«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հնարավորություն՝ հնարավորության մեջ

Հնարավորություն՝ հնարավորության մեջ
18.02.2022 | 12:52

«Արդ, եկեք ե՛տ դարձեք եւ ապրեցե՛ք» (Եզ.18;32):
Ժամանակին մարգարեները կանխագուշակում էին Փրկչի գալուստը, որ պիտի հիմնիվեր փոխեր մարդու կյանքի իմաստը և որակը, պիտի նրան ճիշտ ընթացք հաղորդեր և մարդու մեղավոր կյանքի տեղապտույտը նոր հունով դեպի հավիտենություն առաջնորդեր. «Անգամ կոտրված եղեգը չպիտի ջախջախի եւ առկայծ պատրույգը չպիտի հանգցնի», - ասում է Եսայի մարգարեն (Ես.42;3), այսինքն, պետք է տար Աստծո սերը և ողորմությունը` հնարավորություն հնարավորության մեջ:


Մարգարեները հույսով պատմում էին մի բանի մասին, որին իրենք ականատես չեղան, որովհետև մինչև Քրիստոս էին (Ա Պետր.1;12): ՈՒրեմն ինչքան մեծ է Աստծո սերը և ողորմությունը, որ մեզ պատվեց Իր Օծյալ Սրբի Նվիրումով: Մեզանից յուրաքանչյուրը մի կոտրված եղեգ է, մի առկայծ պատրույգ, օգտագործենք հնարավորությունը` այն արագահոս ժամանակը, որ կոչում ենք կյանք: Քրիստոսով եկան այն ժամանակները, որոնց համար Եզեկիելի բերանով Ամենակալ Տերն ասել էր, որ այլևս չի հիշվելու այն ասացվածքը, թե հայրերն ազոխ կերան, որդիների ատամներն առան. «Որովհետեւ բոլորի հոգիներն էլ Իմն են` ինչպես հորը, այնպես էլ զավակինը. ով որ մեղանչի, նա պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը` իր որդու անիրավությունները: Արդարի արդարությո՛ւնն է իր վրա ընկնելու, անօրենի անօրինությո՛ւնը` իր վրա»: Այդ մարգարեությունը իրականացավ Մկրտության խորհրդով: Տերը մկրտությամբ նոր հնարավորություն է տալիս մարդուն, երբ մարդը մկրտվում է և արդարանում, մաքրվում մեղքերից, ազատվում դևերից ու հնարավորություն է ստանում ծառայելու Աստծուն (Մատթ. 12; 43 - 45):


Դևը դուրս է գալիս մարդուց, բայց կան մարդիկ, որ չեն թողնում տանտիրոջը Քրիստոսին ընդունել մաքրված ու հարդարված տան հարկից ներս, որովհետև տանտիրոջը Քրիստոսին ավելի սարսափելի են ներկայացնում, քան դևերն են: Սրանով նրանք ջախջախում են կոտրված եղեգը և ընդմիշտ հանգցնում են առկայծ պատրույգը, անում են մի բան, որ Քրիստոս Ինքը` Տիեզերքի Ճարտարապետն ու Փրկիչը հարմար չգտավ անել: «Վայ նրան, ում ձեռքով կգա գայթակղությունը»,- զգուշացնում է Նա:


«Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի, եւ եթե նրա վրա թքես, կմարի» (Սիրաք. 28;14): Աստված էլ չթքեց առկայծ պատրույգի` մեղավոր մարդկության վրա, այլ նրա վրա փչեց Իր Սուրբ Հոգին ու ևս մեկ հնարավորություն տվեց:
«Միթե Ես մեղավորի մահն եմ տենչում,-ասում է Տեր Աստված,- եւ ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18; 23): Աստված չի կամենում մեղավորի մահը. սա մի փաստ է, որ լռեցնում է բոլոր ճակատագրապաշտներին և իրենց բոլոր ցավերի ու դժբախտությունների, սխալների ու մեղքերի մեջ Աստծուն մեղադրողներին: Մենք ցանկանում ենք ապրել մեր ուզած ձևով, բայց երբեք որևէ ցավ ու կարիք չունենալ. շատ վտանգավոր է Աստծուն պայմաններ թելադրելը, մանավանդ, երբ մենք հակառակը չենք հանդուրժում: Արդեն հայտնի է, թե Աստված ինչ է ուզում՝ մեղավորի դարձը և ապրելը, իսկ թե ինչ է ուզում կոտրված եղեգն ու առկայծ պատրույգը, վաղուց արդեն մարդը չի որոշում: Կան մարդիկ, որ անհողդողդ մնալով իրենց անզգամության ու անհավատության մեջ, կարծես թե Աստծուն ասելիս լինեն. «Դու մեզ համար ոչինչ մի արա, որ կարողանանք քեզ հանգիստ ատել»,-չգիտակցելով, որ հենց այդ խոսքերն անգամ Նրա շնորհիվ են մտածում, քանզի Նրանով ենք ապրում և շարժվում և կանք:


Հիսուս ողջ մարդկության Փրկիչն է և մեղքի դժոխային կապերից ազատեց մարդկային բոլոր սերունդներին` հոգով դժոխք իջնելով և այն ավերելով, բայց այսօր ամբողջ աշխարհում հնչող Նրա խոստացված Ծննդյան ամենահաղթ ավետիսն իրապես արժեքավոր է Նրա Սուրբ Եկեղեցուց ներս և Նրան ճշմարտապես հավատացողների շուրթերին. նրանց, որ արձագանքել են Ամենակալ Տիրոջ վերադարձի կոչին:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 8540

Մեկնաբանություններ