևոր բաներից ու առաջին բանը, որ սկսում ենք մտածել, մեր դժբախտության ու զրկանքների պատճառների փնտրտուքն է, իհարկե` մեզանից դուրս, և գտնում ենք...Աստծուն:
Ինչու՞ ենք Նրան գտնում զրկանքների ու նեղության մեջ, Նրա մասին, թեկուզ մեղադրելու համար, հիշում ենք միայն, երբ տկար ենք ու տնանկ: Երբ նա բարձրացնում է մեզ մոխիրներից, մոռանում ենք շնորհակալություն հայտնել, մենք մեզ տեսնում ենք առողջ ու լիացած, բայց ոչ մի կերպ չենք տեսնում խեղճ ու անճար:


Մենք կատարյալ ու անկարոտ Աստծո պատկերն ենք, որ կորցրել ենք նմանությունը, բայց չենք կորցրել հիշողությունը, և Աստծո` մեր բաժին բացակայությունը փորձում ենք լցնել ու լրացնել զգալի աշխարհի պատրանքներով, փորձում ենք անեղծ ու անմահ հոգու փափագները հագեցնել վերջավոր ու ապականացու աշխարհի խաբկանքներով: Դրախտային հիշողությունը թույլ չի տալիս մեզ դիմակայել դժվարություններին և համբերել նեղություններին: Այս աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց մի վախեցեք, ես հաղթեցի աշխարհին: Այս աշխարհի զավակները փնտրում են նյութական լիություն, մարմնավոր առողջություն, հաջողութուն և իրենց երջանիկ են համարում, երբ գտնում են իրենց ուզածը, բայց առաքյալն ասում է. «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ»: Նրանք, ովքեր բավարարվում են աշխարհի տված փառքով ու շքեղությամբ, կզրկվեն Աստծո փառքից, իսկ ովքեր հալածական ու զրկված լինեն հանուն Աստծո, կժառանգեն արքայությունը:
Աստված չի ուզում, որ մենք լինենք նեղության ու տկարության մեջ, բայց ուզում է, որ համբերենք մեզ պատահող դժվարություններին, որովհետև Նա մեզ համար լավագույնն է պատրաստել, և մեր համբերությունը պետք է լինի մեր հավատի լավագույն ապացույցը: Ահա թե ինչու մեր հավատը սկսվում է անհաջողության ու զրկանքների մեջ, հիվանդությունների ու հոգեվարքի ժամանակ: Քչի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ կլինի, բայց մենք մեր ունեցած քչի մեջ անգամ չենք տեսում Նրան:


Մեր ամեն ակնթարթը, շնչած ամեն ումպ օդը, մեր դիմավորած ամեն մի արևածագը, մեր զավակները .... շատ սովորական են, քանի դեռ... եթե հավատարիմ լինենք այդ սակավի ու սովորականի մեջ, կստանանք հավիտենական կյանքը շատ սովորական հրաշքի` հարության միջոցով:
Սակայն նեղության մեջ Աստծուն գտնելուց հետո անգամ մենք չենք հասկանում, թե ինչ ենք գտել, ու մտածում ենք, թե Աստված պետք է օգնի մեզ ազատվել մեր դժվարություններից` չմտադրվելով ազատվել դրանց պատճառից` հին, մեղավոր մարդուց ու իր մեղսահակ սովորույթներից: Մենք ակնկալում ենք արտաքին ու տեսանելի հրաշքներ, իսկ ամենամեծ ու իրական հրաշքը` նոր մարդու ծնունդը, մնում է յոթ սարի հետևում:

Իրականում ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ բարդ փիլիսոփայություն, ոչ էլ խրթին աստվածաբանություն. պետք է ընդամենը Աստծուն ընդունենք մեր սրտի մեջ և դարձնենք մեր լավագույն հարազատն ու բարեկամը, Նա երբեք չի դավաճանի, չի լքի, չի ուրանա, չի մերժի: Նա հարուստ է ու կհարստացնի շնորհներով, Նա հավիտենական է ու մեզ կշնորհի Իր արքայությունը, միայն թե մոտենանք, ճանաչենք ու ընդունենք Նրան: Դրա համար երբեք ուշ չէ, ինչպես հավաստիացնում է Տերը իր առակներից մեկում: Կյանքի արշալույսին լինի, կեսօրին, թե մայրամուտին, այգու` մեր անմահ հոգու Տերը` Աստված, կանչում է մեզ այն մշակելու, կատարելագործելու և պտղաբեր դարձնելու` խոստանալով վարձահատույց լինել: Եթե չենք ուզում որդիներ ու ժառանգորդներ լինել, կարող ենք վարձկաններ դառնալ:
Ամեն մարդ ինքն է ստեղծում իր բաժին դժոխքը, իսկ դժոխքում մարդը տանջվում է այն բանից, ինչից այս աշխարհում հաճույք է ստացել: Եթե մեկը հաճույք է ստացել Աստծուն մերժելուց ու անարգելուց, դժոխքում նա տանջվում է, քանի որ Աստծո սերը դժոխքում էլ զգալի է, հենց դա էլ ամենամեծ տանջանքն է մեղավորների համար. ուշացած զղջումը` անհոգության ու ծաղրի փոխարեն, ցավը` հաճույքի փոխարեն, հավիտանական դժոխքում նրանք կզգան իրենց սեփական հոգին, որին արհամարհել են այս աշխարհում:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 9634

Մեկնաբանություններ