«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ճշմարտության հետ ծանոթությունից հետո

Ճշմարտության հետ ծանոթությունից հետո
21.02.2022 | 18:34

«Գիտենք, որ Աստծո Որդին եկավ եւ մեզ տվեց խելք, որպեսզի ճանաչենք Նրան, Ով Ճշմարիտն է. եւ մենք Ճշմարտի` Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետեւ Նա՛ է ճշմարիտ Աստված եւ հավիտենական կյանք» (Ա Հովհ. 5; 20):


Ճշմարտության` այսօր էլ լսելի պարզորոշ ու բարձրագոչ ձայնը ոմանց ունկերում լսվում է որպես անըմբռնելի, խլացուցիչ աղաղակ, ոմանց հասնում է անճանաչելիորեն խեղաթյուրված:
Ճշմարտությունը չունի մեղքի մասնաբաժին այս ամենում: Նա պարզ լույսի պես ցրում է ցանկացած խավար, բացի միայն մեկից՝ մարդկային հոգու խավարից: Եղիշե պատմիչն ասում է. «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»:

Մտավոր կուրությունը զրկում է ճանաչողությունից, բանական հոգու կուրությունը զրկում է ճշմարիտ ճանաչողությունից: Երբ մարդը սեփական հոգում տիրող խավարի պատճառով չի տեսնում նրա ախտերը, ինչպես մութ սենյակում չի երևում սենյակի մաքուր ու կարգավորված կամ կեղտոտ ու թափթփված վիճակը, ապա սա նշան է ճշմարտության լույսից մարդու պատկառելի հեռավորության և նրա հետ որևէ առնչության բացակայության: Հոգևոր խելքը մարդը ստանում է միայն Ճշմարտության հետ ծանոթությունից հետո: Սակայն այսօր հետևողականորեն վերահսկվում է մարդկային ճանաչողությունը, յուրաքանչյուր մարդու և ողջ մարդկության ճանաչողությունը: Մարդկությանը մատուցվող տեղեկատվական օրակարգում ճշմարտությունը ներառված չէ: Ոչ մի ճեղք ու ճաք անգամ չկա, որ նա ներս թափանցի, իսկ այն, ինչ ներս է սպրդում կամ սողոսկում մարդկային ճանաչողության թույլատրելի ոլորտ, ճշմարտության հագուստով համեստորեն պճնված սուտ է` պարզ կեղծիք: Բոլորին է հայտնի, թե ինչ բախտի է արժանանում մերկ և գեղեցիկ ճշմարտությունը, մինչդեռ արդարութուն զգեցած Ճշմարտությունը, ավա՜ղ, հայտնի է սակավաթիվ բախտավորներին: Ճշմարտությունը հայտնի էր նախնի Եկեղեցուն, իսկ մեզ հայտնի է միայն, որ նրանց հայտնի էր Ճշմարտությունը:

Դարձյալ ու դարձյալ հանգում ենք կրավորաբար ժառանգվող ու մեխանիկորեն փոխանցվող և, այնուհանդերձ, չապրվող սուրբ ավանդության` սրբորեն ավանդվող Ճշմարտության խնդրին: Բայց չէ՞ որ Ճշմարտությունը նաև Կյանք է: Կյանքը ինքնակա է ու ինքնաբավ, սակայն յուրաքանչյուրի համար վավերական է, երբ ապրվում է: Ճշմարտությունը մեր ազգի հետ եղել է միշտ, փոխանցվել և, անշուշտ, հասել է մեզ` որպես սերունդ, սակայն մեզ համար այն այլևս մաշկի գույն չէ, այլ վզի խաչ կամ պահանջատիրական մոմավառութուն: Ճշմարտությունը մեկ ամբողջություն է, սակայն որևէ մեկ մեղավոր ժամանակի ամեն պահի ամբողջ Ճշմարտութունը չի կարող կրել, այդ իսկ պատճառով մեզ տրվել է Ճշմարտության Հոգին, Ով պետք է մեզ ճշմարիտ ճանապարհով առաջնորդի դեպի Կյանք. «Երբ որ գա Նա` Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետեւ ոչ թե Ինքն Իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն կխոսի. եւ գալիք բաների մասին կպատմի ձեզ: Նա Ի՛նձ պիտի փառավորի, որովհետեւ ինչ որ առնում է Ինձանից, կհայտնի ձեզ» (Հովհ. 16;13, 14): Ճշմարտության Սուրբ Հոգին չի առաջնորդում տարածության ու ժամանակի մեջ, այլ առաջնորդում է ճշմարտության ու հավիտենության մեջ: Տարածության ու ժամանակի մեջ բոլորն էլ նույն տեղն են գնում, իսկ Հոգու առաջնորդությամբ գնում են դեպի հավիտենական կյանք:

Եթե մենք չենք առաջնորդվում Ճշմարտության Հոգով, ապա ունենում ենք Ճշմարտության միայն մի մասը, որը, ըստ էության, սուտ է կամ կեղծիք, քանզի Ճշմարտությունը չի կարող լինել հատվածական: Երբ Ճշմարտության մի մասը հայտնվում է մարդու տրամադրության տակ, նա դրանից հերձված է մոգոնում, և աղանդների լվացարարական ողջ գործունեությունն էլ հիմնված է սուրբգրային ցիտատաբանությունների վրա: Սուրբ հայրերը ավանդել են մեզ հոգևոր հաց, իսկ մենք չենք ուտում ու չենք հագեցնում մեր քաղցը, այլ այն սրբորեն փոխանցում ենք սերունդներին` սերնդեսերունդ էլ հյուծվելով ու մաշվելով հոգևորապես:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 11537

Մեկնաբանություններ