«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Իոան քահանա Պավլով. Աստծո զորությունը տկարության մեջ է կատարվում

Իոան քահանա Պավլով. Աստծո զորությունը տկարության մեջ է կատարվում
16.03.2022 | 07:26

Կա Աստծո Թագավորություն, կա նաև մարդկային թագավորություն. Կա Աստծո զորություն, կա նաև մարդկային զորություն:

Կա Աստվածային կատարելություն, կա և մարդկային կատարելություն: Սակայն Աստծո կատարելությունն ու փառքը անհամատեղելի են մարդկային փառքի և կատարելության հետ:
Այն ամենը, ինչ Աստվածային է, այս աշխարհից չէ, իսկ ամեն մարդկայինը այս աշխարհից է: Դրա համար էլ, որտեղ առավելություն ունեն մարդկային կատարելությունները, այնտեղ չեն կարող հայտնվել դրանց հակառակ աստվածային կատարելությունները: Մարդը, ով ապավինում է միայն սեփական ուժերին, սեփական արդարությանը, չի թողնում իր կյանքից ներս գործելու աստվածային զորությանն ու արդարությանը: Որպեսզի աստվածային զորությունն ու կատարելությունները մարդու մեջ գործեն, անհրաժեշտ է, որ երկրավոր ուժերն ու առավելությունները նվազեն: Քանի որ, երբ դրանք սկսում են պակասել մարդու մեջ, ապա իսկույն տեղ է բացվում աստվածային զորության և օգնության համար:
Եվ այսպես, Աստծո զորությունը մարդկային տկարության ժամանակ է հայտնվում: Եթե մենք դիտարկենք Քրիստոսի Եկեղեցու պատմությունը, կտեսնենք բազմաթիվ օրինակներ, որոնք հաստատում են այս քրիստոնեական ճշմարտությունը: Օրինակ, Աստծո ամենամեծ զորությունը` Քրիստոսի Հարությունը և մարդկային ցեղի փրկագործությունը, կատարվեց մարդկային ամենամեծ տկարության միջոցով` Գողգոթայում, Խաչի վրա: Որովհետև, մարդկային պատկերացմամբ, Գողգոթան և Խաչելությունը տկարություն է, պարտություն և անարգանք: Սակայն այդ անզորության և անարգանքի միջոցով հայտնվեց Աստծո անսահման զորությունն ու փառքը, որը դարձավ համայն աշխարհի փրկության պատճառ` սատանայի ուժը ջախջախող և մարդկանց դժոխքից ու հավիտենական մահից ազատագրող:


Ինչպիսի ճանապարհով գնաց Քրիստոս, նույն ճանապարհով գնացին Նրա աշակերտները` առաքյալները: Նրանք հիմնականում աղքատ էին, անուս և անտոհմիկ: Մարդկային դատողությամբ դա ուժ չէր, դա տկարություն էր: Արդյո՞ք կարող էին այս տասներկու հասարակ, ոչ երևելի մարդիկ` աղքատ արևելյան երկրից, հեղաշրջել հսկա և փառավոր հունա-հռոմեական աշխարհը` հպարտ իր հարստությամբ, իր իմաստությամբ, իր հազարամյա մշակույթով ու ռազմական զորությամբ: Կորնթացիներին ուղղված նամակի մեջ ասվում է, որ առաքյալները աշխարհի համար «անարգանք» էին, որ նրանք «հողի նման բոլորի կողմից ոտնահարված» էին: ՈՒնեի՞ն այս մարդիկ հազարից մեկ հավանականություն հաղթելու այս աշխարհին: Իհարկե, ոչ մի նվազագույն հավանականություն չունեին: Բայց և այնպես, հաղթեցին ու հեղաշրջեցին այն` այդ հաղթանակով փոխելով աշխարհի պատմության ընթացքը: Ինչպե՞ս դա հաջողվեց նրանց: Պատասխանը պարզ է` նրանք դա արեցին ոչ թե սեփական ուժով, այլ Աստծո անսահման զորությամբ, որը գործում էր նրանց տկարության մեջ, նրանց անարգանքի ու նվաստացման պահին: Եթե մենք գնանք առաջ ու տեսնենք` ովքե՞ր էին նրանք, որ շարունակեցին առաքյալների գործերը, այսինքն` սուրբ մարտիրոսներն ու նահատակները, կտեսնենք, որ այստե՛ղ ևս Աստծո զորությունը կատարվում էր մեծ փորձությունների և մարդկային տկարության մեջ: Հռոմեական կայսրության մեջ մարդիկ, ովքեր դավանում էին քրիստոնեությունը, հալածվում էին, անարգվում և ճանաչվում օրենքից դուրս: Պետությունը ամեն միջոցով ձգտում էր նրանց բնաջնջել երկրի երեսից: Նրանց հետապնդում էին, բանտ էին նետում, դատում և մատնում էին տանջանքների և մահապատժի հանձնում դահիճներին: Մարդկային, երկրավոր տրամաբանությամբ՝ այս մարդիկ միշտ գտնվում էին անարգանքի, անպատվության և նվաստացման մեջ: Բայց այս տկարության մե՛ջ էր գործում Աստծո մեծ զորությունը, դրա համար էլ նրանք ևս մեծ հաղթանակ տարան` դառնալով Տիեզերական Եկեղեցու սերմնահատիկն ու հիմքը: Իսկ մարդկային ուժերով հզոր և հարուստ Հռոմեական կայսրությունը, նրանց դեմ կռվելով, պարտություն կրեց, ճանաչեց նրանց իրավացիությունը և ինքն էլ դարձավ քրիստոնեական պետություն:


Առաքյալների ու սուրբ մարտիրոսների ճանապարհով գնացին Եկեղեցու մյուս սրբերը: Աստծո զորությունը, որը գործում էր նրանց մեջ, նույնպես կատարվում էր` խոնարհության, աշխատանքների, մարդկային գոռոզության նվաստացման, մարդկային փառքից հրաժարվելու մեջ: Շատ հաճախ սրբերը հարատևում էին հիվանդությունների, նեղությունների, հալածանքների և մարդկանցից վիրավորանքների մեջ: Սակայն այստեղ ուշադրություն դարձնենք այն բանին, որ չնայած արտաքին այս տկարությանը, սրբերի մեջ բնակվում էր Աստծո ամենազոր ուժը, այնպես որ, նրանք, ինչպես ասում է առաքյալը, «հավատո՛վ պարտության մատնեցին թագավորություններ, արդարություն գործեցին, հասան խոստմանը, առյուծների երախներ փակեցին, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմում, հաղթեցին օտար բանակների, կանայք հարության միջոցով ստացան իրենց մեռելներին», մի խոսքով, այս մարդիկ կատարեցին մեծ գործեր, սխրանքներ, մեծ նշաններ ու հրաշքներ:


Եթե նայենք քրիստոնյա պետություններին, կտեսնենք նույն իրականությունը` նրանք գրեթե բոլորը հասարակ և պարզ էին երեւում աշխարհի հարուստ, մեծ և հզոր պետությունների համեմատ: Հաճախ Աստված նրանց հանձնում էր օտարների և այլակրոն ու այլադավան ազգերի լծին, հաճախ նրանք ավերվում ու նվաճվում էին հզորների ձեռքից: Ինչու՞ էր Աստված այդպես վարվում: Նա թույլ էր տալիս դա, որովհետև Նրա զորությունը ի հայտ էր գալիս մարդկային տկարության մեջ: Այնտեղ, որտեղ երկրավոր ճոխություն ու հարստություն կա, Աստված Իր զորությունը չի հայտնում:


Փրկչի խոսքերով՝ քրիստոնյաները նման են մանանեխի հատիկին, որը բոլոր սերմերից փոքրն է, սակայն, երբ մեծանում է, գերազանցում է մնացածներին և դառնում մեծ ծառ, որի վրա թռչունները կարող են հանգստանալ:
Անշուշտ, տկարության մասին այս բոլոր ասածները պետք է ճիշտ հասկանալ, որովհետև որոշ անձինք հակված են մեկնաբանելու այն իրենց օգտին և սեփական սխալները, մեղքերն ու ծուլությունը տկարություն համարել: Ինչ-որ մեկը, ասենք, իր ծուլության և անհոգության պատճառով բաց է թողնում առավոտյան և երեկոյան աղոթքները և, ցանկանալով արդարացնել իրեն, ասում է. «Ոչինչ, Աստծո զորությունը տկարության մեջ է կատարվում»:

Պե՞տք է արդյոք այստեղ բացատրել, որ նման տկարությունը ոչ մի ընդհանրություն չունի ծուլության և անհոգության հետ: Այո՛, Աստծո զորությունը կատարվում է տկարության մեջ, սակայն մեր ներդրած ջանքերի, նվիրումի և ուժերի լարման պայմանով: Բավարար չէ միայն լինել պարզապես աղքատ կամ անուս, կամ հիվանդ, որպեսզի Աստծո զորությունը գա դեպի մեզ և գործի մեր մեջ: Որպեսզի այն գա, անպայման պահանջվում է մեզնից տկարության մեջ պայքարել և ուժ ներդնել` հետևելու քրիստոնեական կյանքի իդեալներին:
Այսպիսով, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, չվախենանք տկարություններից ու փորձություններից և չտրտնջանք դրա համար: Քանզի մեր տկարությունները, այսինքն՝ աղքատություն, հիվանդություն, վիշտ և դրանց նման բաներ, իսկական քրիստոնյաների համար Աստծո փրկարար զորության աղբյուր են: Այնպես որ, մենք պիտի ձգտենք տանել մեր կյանքի տկարություններն ու վշտերը սիրահոժար, հավատով ու համբերությամբ: Այնժամ և մենք առաքյալի պես կլինենք ուժեղ, այնժամ և մեր մեջ կգործեն անսահման Աստվածային զորությունները: Ամեն:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի Հոգևոր Հովիվ
Տեր Ընծա քահանա Միրզոյանը

Դիտվել է՝ 9108

Մեկնաբանություններ