Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ի՞նչ է անմահությունը

Ի՞նչ է անմահությունը
18.05.2012 | 05:49

Ավագ քահանա Վալենտին ՍՎԵՆՑԻՑԿԻ

(1882-1931)

(սկիզբը` նախորդ համարում)

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Պատկերացրու, ես համաձայն եմ շատ մտքերի հետ: Սակայն իմ եզրակացությունները բոլորովին այլ են: Նախքան դրա մասին խոսելը, մի փոքր շեղվեմ գիտական և մաթեմատիկական ապացույցների կողմը: Այ, դու ասացիր անհավատ գիտնականների մասին, որոնց անունները քեզ խանգարում են անվերապահ հավատալու: Այդ դեպքում այն մեծ գիտնականների անունները, ովքեր հավատում էին, ինչո՞ւ չեն քանդում քո անհավատության պարիսպները: Այդ դեպքում ինչո՞ւ չես ասում. «Մի՞թե նրանք անտեղյակ են անհավատ մարդկանց դիտողություններին: Անկասկած, առարկություններ կան, սակայն ես չգիտեմ դրանք: Հակառակ դեպքում բոլորը պետք է լինեին անհավատ»:

Գիտնական Պիրոգովը իր «Օրագրում» այսպիսի տողեր ունի. «Հավատը, ըստ իս, մարդու հոգեբանական այնպիսի ընդունակություն է, ինչն ամենից շատ է նրան տարբերում կենդանիներից»: Մեծագույն գիտնականներ, փիլիսոփաներ, գրողներ… Մի՞թե բոլոր այդ մարդիկ չգիտեին ինչ-որ բաներ, որոնց մասին գիտես դու, և մի՞թե նրանք գիտեին ավելի քիչ, քան ժամանակակից շարքային անհավատ մարդը: Ինչո՞ւ այդ անունները չեն ստիպում քեզ ասելու անհավատության մասին գոնե հենց այն, ինչը դու ասում ես հավատի մասին. «Այդ դատողություններն անհավատությունը ինձ համար դարձնո՞ւմ են հասարակ հնարավորություն»: Իսկ հիմա` մաթեմատիկական ճշմարտությունների մասին: Նույնիսկ այստեղ ոչ ամեն ինչ է անտարակուսելի, ինչպես թվում է քեզ: Երբեմն տարրական մաթեմատիկական ճշմարտությունները տեսանելի հակասության մեջ են ավելի բարձր կարգի մաթեմատիկական ճշմարտությունների հետ: Տարրական երկրաչափությունից գիտենք «մաթեմատիկական ճշմարտությունը» այն բանի մասին, որ երկու զուգահեռ գծերի բոլոր կետերը հավասար հեռավորության վրա են գտնվում մեկը մյուսից: Սակայն բարձրագույն մաթեմատիկան հաստատում է, որ զուգահեռ գծերն անվերջության մեջ հատվում են: Տարրական թվաբանությունից մենք գիտենք, որ գումարը չի փոխվում գումարելիների տեղերը փոխելիս: Սակայն մեխանիկան հաստատում է, որ այդ գումարը գումարելիների փոփոխումից փոխվում է:

Այո՛, դու ճիշտ ես, երբ ասում ես, որ անտարակուսելի հավատ կարող է տալ փորձառությունը: Ոչ թե փաստերը, այլ հենց փորձառությունը: Յուրաքանչյուր փաստ կարելի է դնել կասկածի տակ: Իսկ փորձառությունն այլ բան է: Փորձառությունն էլ հենց հավատի անենաամուր հիմքն է: Այսպիսով, վերացական դատողությունների նշանակության վերաբերյալ քո ճիշտ գնահատումից կարելի է եզրակացնել, որ եթե մարդը չունի կրոնական փորձառություն, ո՛չ փաստերը, ո՛չ դատողությունները չեն տա նրան իսկական հավատ: Առանց այդ փորձառության նա կարող է միայն «հնարավոր համարել» այն ճշմարտությունները, որ սովորեցնում է հավատը, բայց միշտ վերապահությամբ. «Իսկ գուցե այդպե՞ս չէ»: Եթե տեսնում ես արևը քո սեփական աչքերով, մի՞թե համոզվածությունը, որ այն գոյություն ունի, գոնե ինչ-որ չափով կախում ունի այն բանից, թե այն տեսնում են և ուրիշները: Եթե մեծամասնությունը կորցներ արևը տեսնելու հատկությունն ու սկսեր պնդել, թե այն չկա, մի՞թե դու կերերայիր և արևի մասին կասեիր` գուցե և այն գոյություն չունի:

ԱՆՀԱՅՏ- Միևնույն է, ես չեմ հասկանում, թե ինչպիսի փորձառությունը կարող է համոզել անմահության իրական լինելը:

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այն ներքին փորձառությունը, որը հավատացյալ մարդկանց մեջ նույնքան աներկբայելի է, որքան քեզ համար, անկասկած, իրողություն է քո արտաքին զգացումների տեսանելի փորձառությունը:

ԱՆՀԱՅՏ- Ասա՛ մանրամասն, թե ինչ ես հասկանում «ներքին փորձառություն» ասելով:

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Սեփական հոգևոր անմահ սկզբունքի ներքին զգացումը:

ԱՆՀԱՅՏ- Սակայն արևը բոլորն են տեսնում, իսկ զգացումը, որի մասին դու խոսում ես, ունեն քչերը:

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այո՛: Եվ դա ունի իր պատճառները: Մարդկանց մեծամասնությունն ապրում է ոչ հոգևոր կյանքով: Բարձրագույն խորհրդավոր սկզբունքը մարդու մեջ, որը կոչվում է ոգի, մնում է նրանց կյանքից դուրս: Բնական է, որ նրանք կորցնում են սեփական հոգևոր բնության հենց զգացումը: Նա բոլորովին խափանված ու ճնշված է իրական զգացական տպավորություններով և ապրումներով: Նրանք բոլորն ապրում են մարմնական կյանքով և այդ պատճառով ունեն զգացական փորձառություն: Հարկավոր է խորությամբ նայել սեփական ներքին աշխարհին: Հարկավոր է կյանքի կոչել ամայացած հոգևոր սկզբունքը, պետք է սկսել սնել նրան հոգևոր սննդով: Այդ ժամանակ աստիճանաբար այդ ներքին ապրումներում, անկասկած, կբացվի հոգու իրական լինելը, հավիտենական սկզբունքի իսկությունը նրա մեջ, էական տարբերությունը մարդու մարմնավորության և չկործանվող ոգեղենության միջև: Այն, ինչը վերաբերում է ներքին կյանքին, դժվար է արտահայտել բառերով։ Այդ պատճառով էլ դժվար է նկարագրել և այն փորձառությունը, ինչի մասին դու հարցնում ես: Այդ փորձառության մեջ դու զգում ես կյանքը բոլորովին նորովի, դու կարծես ընկղմվում ես նրա մեջ ամբողջովին, ու դա բաց է անում քո առջև այն իրողությունը, որ նրա էությունը կատարելապես ուրիշ է, քան նյութի էությունը: Դու կյանքի այդ զգացողության միջոցով կզգաս ինչ-որ շոշափում մի այլ աշխարհի հետ` ոչ նյութական, և այլ մարդկային հոգիների հետ, դու կսկսես ըմբռնել ներքին վիճակների այնպիսի երանգներ, որոնք առաջ չէիր նկատում, և որոնք ակնհայտորեն ունեն ոչ երկրային ծագում: Քո առաջ կբացվեն քեզ անծանոթ զորությունների մշտական ազդեցությունները քեզ վրա, որոնք ընդհանուր ոչինչ չունեն նյութական աշխարհում գործող ուժերի հետ: Այդ ապրումների շնորհիվ հոգիդ կմտնի կատարելապես այլ աշխարհ, քո մարմինն ու նյութական աշխարհը կսկսեն ճնշել քեզ իրենց քարացությամբ և ծանրաքաշությամբ: Դու ուրախությամբ կպարփակվես ինքդ քո մեջ, որպեսզի լինես այն` այլ աշխարհում, որը քեզ համար ավելի թանկ կդառնա, ավելի մոտ ու ավելի հարազատ, քան ծանրաքարշ ու անշարժ նյութական աշխարհը: Եվ որքան ավելի հոգևոր է մարդը, այնքան անվիճելի է նրա համար ներքին փորձառության վկայությունը առանձնահատուկ, անիմանալի, սակայն աներկբայելի հոգևոր աշխարհի մասին, ինչին ենթարկվում է և նրա անմահ հոգին: Անհավատությունը, այսինքն` անմահության այդ անմիջական իմացության բացակայությունը, կսկսի թվալ նույնքան տարօրինակ, որքան դա կթվար տեսողություն ունեցող մարդուն, եթե որևէ ոչ կույր մարդ ընդունակ չլիներ տեսնելու արևը: Իրոք, ստեղծվում է մի վիճակ, երբ մարդը, որն ունի իր մեջ այլ, աննյութական աշխարհի և սեփական հավիտենական կյանքի անժխտելի ապացույց, շարունակում է պնդել, որ հավերժական կյանք չկա, և իր գիտակցությունը չի կարող ընդունել այնպիսի անհեթեթություն, ինչպիսին է անմահությունը:

Թվում է` մտածելու բան էլ չկա, և ոչ մի տրամաբանություն էլ պետք չէ, ուրիշ փաստեր էլ անհրաժեշտ չեն, բացի մեկից, որը հենց քո մեջ, քո ներքին տեսողության առջև է, սակայն դու համառորեն չես ցանկանում տեսնել ու միալար կրկնում ես. «Ապացուցի՛ր անմահությունը, ստիպի՛ր ինձ հավատալ, բե՛ր փաստեր»: Դե, իհարկե, ամենահամոզիչը, որը կարող էր լինել, ոչ թե փիլիսոփայական դատողություններն են ազատության, բարու և չարի, կյանքի իմաստի մասին, այլ սեփական փորձառությունը, այսինքն, եթե մարդը կարողանար նայել սեփական հոգու խորքը և այնտեղ զգալ սեփական անմահությունը:

ԱՆՀԱՅՏ- Այդ դեպքում էլ հարցը տեղափոխվում է այլ հարթություն` ինչպե՞ս հասնել դրան:

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Այո, քո փաստումն արդեն բոլորովին այլ և շատ մեծ խնդիր է: Խոսել Նրա մասին` նշանակում է խոսել եկեղեցու, խորհուրդների, աղոթքի և շատ այլ բաների մասին: Իսկ ինչպե՞ս կարելի է խոսել դրանց մասին, չունենալով հավատ առ Աստված:

ԱՆՀԱՅՏ- ՈՒրեմն, ավելի լավ չէ՞` անցնենք Աստծուն առնչվող խնդրին:

ԽՈՍՏՈՎԱՆԱՀԱՅՐ- Լա՛վ: Ես էլ եմ կարծում, որ ավելի լավ է սկսել հենց այդտեղից:

Հրապարակման պատրաստեց

Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ