Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Հայկական բանակն ի վիճակի է պաշտպանել ԼՂ-ն առանց ռուսների օգնության»

«Հայկական բանակն ի վիճակի է պաշտպանել ԼՂ-ն առանց ռուսների օգնության»
27.04.2016 | 17:21

Washington Post-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը օրեր առաջ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանից, իր հոդվածում նա անդրադարձել է Ղարաբաղ այցելությանը, պաշտոնյաների հետ վարած հարցազրույցներին եւ Ղարաբաղից ստացած տպավորություններին։ «Այսպես կոչված սառեցված հակամարտությունն այստեղ 22 տարի անց նորից բռնկվեց ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին շփման գծի 200 կմ երկայնքով։ Թեպետ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջամտությամբ կրակի դադարեցման բանակցություններ սկսվեցին, բայց ապրիլի 25-ին ինտենսիվ մարտերը ցույց են տալիս, որ լայնածավալ բռնկումը վտանգավոր հեռավորության վրա է։ Անցյալ գիշեր Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու հայ զինծառայող էր զոհվել»,- գրում է հեղինակը՝ մեջբերելով Լեւոն Մնացականյանի խոսքը, որ Ղարաբաղում փխրուն հրադադարին կարող է վերջ դրվել մի քանի օրում։
Հոդվածում անդրադարձ է կատարվում հակամարտության լուծման ուղղությամբ միջնորդների գործադրած ջանքերին: Հեղինակն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեպետ Մոսկվան միջնորդել է հրադադար կնքելու հարցում, սակայն շարունակում է զինել երկու կողմերին էլ։ ԱՄՆ-ը նույնպես հույս ունի կանխել հակամարտության բռնկումը, սակայն բավականաչափ դիվանագիտական ազդեցություն չունի կողմերի վրա, կարծում է հեղինակը։ «Այդ պատճառով Ադրբեջանը, դատելով իրենց մամուլի հրապարակումներից, համարձակություն էր հավաքել դիմել վերջին հարձակմանը»,- գրում է հոդվածագիրը։
«Ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ այլ օտարերկրյա լրագրողների եւ Եվրախորհրդարանի անդամների հետ։ 90 րոպե ուղղաթիռով թռչելուց հետո մենք վայրէջք կատարեցինք հիասքանչ մի բլրի վրա։ Տեղանքն ինձ Շվեյցարիան հիշեցրեց։ Ոչ միայն լեռներով, այլ կոկիկ մաքրած փողոցներով եւ խրոխտ կեցվածքով անկախ մարդկանցով»,- շարունակում է հեղինակը։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հարցազրույցին, որում նա նշել էր, որ ԼՂՀ ուժերը չէին սպասում ապրիլի 2-ի լայնամասշտաբ հարձակմանը, սակայն մինչեւ այդ էլ Ադրբեջանի կողմից նախանշաններ եղել են. օգոստոսից ի վեր իրականացրած հարձակումների հետեւանքով զոհվել էր 21 հայ զինծառայող, վիրավորվել՝ 113-ը։ Ադրբեջանի զինանոցի հարստացումը ռուսական տանկերով, թուրքական հրթիռներով եւ իսրայելական անօդաչու սարքերով այդ հարձակման նախապատրաստման մասին էին խոսում։ «Հայկական կողմը, որն իբր թե ապահովված է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքով, չէր սպասում Ադրբեջանի հարձակմանը»,- գրում է Դեյվիդ Իգնատիուսը։ «Մարտավարական առումով նրանք գուցե ինչ-որ հաջողություն են գրանցել, բայց հաշվի առնելով, թե ինչ կորուստներ են տվել դրա դիմաց, դա ավելի շուտ պարտություն է նրանց համար»,- մեջբերում է թերթը Մնացականյանի խոսքը եւ հիշեցնում, որ Ադրբեջանը քառօրյա մարտերում կորցրել է 24 տանկ, եւ թեպետ երկու կողմն էլ մեծաքանակ մարդկային կորուստներ են տվել, Ադրբեջանը շտապում է կատարվածը ներկայացնել որպես 1992-1994թթ.-ից հետո գրանցած խոշոր հաղթանակ։ Մնացականյանը պնդում է, որ հայկական բանակն ի վիճակի է պաշտպանել Ղարաբաղն առանց ռուսների օգնության։ «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք կարող ենք կանգնեցնել ցանկացած հակառակորդի։ Եթե պատերազմը շարունակվի, մենք ոչ միայն հետ կմղենք նրանց, այլ առաջ կգնանք»,- մեջբերում է թերթը Լեւոն Մնացականյանի խոսքը։
«Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ վերջին պատերազմը փոխել է հաշտության մասին իր պատկերացումները։ «1994-ին պատերազմի ավարտից հետո ես պաշտպանում էի Ադրբեջանի հետ երկխոսությունը։ Հիմա մեր ազգը մի կողմ է դրել նմանատիպ բոլոր պատրանքները»,- ասել է նա։ «Օդանավակայան վերադառնալու ճանապարհին կանգնած է ազգային հուշարձանը՝ կնոջ եւ տղամարդու գլուխների տեսքով։ Նրանք ասես ամուր խրված են իրենց հողի մեջ եւ այդպես էլ կոչվում են «Մենք ենք մեր սարերը»։ Դրանով հստակ ասում են՝ մենք մեր տեղից չենք շարժվի»,- եզրափակում է հեղինակը։

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ