ՀԱՆՃԱՐՆ ՈՒ ՏԱՂԱՆԴԸ
Կերպարվեստում (նվաստիս խորին համոզմամբ) հանճարի կարմրահուռ և ոսկեերիզ պատմուճանով զուգվում են եզակիները, նրանք, ովքեր հաղթահարել են ժամանակի պատնեշն ու առեղծված են հաճախ դարեր անց։ Հանճարները եզակի են և անվերապահորեն հողեղեն չեն, Երկնավորն է տիեզերական ասուպ-հունդը վար նետում և երկրավորներիս պարգևում հոգեղեն բերկրանք և առաջընթաց։ Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի։ Նաև Ռոսլին, Պիկասո, Ռաֆայել, Ռեմբրանդ։ Նաև Սարյան ու Գորկի։ Էլի մի քանիսը, համաձայն գեղագետ մեր ընթերցողների կամքի ու քմայքի, և փակվում է շրջանը։ Քոչարը դարակազմիկ երևույթ է, հանճար է նա, հայ կերպարվեստի վերջին հրաբուխը։ (Հուսանք, որ առայժմ վերջին)։ Բայց նրա աճյունը չի հանգրվանել հայ երևելիների կողքին, Կոմիտասի անվան պանթեոնում։ Բայց չհեռանանք խնդրո առարկայից, խոստանալով մի առիթով անդրադառնալ Քոչարի վերահուղարկավորմանը, որը մեր հեղհեղուկ ժամանակի պահանջն է։
Հակոբ Գյուրջյանը տաղանդ է, քանդակագործական փայլուն մի երևույթ, որը գրեթե անհայտ է իր բնօրրանում։ Եվ ահա մտովի եկեք շրջենք մայրաքաղաքում և փորձենք հայտնաբերել 20-րդ դարի նշանավոր վարպետներից մեկի վառ տաղանդի արտացոլանքը, որևէ արձան, կոթող կամ գոնե քանդակ։ Անհնար է, Հակոբ Գյուրջյանը հայոց 12-րդ քաղաքամայրում անհայտ բացակայող է։ Բայց, կարծում ենք, մոտ է նրա հաղթանակը։
ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ` ՍԻՐՈՎ
Նա հայոց ազնվական քաղաքներից մեկում` Շուշիում, լույս աշխարհ եկավ։ Բնօրրան քաղաքը չէր կարող ապահովել փայլուն ունակությունների տեր պատանու գեղարվեստական կրթությունը, և նա 1907-ին ճանապարհ է բռնում դեպի Մոսկվա, ավարտում տեղի ռեալական ուսումնարանը և ուղևորվում է Փարիզ։ «Աշխարհի մայրաքաղաքում» նախ սովորում է «Ժուլիան» ակադեմիայում, ապա հաճախում է Օգյուստ Ռոդենի արվեստանոց, աստիճանաբար ծանոթանում է Փարիզին։ Փարիզը նա նվաճեց ինքնաբերաբար։ 1911-ին նրա արվեստանոցը հանրահայտ էր, շատ նշանավորներ էին ցանկանում բնորդել նրան, այդ թվում` ՈՒլյանով-Լենինը։ 1914-ին ապրում է Մոսկվայում, ստեղծում է Ֆյոդոր Շալյապինի, Սերգեյ Ռախմանինովի և Բեթհովենի կիսանդրիները, մասնակցում է «Միր իսկուստվա» հանրաճանաչ ընկերության ցուցահանդեսին, նաև կերտում է զորավար Անդրանիկի և Շիրվանզադեի դիմաքանդակները, բազմաթիվ այլ գործեր, այլաբանական, պատմական, կրոնական, դիցաբանական և անիմալիստական թեմաներով։ 1921-ին Անատոլի Լունաչարսկու աջակցությամբ ուղևորվում է դեպի Փարիզ։ Գյուրջյանը մասնակցում է նշանավոր շատ ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Նյու Յորքում (1924) և Փարիզում (1926)։ 1958-ին Գյուրջյանի կնոջ կամքով Հայաստանի պետական պատկերասրահում են հայտնվում քանդակագործի շատ ճանաչված ստեղծագործություններ։ Այս հրաշալի վարպետը վախճանվեց 1948-ին` Փարիզում։
ՔՈՉԱՐԻ ՀԻԱՑՄՈՒՆՔԸ. ԴՐՎԱԳՈՒՄՆԵՐ
«1917 թ. Թիֆլիսում «Հայ արվեստագետների» ցուցահանդեսի ժամանակ ծանոթացա Գյուրջյանի հետ։ Նրա արտաքինը ցնցող տպավորություն գործեց. հսկա էր, թիկնեղ, սև սաթի պես փայլող մազերով, վառվող ածուխների պես աչքերով` սևով բոլորված ակնախորշերով, թավ հոնքերով։ Զարմացնող և ցնցող էր, որ բնությանն այդքան մոտ արտաքինով մարդը կերտում էր նուրբ և զգայուն մարմիններ։ Ո՞վ չէր զմայլվում, կախարդվում Մելիքյան ամուսինների պորտրետներով. այնքան կենդանի և ազնիվ շնչով տոգորված էին այդ արձանները, որ տղաները թաքուն համբուրում էին կնոջ շուրթերը, իսկ աղջիկները` տղամարդու մարմարե ուսերը... ի՜նչ նրբություն, ի՜նչ երազական քնքշություն։ Ինչ հիացմունքով և ոգևորությամբ էինք հետևում, երբ նա քանդակում էր Շիրվանզադեին, և ինչպիսի վարպետությամբ նա կերտեց մեծ գրողի կապույտ աչքերի տիրական հայացքը, հապա զորավար Անդրանիկի հուժկու, առյուծանման գլուխը...
Հիշում եմ` Եղ. Թադևոսյանը հուզմունքից քիչ էր մնում լաց լիներ։ Ինձ ու Հալաբյանին տարավ Գյուրջյանի գործերի առաջ և երկար խոսեց` ցույց տալով մեզ նրա արվեստի բարձր արժանիքները և նրբությունը։
Գյուրջյանը, լավ իմանալով իր արժեքը, այնպիսի բարձր գին էր նշանակում, որ Թիֆլիսը դեռևս չէր տեսել։ Հայ բուրժուան շշմել էր, նա պետք է լայն բանար քսակը, որպեսզի մի փոքր բարելիեֆ գներ Գյուրջյանից։
Փարիզում Քելեկյան* խանն իր կիսանդրու համար նրան վճարեց այնքան, որ կարելի էր ամբողջ կյանքում այդ գումարի եկամտով ապրել։ Փարիզում ուներ երկու արվեստանոց, որ իտալացի, ֆրանսիացի վարպետները գրանիտի, մարմարի և բրոնզի վրա իրականացնում էին նրա գործերը։ Նա ճամփորդում էր։ Եղավ Իսպանիայում, Ամերիկայում և այլուր... Իսկական «Maitre»-ի կյանք էր վարում, և եվրոպացիներն ու ամերիկացիները երկրպագում էին նրան։ Հիշում եմ` Բելգիայից մի միլիոնատեր սեփական ինքնաթիռով էր գալիս նրա մոտ` Փարիզ` սեանսների։ Նուբար փաշան, Գյուլբենկյանը, որոնք սովոր չէին արվեստագետի ոտը գնալու, պարծենում էին, որ Գյուրջյանը քանդակում է իրենց։ Ճիշտ ժամին գալիս էին նրա Լատինական թաղամասի արվեստանոցը...
Նա շատ բան էլ վերցրեց իմպրեսիոնիզմից և կուբիզմից, բայց միշտ մնաց Գյուրջյան, միշտ խոսեց իրեն յուրահատուկ լեզվով։
Կուբիզմի ազդեցությամբ նա կերտեց «Պարուհին», որ շաղափի նման պտտվում է իր շուրջը. ֆորման հասնելով ծայր կատարելության, անէանալով դառնում է երիզ-ուրվագիծ։ Գյուրջյանի մոտ զգացումն այնքան առատ է ու հախուռն, որ նա չի կարողանում մնալ պլաստիկային հատուկ սահմաններում և դիմում է գույնի օգնությանը։
Իր արձանների փոքրադիր լինելու պատճառը միայն գեղագիտական և ոճական նախընտրանք չէր. նա որքան էլ մեծ և ճանաչված արվեստագետ է, բայց, փաստորեն, աներկիր, օդի մեջ կախված մարդ էր և չէր էլ կարող երազել մեծ և մոնումենտալ գործերի մասին, քանի որ չուներ հող և ռեալ հայրենիք... Ես կարծում եմ` այդ պատճառով նա իր ամբողջ սերը և ուժը տվեց փոքր արձաններին. դա նրա տրագեդիայի ենթագիտակցական արտահայտությունն էր...
Գյուրջյանի գլուխգործոցը, որը նա իրականացրեց զանազան նյութերով, «Հաղթանակն» է»։
ՎԵՐՋԱԲԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԳԻՐ` ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒՆ
Հակոբ Գյուրջյանի երազանքն անհրաժեշտ է իրականացնել և տեղադրել «Հաղթանակը» մայրաքաղաքի ամենադիտարժան վայրերից մեկում։ Ըստ մեզ, նպատակահարմար է Հյուսիսային պողոտայի դարպասի մոտ, Օպերային թատրոնին դիմահայաց, ձուլված բրոնզից և պատկառելի չափերով։
Կամ, ինչու չէ, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի ձևավորված խաչմերուկ-հրապարակում։ Երրորդ տարբերակը ոչ պակաս գրավիչ է, հուշարձանը շատ տեղին կդիտվի, դիցուք, Արգիշտի փողոցում, քաղաքապետարանի հարևանությամբ։ Արժե մտածել։
Սրանից զատ հարկավոր է, առհասարակ, և՛ մայրաքաղաքում, և՛ հանրապետության մյուս քաղաքներում տեղադրել Հակոբ Գյուջյանի գլուխգործոցների կրկնօրինակները։ Մասնավորապես, երազում եմ տեսնել նրա նշանավոր «Սալոմե» գլուխգործոցը (1925 թ.), Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաների և Մոսկովյան փողոցի ձևավորած խաչմերուկ-հրապարակում։
Ի դեպ, ժամանակը չէ՞, որ Երևանում բացվի նրա թանգարանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
* Խան-Քելեկյան Տիգրան (1868-1951)։ Ազգային հասարակական գործիչ, դիվանագետ, մեկենաս, կոլեկցիոներ։ Փարիզում 1910-ական թթ. նյութապես աջակցել է Է. Բրաքին, Պ. Պիկասոյին, Ա. Մատիսին։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով»։