38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 7

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 7
23.03.2022 | 23:42

Սկիզբը` այստեղ

ՈՒկրաինայում ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության` Պենտագոնի հիմնած, նրա կողմից ֆինանսավորվող ու ղեկավարվող կենսալաբորատորիաներում իրականացված ռազմակենսաբանական ծրագրերի, առավել մահացու ախտածիններով կենսաբանական զենքի ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների մասին մարտի 16-ին խոսել է նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«ՈՒկրաինայում Պենտագոնի ղեկավարությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են ռազմակենսաբանական ծրագրեր, այդ թվում՝ փորձարկումներ կորոնավիրուսի, սիբիրյան խոցի, խոլերայի, խոզերի աֆրիկյան ժանտախտի և այլ մահացու հիվանդությունների նմուշներով,- տարածաշրջանների սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ, РБК-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահը:- Այս գաղտնի ծրագրերի հետքերն այժմ ջանասիրաբար փորձում են քողարկել: Բայց մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Ռուսաստանի անմիջական մերձակայքում՝ ՈՒկրաինայի տարածքում, ըստ էության, ստեղծվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ»:

Այո, հիշյալ գաղտնի ծրագրերի հետքերն ՈՒկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության հենց առաջին օրվանից (եթե ոչ ավելի շուտ) փութաջանորեն փորձել են թաքցնել, կատարված հանցանքը` կոծկել: Այդ մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հայտնած այն տեղեկությունը, որ Խերսոնի կենսալաբորատորիայում արագ կերպով փաստաթղթեր են ոչնչացրել: Ինչո՞ւ:

Տվյալների համաձայն, պատճառներից մեկը կարող է լինել Խերսոնում 2018թ. առաջացած դիրոֆիլյարիոզ հիվանդության մասին տեղեկությունները թաքցնելու միտումը: ՈՒշագրավ է, որ այս վարակի հարուցիչը փոխանցվում է մոծակներից, մինչդեռ, ինչպես հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է վարակման 4 դեպք հայտնաբերվել հենց փետրվարին, ինչը բնորոշ չէ այդ միջատների կյանքի փուլի համար: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, 2018 թ. ապրիլին Պենտագոնի ներկայացուցիչներն այցելել են առողջապահության տեղական հաստատություններ, որտեղ ծանոթացել են համաճարակաբանական հետաքննության արդյունքներին և պատճենել բժշկական փաստաթղթերը:

ՌԴ ՊՆ-ն նաև ուշադրություն է դարձրել 2018թ. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տուբերկուլյոզով վարակվածների թվի կտրուկ աճին։ Պեսոկ շրջանում զանգվածային բռնկման ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 70 դեպք։ Մահացու ելքերը բավականին շատ են եղել: Պաշտպանության նախարարությունից ասել են, որ դա կարող է վկայել կանխամտածված վարակման կամ ՈՒկրաինայում տեղակայված կենսալաբորատորիաներից մեկից հարուցիչի պատահական արտահոսքի մասին:

Վերադառնանք ՌԴ նախագահի հայտարարությանը, ըստ որի, ՈՒկրաինայում գործել է տասնյակ լաբորատորիաներից բաղկացած ցանց, և որ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ այդ ամենը վտանգ է ներկայացնում իր համար։ Նախագահի խոսքով` այդ նախազգուշացումները «մերժվել են ՈՒկրաինայի, նրա հովանավորներ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից, ընդ որում, ցուցադրաբար ու ցինիկ արհամարհանքով»:

Այսպիսով, ըստ Պուտինի, դիվանագիտական բոլոր հնարավորությունները լիովին սպառվել էին, Ռուսաստանը, նրա ղեկավարությունը պարզապես մնացել էին առանց իրենց մեղքով ծագած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակների:

«Եվ այս առումով մեզ ուղղակի ստիպեցին սկսել հատուկ ռազմական գործողություն»,- ասել է ՌԴ նախագահը և բացատրել է այն պատճառները, թե ինչու է ՈՒկրաինայում ռուսական հատուկ գործողությունը դուրս եկել Դոնբասի սահմաններից։

Այն մասին, որ ՈՒկրաինայում «Պենտագոնի պատվերով» աշխատում էին 30 կենսալաբորատորիաներ, որոնցում փորձարկումներ են իրականացվել մահացու հիվանդություններ հարուցող վիրուսների, բակտերիաների շտամերի վրա, մարտի 7-ին հայտնել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ Իգոր Կիրիլովը: Նրա խոսքով` ի թիվս այլ բաների, իրականացվել են վտանգավոր միկրոօրգանիզմների շտամերի հավաքում և ԱՄՆ տեղափոխում, ինչպես նաև կենսաբանական զենքի պոտենցիալ ագենտների ուսումնասիրություն։

Պենտագոնը և Պետդեպարտամենտը վերջերս, իհարկե, փորձեցին անհաջող, նույնիսկ ծիծաղելի կերպով հերքել այս ամենը: Վերջինս, ինչպես նաև Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը չնկատեցին էլ, թե այդ ընթացքում ինչպես հայտնվեցին խայտառակ հակասությունների գրկում (հակասություններ Սենատում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի պատասխան-խոստովանության հետ): Կամ էլ, եթե նույնիսկ նկատեցին այդ հակասությունները, որոնց մասին գրել ենք հոդվածին նախորդած մասում, ապա, հանուն նպատակի, պարզապես անտեսեցին դրանք:

Իրականությունը, սակայն, չանտեսեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբարդը, որը վերջերս հանդես է եկել կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման փաստը թաքցնելու ԱՄՆ-ի իշխանությունների փորձերի խիստ քննադատությամբ:

Քաղաքական գործչի կարծիքով, ՈՒկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների առկայությունը Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի ակնհայտ խախտում է։ Գաբարդը քննադատել է երկրի իշխանություններին ՈՒկրաինայում կենսալաբորատորիաների գոյության փաստը թաքցնելու, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված միջոցառումների բացակայության համար։ «Fox News»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ կենսաբանական զենք մշակող լաբորատորիաները պետք է փակվեն ոչ միայն ՈՒկրաինայում, այլև ողջ աշխարհում։

«Դա ինձ շատ է անհանգստացնում,- ասել է Գաբարդը:-Նմանապես, դա պետք է մտահոգի յուրաքանչյուր ամերիկացու և աշխարհի յուրաքանչյուր մարդու: Իրավիճակի լրջությունը չի կարելի գերագնահատել»։

Ներկայացուցիչների պալատի նախկին անդամը, նախ, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վիկտորիա Նուլանդն ԱՄՆ-ի Սենատում պատասխանելով սենատոր Մարկո Ռուբիոյի հարցին, թե ՈՒկրաինայում կենսաբանական կամ քիմիական զենք կա՞ արդյոք, չի ասել` «ոչ»:

Գաբարդը նաև վրդովված է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ամեն ինչ արեցին ՈՒկրաինայում կենսալաբորատորիաների հետ կապված իրականությունը թաքցնելու համար, բայց երբ ճշմարտությունը բացահայտվեց, արտակարգ իրավիճակի մասին հայտարարության փոխարեն, որը պետք է անհապաղ արվեր, սկսեցին մեղքը մեկը մյուսի վրա բարդել:

«Եթե ՈՒկրաինայում մարտական գործողությունները հենց հիմա չդադարեն, այսօր մենք կարող ենք վստահաբար ասել, որ այդ լաբորատորիաներից մեկը կամ նույնիսկ մեկից ավելին կվնասվեն, անվտանգությունը կխախտվի, և դա կազդի ոչ միայն ուկրաինացիների վրա, մենք կարող ենք ստանալ ևս մեկ գլոբալ ճգնաժամ` հաշվի առնելով, թե ինչ ախտածին կարող է դուրս գալ այնտեղից,- ասել է Ներկայացուցիչների պալատի նախկին անդամը:- Մենք դեռ նոր վերապրեցինք դա (գլոբալ ճգնաժամը.- Ա.Հ.) CoViD-ով: Մի վերջին նկատառում այս լաբորատորիաների վտանգի մասին, որոնք ԱՄՆ-ը ֆինանսավորում է ոչ միայն ՈՒկրաինայում, այլև ամբողջ աշխարհում. դրանք պետք է անհապաղ փակվեն»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 32569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ