Սիմոնյան Ալենը ՀՀ քարտեզ է հրապարակել: Վերջինս պնդում է, որ հենց «այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:
Սխալվում է Սիմոնյան Ալենը: Խորապես է սխալվում, քանզի`
1. Մենք անկախացել ենք 1991թ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի հիմքով:
Իսկ ո՞վ էր նշանակել հանրաքվեի օրը: Ճիշտ է, ՀՀ Գերագույն Խորհուրդը:
Իսկ ո՞վ էր ընդունել հանրաքվեի անցկացման համար օրենսդրությունը: Ճիշտ է, ՀՀ Գերագույն Խորհուրդը:
Իսկ ո՞վ էր ձևավորել հանրաքվեն անցկացնող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ճիշտ է, ՀՀ Գերագույն խորհուրդը:
Իսկ ո՞վ էր հաստատել հանրաքվեի արդյունքները: Ճիշտ է, ՀՀ Գերագույն Խորհուրդը:
Իսկ ի՞նչպես էր ձևավորվել Հայաստանին «անկախացրած» ՀՀ Գերագույն խորհուրդը: Ճիշտ է, 1990 թ. մայիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում:
Իսկ ովքե՞ր էին մասնակցում 1990 թ. մայիսի 20-ին կայացած ՀՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին: Ճիշտ է, ՄԻԱՎՈՐՎԱԾ Հայաստանի ընտրողները:
Իսկ ովքե՞ր էին ՄԻԱՎՈՐՎԱԾ Հայաստանի ընտրողները: Ճիշտ է, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հաշվառված քաղաքացիները:
Իսկ ինչու՞ էին ՀՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին մասնակցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հաշվառված քաղաքացիները: Ճիշտ է, 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման ակտի հիմքով:
Փաստերի պարզ համադրման արդյունքում ստացվում է, որ կամ Հայաստանն անկախացել է Սիմոնյան Ալենի քարտեզից էապես տարբերվող քարտեզով, կամ` Հայաստանն ի սկզբանե իրավաբանորեն ապօրինի պետություն է:
2. Հայաստանը ֆիզիկապես չէր կարող անկախանալ լատինատառ քարտեզով:
3. Սիմոնյան Ալենի քարտեզից պարզ երևում է, որ Արծվաշենի, Յուխարի Ասքիփարայի, Սոֆուլու|Բարխուդարլուի և Քյարքիի տարածքներն իրենց չափսերով մոտավորապես համընկնում են, այնինչ Արծվաշենը զբաղեցնում է 40, Յուխարի Ասքիփարան` 8.6, Սոֆուլու|Բարխուդարլուն՝ 32.1, Քյարքին` 19 քառ.կմ տարածք:
Փաստորեն, Սիմոնյան Ալենից քարտեզագետ չի ստացվի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ