«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«Հոգիս հողի պես ծարավի է Քեզ»

«Հոգիս հողի պես ծարավի է Քեզ»
25.02.2022 | 10:56

«Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր եւ աղաղակում էր` ասելով. -Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա եւ խմի: Ով Ինձ հավատում է,-ինչպես Գիրքն է ասում,-նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:37-38):


Մեծ տոնը, որի մասին հիշատակում է ավետարանիչը, Տաղավարահարաց տոնն էր: Այն նվիրված էր Եգիպտոսից` ստրկության տնից, հրեաների դուրս գալուն և Ավետյաց Երկիր ուղևորվելուն:
Տոնի յոթ օրերը հրեաների համար ցնծության և զվարճության օրեր էին: Տոնախմբողներն այդ օրերին տերևազարդ տաղավարների տակ էին բնակվում, ամեն օր զոհեր էին մատուցում, ուրախության հանդեսներ էին սարքում: Վերջին օրը ավելի մեծ հանդես էր կատարվում, որ հիշատակում էր ժայռից բխած ջրի հրաշքը (Ելք 17): Թափորով գնում էին Սելովի ավազանը, քահանան հանդեսով ջուրը բերում և ցնծության երգերի ու նվագարանների ձայների ներքո ջուրը լցնում էր տաճարի հատակին և ողջակեզների սեղանի վրա` պատկերելով Մովսեսի գավազանով ժայռից բխած ջրի տեսարանը, իսկ ժողովուրդը գոչում էր Եսայի մարգարեի խոսքերով. «Ահա Աստվածն իմ եւ փրկիչ Տերն իմ. ես հույսս դրեցի նրա վրա եւ երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն իմ փառքն է ու իմ օրհնությունը, եւ փրկություն եղավ ինձ համար: ՈՒրախության ջուր առեք փրկության աղբյուրներից» (Ես. 12; 2-3):


Եվ ահա այդ ամբողջ զվարճության, աղմուկի ու թոհուբոհի մեջ հնչում է Հիսուսի տիրական ու խրոխտ ձայնը. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի»: Ժողովուրդը լսում է մի կանչ, որը մինչև Հիսուս ոչ ոք այդքան հստակ ու վերջնական չէր ասել իրեն: Անապատում ժայռից բխած ջրի հրաշքը մնացել էր հրեաների մտքում իբրև պատմական իրողություն, իբրև խորհրդանիշ աստվածային ողորմածության, իբրև հավաստիք այն բանի, որ Աստված իր ժողովրդին չի թողնելու նույնիսկ ամենաանելանելի թվացող իրավիճակներում: Տոնախմբությունը խորհրդավոր հիշատակումի էր վերածվել: Բայց ահա հայտնվում է մեկը, որ ոչ թե խոսում է անցյալի հրաշքի մասին, այլ ներկայում տեղի ունեցող իրողության մասին: Եվ դեռ ավելին, խոսում է ապագայում լինելիք ավելի զորավոր գործերի մասին: Խոսում է հեղինակությամբ և ազդու կերպով, վկայում, որ այդ Ինքն էր անապատում իրենց հայրերին ջուր տվողը ու որ հիմա էլ Ինքը պատրաստ է տալ այդ Կենաց ջրից բոլոր նրանց, ովքեր սրտանց փափագում են խմել այդ ջրից: Իսկ այդ Կենաց ջուրը Տեր Հիսուս Քրիստոսն Ինքն է և Իր ուսմունքն ու վարդապետությունը, որ Սուրբ Հոգին տալու է Իր Եկեղեցուն: Ինչպես որ ջուրն է անհրաժեշտ ֆիզիկական կյանքի համար, այնպես էլ Փրկիչն ու Իր ուսմունքներն (Կենաց ջուրը) անհրաժեշտ են հավերժական կյանքի համար:


Հիսուս աղաղակում էր մարդկանց սրտերի ու մտքերի անզգամությունն ու թմբիրը հաղթահարելու համար: Ինչպես քնած մարդուն արթնացնելու համար ենք աղաղակում, որպեսզի նա չայրվի իրեն արդեն շրջապատած կրակի մեջ, կամ էլ անդնդի եզրին հասած մարդու հետևից ենք աղաղակում, որպեսզի նա այլևս չառաջանա և չգահավիժի անդունդը, այնպես էլ Հիսուս էր աղաղակում անզգամության ու մեղսասիրության թմբիրի մեջ ննջող մարդկանց, որ չէին էլ զգում իրենց պատած հոգևոր քաղցն ու ծարավը, գալ դեպի Ինքը` Կենաց ջրի աղբյուրը, որպեսզի գան և հագեցնեն իրենց հոգու ծարավը, որպեսզի ապահովագրեն իրենց հոգևոր անապատացումից, որպեսզի առնեն իրենց հետ այդ ջրից և բաշխեն այն բոլոր իրենց շրջապատողներին այնպես, ինչպես մեկ աղբյուրից բխող բազմաթիվ առվակները, վտակներն ու գետակներն են տարածվում և ոռոգում ողջ դաշտավայրը:
Սաղմոսաց գրքում ասվում է. «Դեպի Քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պես ծարավի է Քեզ» (Սաղմ. 14; 6): Մարդու ծարավը շատ նման է հողի ծարավին: Ինքն էլ հող է արդեն, որովհետև հողից է ստեղծվել: Մենք բոլորս հոգևոր քաղց և ծարավ ունենք: Բայց որտեղի՞ց են գալիս այդ քաղցն ու ծարավը, ի սկզբանէ դրանք ունեի՞նք, թե՞ ոչ:

Սուրբ Գիրքն ասում է, որ մեր նախահայր Ադամը ստեղծվեց դրախտում վայելչության, անսահման ուրախությունների ու երանությունների մեջ: Սակայն, երբ պատվիրանազանց եղավ, նրա հոգին դատարկվեց, նա վտարվեց դրախտից` հոգում պահելով դրախտի հիշատակն ու անեզր կարոտը: Եվ այդ կարոտը փոխանցվեց բոլոր ադամորդիներիս: Մենք ևս կարոտում ու փափագում ենք մեր հոգու մեջ ընդունելու Տիրոջ շնորհները, Նրա տված խաղաղությունը, որովհետև մեր Տերը մեզ խաղաղ է ստեղծել: Սուրբ Հոգու խաղաղարար աղբյուրը մեզ կրկին տրվում է և մշտապես հագեցնում: ՈՒրեմն, մեր հոգու հագեցումը Աստծո խոսքն է և մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան Հաղորդությունը:


Եվ այս Կենաց ջուրը նման չէ մեղքի ջրին, որը խմելով երբեք չենք հագենում, այլ մնում ենք ծարավ: Ցավոք, մարդիկ իրենց հոգու դատարկությունը լցնելու և ծարավը հագեցնելու համար ընտրում են այլևայլ ախտոտված աղբյուրներ. ոմանք խմիչքի մեջ են այդ հագեցումը փորձում գտնել, ոմանք` անառակության կամ մեկ ուրիշ արատի, բայց` ապարդյուն: Սուրբ Գիրքն ասում է. «Այդ բանի վրա ապշեց երկինքն ու խիստ սոսկաց,-ասում է Տերը,-քանզի երկու չարիք գործեց Իմ ժողովուրդը. Ինձ` կենաց ջրի աղբյուրիս, լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել» (Երեմ. 2; 12-13): Հիրավի, ապշեցուցիչ ու սոսկալի հիմարություն է իմանալ մաքուր աղբյուրի տեղն ու փորձել ծարավը հագեցնել կեղտաջրով: Ճիշտ է, որ բոլոր ժամանակներում էլ եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են մերժել Աստծո ծարավը` հայտարարելով, թե մարդը Աստծո կարիքը չունի` աշխարհում երջանիկ ու վայելքով լի կյանք ունենալու համար: Այդպիսիք մշտապես զգում են իրենց հոգու ծարավը հագեցնել չկարողանալու ցավը:


Մեզանից յուրաքանչյուրի համար այսօր էլ հնչում է Տիրոջ ավետաբեր կանչը: ՈՒրեմն, եկեք մենք էլ ականջալուր լինենք Նրա կանչին, գնանք դեպի Կենաց ջրի աղբյուրը, հագեցնենք ու զորացնենք մեր հոգիներն այդ կենարար աղբյուրից:


Տեր Պարգև քահանա Զեյնալյան
Սիսիանի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Դիտվել է՝ 6770

Մեկնաբանություններ