ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Որովհետև նրանք կամիկաձե չեն

Որովհետև նրանք կամիկաձե չեն
16.11.2012 | 13:08

Ավատատիրական հարաբերությունների ժամանակներն ու պատմություններն ինձ թվում էին քաղաքակրթության ու մարդկության անցած ճանապարհի տևական, բայց ընդամենը մի դրվագ: Զարգացման ճանապարհի հատված: Հիշում եք, չէ՞, հայտնի պարույրը, որի ամեն մի գալարը նախորդից ավելին էր: Ավատատիրական հարաբերությունները գուցե իրենց առաքելությունն ավարտել են աշխարհում, բայց ոչ Հայաստանում: Հայաստանում ավատատիրական հարաբերությունների պատմությունը շարունակվում է, և այդ իրավահարաբերությունները հանգիստ համատեղվում են իրավական պետության հետ, սոցիալական պետության հետ ու անգամ ժողովրդավարության: Ձեզ այդ սիմբիոզը չի՞ հմայում: Ինչո՞ւ: Չէ՞ որ ձեր կյանքն է:

Եվ մեղավորը դուք չեք, մեղավորը նախագահական համակարգն է, 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին չանցնելու անվճռականությունն ու մեկ էլ նրանք, ովքեր ամեն տեղ տեսնում են Ռոբերտ Քոչարյանի ստվերը, իսկ նա, պարզվում է, ստվեր չունի, որքան էլ դա անբնական է: Անտրամաբանական ու անհավանական: Հետո ի՞նչ: Ոչինչ: Իսկապես ոչինչ: Մարդ է` ստվեր չունի: Գուցե նրա կյանքում արևը միշտ զենիթում է:
Նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտն անցավ առաջին` անդորրի փուլը: Իրականում դա բոլորովին էլ անդորր չէր, այլ խաղաղ խորհրդածությունների ժամանակ, երբ գույքագրում ես սեփական ուժերդ, հետախուզում հավանական մրցակիցներիդ ռեսուրսներն ու հանգում որոշման: Փուլն ավարտվեց, որոշում չկա: Ավելի ճիշտ` կա որոշման հանգելու որոշում, բայց դա արդեն երկրորդ փուլում: Երկրորդ փուլն այն ժամանակն է, երբ պիտի կայացվի որոշում: Երբ նաև կարող է որոշում չկայացնելու որոշում կայացնել: Բոլոր դեպքերում այս այն խաղն է, որ պիտի խաղալ ոչ միայն արդյունքի, այլև շարունակության վրա: Իսկ շարունակությունը ենթադրում է առաջիկա հնգամյակի կյանքը, և այդ կյանքի հնարավոր զարգացումները հետագա տարիներին` աջ ու ահյակ տարբերակներն ու նույնիսկ տարբերակների տարբերակները: Ոչ այն պատճառով, որ խնդիրը վերաբերում է պետությանն ու ժողովրդին (ինչ ուզում եք` ասեք, վերացական-հավաքական հասկացությունները մեր օրերի Հայաստանում պոպուլյար չեն), այլ կոնկրետ անձին, կոնկրետ հարցերին, օբյեկտներին, չափերին, քանակին ու թվերին: Եթե երկրորդ փուլն ավարտվի առանց կոնկրետության, դա ընդամենը նշանակելու է, որ հետագա տարիների կյանքը այդպես է ծրագրվում:
ԲՀԿ-ն արդեն հանդիպել է ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», ՀԱԿ-ին: Հանդիպումները, ինչպես և ենթադրվում էր, առանձնապես չեն լուսաբանվում ու չեն մեկնաբանվում, ասվում են հավուր պատշաճի խոսքեր, ոչինչ չասող հայտարարություններ են արվում, որը բնական է, քանի դեռ գտնված չէ ընդհանուր հայտարարը, որը պարտադիր չէ, որ լինի ի դեմս նախագահական ընտրությունների միասնական թեկնածուի: Ընդհանուր հայտարարը կարող է լինել որոշակի գաղափարի կենսագործում, որոշակի ծրագիր` իր կատարման մեխանիզմներով: Եվ եթե ծովածավալ Հայաստանի վիթխարի քաղաքական դաշտի անհաշիվ կուսակցությունները կարողանան այդ մեկ քայլն անել, դարակազմիկ իրադարձություն կլինի: Այնքան դարակազմիկ, որ նույնիսկ կարևոր չէ` ո՞ր ուղղությամբ կլինի այդ քայլը: Երկրորդ փուլի հայտանիշներից մեկն էլ ՀՀԿ-ի վարքագծի փոփոխությունն է. եթե առաջին փուլում ՀՀԿ-ն նոստալգիկ հանդարտությամբ սպասում էր, երկրորդում հիշել է աստվածաշնչյան «Ակն ընդ ակն, ատամն ընդ ատաման» ճշմարտությունը և սկսել է հակադարձել:

Ճիշտ է` առայժմ բավականին հեղհեղուկ ֆեյսբուքյան մակարդակով հիմնականում, բայց նաև հատուկենտ լուրջ վերլուծությամբ: Ամեն ինչից բացի, ՀՀԿ-ն նաև շարունակում է ղեկավարել պետական կառավարման համակարգը, և այդ շրջագծում 2013-ի պետական բյուջեի նախագծի քննարկումներն անցան: Բավականին կանխատեսելի: Հիանալի հնարավորություն ընդդիմության համար` ապացուցելու, որ իշխանությունը իրականում քանդում է երկիրը, այն պարագայում, երբ ինքը կարող էր նույն միջոցներով, նույն ժամանակամիջոցում ունենալ տասնապատիկ (տեղ-տեղ ավելիապատիկ) արդյունք: Իսկ իշխանությունը պիտի դիմադարձի ու ապացուցի, որ անում է ավելին, քան հնարավոր էր նույն միջոցներով ու նույն ժամանակամիջոցում: Սա այն դեպքն է, երբ ճշմարտությունն իսկապես միջակայքում է, և կողմերից որևէ մեկը չի կարող ամբողջությամբ անկեղծ ու ճշմարիտ լինել: Այս դեպքում միակ ճշմարտությունը թերևս ապրանքների և ծառայությունների գների հարաբերությունն է յուրաքանչյուր քաղաքացու եկամուտներին: Եվ այդ ճշմարտությունն ավելի ճշմարիտ է լինելու, քան բյուջեի վերաբերյալ հնչած բոլոր տեսակետները, տոկոսները, թվերը, խոստումները, վարկ-հաշվարկները միասին: Որովհետև ամեն մեկն առանձին ու անհատապես է ապրում իր կյանքը, բայց ոչ ոք չի կարող ավելի լավ ապրել, քանի դեռ բոլորը չեն սկսել լավ ապրել, և սա աղճատված ընկալումը չէ սոցիալիստական իդեա-իդեալների, սա փորձի թելադրանք է:
Որքան էլ առաջին-երկրորդ փուլերի պայմանական-իրական բաժանումներ անենք` ավելի հասկանալի դարձնելու համար քաղաքական դաշտի ու մեր կյանքը, որքան էլ փորձենք այս ու այն փուլն իմաստավորել ու հիմնավորել, ակնհայտ է, որ գլխավոր հարցերը դեռ պատասխաններ չունեն: Ավելին` ամեն կուսակցություն իր համար գլխավոր հարցերի սեփական օրակարգն ունի, սեփական ժամանակացույցն ու գերակայությունների ընկալումները: Այնուամենայնիվ, եթե վերացարկման ու ընդհանրացման հանդգնություն դրսևորենք, պիտի արձանագրենք որոշ հարցեր.
1. Ավարտվելո՞ւ է այլընտրանք կատեգորիան քաղաքական դաշտում և ե՞րբ:
2. ԲՀԿ-ն իրեն հայտարարելո՞ւ է ընդդիմություն և հավակնելո՞ւ է համախմբելու ընդդիմադիր դաշտը:
3. Նոյեմբերյան հանդիպումներում քննարկվո՞ւմ են պետական-հասարակական կարևորության հարցեր, թե՞ ընդամենը ամեն կուսակցություն փորձում է իր վերարտադրման հարցերը հնարավորինս շահավետ լուծել:
4. Հնարավո՞ր է, որ կարապը, գայլաձուկը, խեցգետինը և սայլը շարժվեն նույն ուղղությամբ: Գործնականում առայժմ միայն ՀՅԴ-ն չի խոսում տարաձայնություններից, ՀԱԿ-ում տարաձայնում են Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունում»` Զարուհի Փոստանջյանն ու մյուսները:
5. Հավանակա՞ն է միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրում, և ո՞վ է լինելու այդ թեկնածուն` Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Վարդան Օսկանյա՞նը, թե՞ միստր X-ը, որ միատեղում է բոլորի արժանիքները և հավասարապես ընդունելի է:
6. Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում ի՞նչ խճանկար է հավաքվելու, ով ով է դառնալու, նախագահը` նախագահ, ո՞վ է լինելու վարչապետը: Ո՞վ է լինելու Երևանի քաղաքապետը:
7. Հետընտրական իրավիճակը Հայաստանում զարգանալու է ավանդակա՞ն ճանապարհով, թե՞ սպասվում են աննախադեպ քայլեր, ասենք` պարտված թեկնածուն ընդունում է իր պարտությունը և շնորհավորում հաղթող թեկնածուին:
8. Նախագահական ընտրություններից հետո տնտեսական լծակների վերաբաշխում սպասվո՞ւմ է, եթե այո, ի՞նչ սկզբունքներով, եթե ոչ, ի՞նչ ճակատագիր են ունենալու բարեփոխումները:
9. Ընդդիմադիր դաշտի դիմազրկումը շարունակվելո՞ւ է, թե՞ ստեղծվելու է իրական ընդդիմության ձևավորման հնարավորություն:
10. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իշխանության բաժանման ու վերաբաժանման իրենց գործընթացներում մինչև ո՞ւր են հասնելու և պատրա՞ստ են վերջակետի:
11. Ընտրություններից հետո պետական պաշտոնների հիերարխիայում մինչև ո՞ր մակարդակն են հասնելու փոփոխությունները:
12. Արտաքին ներգործությունը ո՞վ ինչպես է օգտագործելու: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի շահերը Հայաստանում սկսվում ու ավարտվում են ժողովրդավարական ինստիտուտների, պաշտպանական համակարգերի ու աշխարհաքաղաքական դիրքի ճշգրտմա՞մբ, թե՞ կա X խնդիր, որ այդ պետությունների ազդեցությունը Հայաստանում ընդլայնելու է: Անմիջապես ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը նկատի չունեմ:
13. Վերջապես ամենակարևոր հարցը` Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքացին առաջիկա հինգ տարիներին ինչպե՞ս և որտե՞ղ է ապրելու և աշխատելու:
Ինչո՞ւ չթվարկեցի ընտրակարգի ու պետական կառավարման համակարգի փոփոխության հարցերը: Որովհետև առայժմ այդ հարցերն ընդամենը ընդհանուր հայտարարի դերում են և էական նշանակություն չեն ունենալու երկրի ճակատագրում: Գուցե` ցավոք: Գուցե` բարեբախտաբար: Եվ եթե քաղաքական ուժերը չխոստովանեն, որ հենց այս ու սրանցից ածանցյալ հարցերի շրջանակում է պտտվում քննարկումների, երկխոսությունների-բազմախոսությունների, խորհրդակցությունների իրենց խաղը, ավելի վատ իրենց համար, ուրեմն նրանք կտրված են իրենց երկրի իրականությունից ու որոնում են անձնական խնդիրների լուծումներ ու անձնական շահերի պաշտպանություն: ՈՒրեմն նրանք կամիկաձե չեն: Նրանք, քաղաքագիտական վերլուծություն են անում, թե տրակտոր են բաժանում, պետության ցուցափեղկն օգտագործելու են իրենց ինքնահաստատման համար: Դա նաև խաղն է պահանջում: Ինչու թվարկման այս ոչ հակիրճ ցանկում չնշեցի Ռոբերտ Քոչարյանի՞ն իր վերլուծություններով: Որովհետև իր վերջին հարցազրույցով, որը, ի դեպ, ամենատխուրն էր նրա բոլոր երկար ու կարճ հարցազրույցներից, նա ընդամենը բաց տեքստով ասում էր` հույս չունենաք, վերադառնալու եմ` երբ լինի, ինչպես լինի, վերադառնալու եմ, որովհետև 2000-2008 թվականները շատ կարճ, շատ քիչ ժամանակ էին, որ Հայաստանի պես փոքր-մոքր երկիրը դառնա ֆեոդալական տարածք, և ես` ֆեոդալների ֆեոդալ: Չե՞ք հավատում, տեսեք ինչ քաղաքական դեմքեր են իմ հիմնադրած կուսակցությունում` բոլորն իմ կադրերն ու իմ վասալները, մի՞թե նրանք արժանի չեն ֆորաների: Իսկ երկրորդ նախագահի մինի հարցազրույցը շատ տխուր էր, որովհետև նա արդարանում էր ու միաժամանակ մեղադրում, և այդ երկվությունն այլևս ճակատագիր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իբրև տեստ (չշփոթել թեստի հետ) միայն մեկ հարց` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անփորձությունի՞ց, թե՞ բազմափորձությունից էր հանձն առնում արագացնելու Ղարաբաղի հարցի լուծումը: Հավատա՞լ, թե՞ չհավատալ նրա խոսքին: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ներքաղաքակա՞ն, թե՞ արտաքին քաղաքական օրակարգի հարց է Ղարաբաղը: Մի՞ սերնդի, թե՞ մի քանի սերնդի կյանքի գործ է լինելու հարցի լուծումը: Ո՞ր բանաձևն է խելամիտ` «Նախ` ժողովրդավարություն, հետո` լուծում», թե՞ «Նախ լուծում, հետո` ժողովրդավարություն», որ արդեն երկու տասնամյակ ու ավելի չի գտնում իր կենսագործման բանալին:

Դիտվել է՝ 2681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ