«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Անգիտությունը ո՛չ մի պարագայում չի փրկել

Անգիտությունը ո՛չ մի պարագայում չի փրկել
19.02.2022 | 10:20

«Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռոմ.6;23):


Աղանդավորական շարժումներ, հայակործան սորոսականներ, խաղատներ, ռոք ակումբներ, գիշերային ակումբներ, միասեռականների ակումբներ... նմանատիպ հաստատությունները ստեղծված են հոգեպես, երբեմն էլ նաև ֆիզիկապես մարդուն ոչնչացնելու համար:
Քանի-քանի մարդիկ ընկած են այս սատանայաստեղծ կառույցների թակարդը և կործանում են թե՛ իրենց ընտանիքները, և թե՛ հենց իրենց ու շարժում Աստուծո արդար բարկությունը: Երբեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս դա կարող է պատահել: Հայտնի է և գիտականորեն հաստատված, որ ցածր հաճախականության լուսային էֆեկտներն ու ձայները մարդուն հոգեկան կախվածության մեջ են գցում: Մարդը, մեկ-երկու անգամ հաճախելով այդ վայրեր, այլևս չի կարողանում կտրվել դրանցից, հենց այդ նենգամիտ և սրա նման այլ հնարքների շնորհիվ: Այսօր աշխարհում լուրջ ինստիտուտներ են աշխատում` քայքայելու պետությունները, ոչնչացնելու ընտանիքներն ու ստրկացնելու մարդուն: Բայց ո՞ւմ է այդ ձեռնտու, և ո՞վ է կանգնած դրա հետևում. իհարկե, սատանան` ողջ մարդկության չարիքի աղբյուրը, որը գործում է մարդու միջոցով, մարդու` ում համար Քրիստոս Իր Փրկարար Արյունը հեղեց, որպեսզի ով հավատա Նրան, Հավիտենական կյանքը ժառանգի: Սակայն մարդ արարածը, սատանային ականջալուր, արհամարհում է հավիտենական կյանք պարգևողին և իր մեռելոտի գործերով Աստծո արդար բարկությունն է շարժում բովանդակ ստեղծագործության վրա: Կյանքի հորձանուտը իրեն է քաշել բազմաթիվ մարդկանց և կործանման եզրին կանգնեցրել: Այդպիսի մարդիկ, սովորաբար, ունենում են լուրջ խնդիրներ, հիասթափված են, անտարբեր են շրջապատի, ընտանիքի, անգամ սեփական երեխաների հանդեպ: Արարչի սերը չճանաչելը կամ անգիտորեն արհամարհելը արդեն ինքնակործանման սկիզբ է մարդու համար, քանզի համաշխարհային պատմության հանգրվանները դիտարկելիս տեսնում ենք, որ անգիտությունը ո՛չ մի պարագայում չի փրկել ազգերին, ժողովուրդներին, պետություններին և հենց մարդուն ու դարձել է կորստյան և կործանման պատճառ:
Ամեն բան անում և ամեն միջոցի դիմում են, որ մեր երեխաներին անգամ մեր ձեռքից խլեն ու զոհ մատուցեն սատանային, որովհետև, եթե մարդու զավակը դառնում է աղանդավոր, խաղամոլ (սրանք խաբված մարդիկ են, որոնք, ամեն անգամ մեծ գումարներ տանուլ տալուց հետո, միամտորեն կարծում են, թե այս անգամ կշահեն և այսպես կամաց-կամաց առավել են մխրճվում թշնամու լարած թակարդը), թմրամոլ (այս արատը մեծամասամբ տարածվում է ռոք ակումբներում), անբարոյական կամ միասեռական, նա այլևս մերը չէ, չի ընդունում ոչ մի խրատ, անտեսում է բոլոր բարոյական նորմերը և իր ցանկությունները բավարարելու համար պատրաստ է դիմել ամեն տեսակ պիղծ քայլի: Հեռուստատեսության, համացանցի միջոցով մեզ հյուր են գալիս անբարոյականներ, որոնք գովաբանվում են, մարդասպանություն, գողություն, դաժան տեսարաններ ներկայացնող ֆիլմեր, որոնք ամենաուղիղ իմաստով ազդում են մարդու վարքագծի վրա: Եվ դա էլ ունի գիտական հենք. այն, ինչ մարդ տեսնում է, պահպանվում է ենթագիտակցության մեջ և արտահայտվում վարքագծով: Դեռևս իր ժամանակին Արիստոտելն ասել է. «Մարդը նմանակող էակ է»: Իսկ ԱՄՆ-ում 35 տարի առաջ գիտնականները նահանգներից մեկում այդպիսի գիտափորձ են կատարել. 2 ամիս շարունակ հեռուստատեսությամբ ֆիլմերի, գովազդի տեսքով ցուցադրել են անբարոյականություն և կողոպուտ, արդյունքում մոտ 70 տոկոսով աճել է այդ արատների ցուցանիշը, ապա ցուցադրել են ավտովթարներ, արդյունքում 2 ամսվա ընթացքում 62-70 տոկոսով աճել են ավտովթարները: Այսօր ավելի վատթար է վիճակը` հեռուստատեսությանը գումարվել են համացանցը, սմարթֆոնները:


Հարց՝ իսկ ո՞վ է կանգնած դրա հետևում, ու՞մ է անհրաժեշտ, որ այօրվա մարդը լինի խաղամոլ, թմրամոլ, այլասերված, աղանդավոր, ամբարտավան, դաժան ու դժբախտ, չէ՞ որ այսօր հենց դա է քարոզվում զանազան հնարավոր ու անհնար միջոցներով: Աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածպաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը» (Բ Տիմ. 3; 1-5):


Մենք իսկապես ապրում ենք աշխարհակործան վերջին ժամանակներում, և սթափվել է պետք, այլապես վերահաս պատուհասը չի ուշանա:
Կա ևս մեկ կործանիչ երեւույթ` անորակ, մարդասպան սնունդը` E կոչվող սննդային հավելումներով, որոնց մեջ կան քիմիական ներկանյութեր, գենետիկորեն ձևափոխված մթերք, կայունացուցիչներ, քիմիական միացություններ, որոնք անգամ որդերն ու կենդանիները չեն ուտում: Այդ տեսակ չարորակ սնունդը մարդկանց մոտ առաջացնում է ալերգիա, մարդիկ ձեռք են բերում զանազան հիվանդություններ, չարորակ ուռուցքներ, սրտանոթային, ստամոքսաղիքային համակարգի խնդիրներ, արյան ճնշում, մաշկային հիվանդություններ, առաջանում է ընկճախտ, այդպիսի սնունդ օգտագործող մարդիկ դյուրագրգիռ են ու ցրված, և այս ամենն էլ հաստատված է գիտության կողմից: «Ով մեղանչում է իր Արարչի հանդեպ, նա կընկնի բժշկի ձեռքը» (Սիրաք 38:15). դատելով աստվածաշնչյան այս տողերից` կարող ենք վստահաբար ասել, որ չարորակ սնունդ ընդունելը նույնպես մեղք է, որովհետև ազդում է մարդու և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական առողջության վրա, քանզի գիտենք, որ մեղքը հետևանք է ծնում:


Մարդը իր վարքագծով մեծ ազդեցություն է ունենում բնության, տարերքների և կլիմայի վրա, և ինչքան բացասական է նրա վարքագիծը, այնքան մեծ է ազդեցությունը բնության, կլիմայի վրա, և այնքան շատ է հակազդեցությունը: Բնությունը պատժում է մարդուն` իր չարության պատճառով, և որպես հետևանք թողնում բազմաթիվ ավերածություններ, հիվանդություններ, որին ականատես ենք մենք այսօր: Սա ևս հաստատված է գիտության կողմից:
Այսպես է ստեղծել մեզ Աստված, որ յուրաքանչյուր չարության համար ստանանք պատասխան` խրատվելու համար: Յուրաքանչյուր մեղք ծնում է իրեն հատուկ հետևանք. թմրամոլությունը, այլասերվածությունը ծնում են ՍՊԻԴ, աղանդավորությունը` հոգեկան խանգարումներ, խաղամոլությունը` նևրոզ, հոգեկան անկայուն վիճակ, անառակությունը` զանանազան սեռական հիվանդություններ, գիշերային ռոք ակումբներում ծաղկում է թմրամոլությունը, անբարոյականությունը:


Տե՛ս, մա՛րդ Աստծո, թե սատանան ինչպիսի որոգայթներ է լարել, որպեսզի քեզ թակարդը գցի ու կործանի, իսկ դու չես էլ նկատում, ապրում ես կուրացած, նվաստացած, քեզ նետած քո իսկ ստեղծած խնդիրների մեջ: Ոմանք կհարցնեն, թե կա՞ ելք, և ո՞րն է ելքը: Նման իրավիճակից դուրս գալու միակ ու անկրկնելի ելքը Քրիստոս է` Իր ապաշխարության կոչով, ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Ապաշխարեցե՛ք, որովհետեւ մոտեցել է Երկնքի թագավորությունը» (Մատթ. 4; 17), «...բայց ասում եմ ձեզ, եթե չապաշխարեք, բոլորդ էլ նույնպես կկորչեք» (Ղուկ 13; 3):
Այսքան թագավորներ, մեծահարուստներ են եկել-գնացել, շքեղ պալատներ կառուցել, հիմա ու՞ր են նրանց պալատներն ու գերեզմանները, շատերի անուններն անգամ անհայտ են, երեք-չորս սերունդ այն կողմ միևնույնն է ոչ ոք չի հիշելու ձեր գոյության մասին, մոռացվելու են ձեր հիշատակը, անուններն ու գերեզմաններն անգամ, էլ ինչի՞ վրա է մարդը իր հույսը դրել:
Զղջացե՛ք, խորհեցե՛ք ձեր անմտությունների մասին, վճռականորեն հետ կանգնեցեք չար ընթացքից, խնդրեցեք Աստծուց ձեր մեղքերի համար թողություն, այցելեք եկեղեցի, խոսեք ձեր քահանայի հետ, խոստովանեցեք ձեր մեղքերը և ապրեք որպես բարեպաշտ քրիստոնյա, որպես տունկ դրախտային Աստծո տան մեջ, որովհետև գրված է. «Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հովհ. 7; 39):
Երբ Տեր Աստված Սոդոմն ու Գոմորը պիտի կործաներ, Իրեն հավատարիմ ծառա Ղովտին պատվիրեց. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես» (Ծննդ. 19;17-21): Այս պատգամը Աստված այսօր էլ քեզ է ուղղում, մա՛րդ արարած, որ սեփական սոդոմ ու գոմորն ես ստեղծել քո ներսում, դուրս արի այս վիճակից, այլևս նախկին մեղքերիդ մի՛ նայիր, գնա՛ դեպի Քրիստոս, Նրա Արյամբ գնված Սուրբ Եկեղեցու միջոցով, որի գլուխը հենց Ինքը` Քրիստոս է, և փրկիր հոգիդ վերահաս պատուհասից, այլապես չես խուսափի կործանումից, կզղջաս, բայց ուշ կլինի, ինչպես Նոյի ժամանակներում: Եվ, ինչպես Սուրբ Գիրքն է վկայում, «...ոչ մի մարմին չի փրկվի» (Մատթ. 24; 22-23):


Գորիսի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ
Տեր Ահարոն քահանա Մելքումյան

Դիտվել է՝ 10897

Մեկնաբանություններ