Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Նախաձեռնողական քաղաքականության» հմայքներն ու թշվառությունը

«Նախաձեռնողական քաղաքականության» հմայքներն ու թշվառությունը
10.02.2009 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈ՞Վ Է «ՆՍՏՈՒՄ» ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ
21-րդ դարը վիբրացիաների, մեծ արագության դարաշրջան է: Այնուհանդերձ, զարգացումների տեմպը սպասվածից ավելին է. դեռ չէինք հաշվել «Դավոսն» ու «ՀԱՊԿ»-ը, հաջորդեց Մյունխենը:
Բոլոր դեպքերում, դրանք խիստ փոխկապակցված գործընթացներ են. Դավոսն ու ԵԽԽՎ-ն արձանագրեցին` տարածաշրջանում Արևմուտքին մեկ բան է պետք` ստատուս-քվոյի պահպանում, վերջինս պատրաստ է աչքերը փակել ամեն ինչի վրա. մեր դեպքում` մարդու իրավունքների անմխիթար վիճակի, Ադրբեջանի դեպքում` խանության միտվելու, հավերժ նախագահ ունենալու սինդրոմի: Իսկ Ալիև-Սարգսյան դավոսյան ոչինչ չարժեցած հանդիպումն էլ լոկ պետք է ծառայեր արձանագրումին` Արևմուտքի մատը «պուլսի» վրա է, և ոչինչ չասող այս հանդիպումները պետք են հարավկովկասյան զարգացումներին իր մասնակցությունը հավաստելու, խաղից դուրս չմնալու համար:
Ինչ վերաբերում է անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին, ապա գոնե Հայաստանի առումով այն մի շարք «ապացուցողական» հանգամանքներ էր պարունակում:
ա) Այն հնարավորություն էր Սերժ Սարգսյանի համար, որը երկրի ներսում դեռ լեգիտիմության դեֆիցիտ ունի (քանի որ ազատ չի արձակել քաղբանտարկյալներին) «իրեն տեսցնելու, ուրիշներին տեսնելու»: Ի դեպ, համաժողովի առաջին օրը նրան ընդունեց երկրի տերը` «սելյոդկա» և ռուսական արջի մսով կոտլետներ սիրող ֆրաու Մերկելը, հրավիրեց` կրկին ժամանել Գերմանիա, արդեն պաշտոնական այցով:
Չշտապենք եզրակացություն անել, սակայն Հարավկովկասյան տարածաշրջանում Արևմուտքի կողմից նոր գործընկերոջ փնտրտուքի այս փուլում Հայաստանն իրեն հնարավորինս ճկուն է պահում:
բ) Մյունխենյան համաժողովը տեղի էր ունենում ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորամիավորումների ստեղծման «ֆոնին», ուստի պետք էր ևս մեկ անգամ հայաստանյան «բազմաբևեռ» (կոմպլեմենտար) քաղաքականության մունդիրն աշխարհին «ցուցանել» և ասել, որ Հայաստանը չի խաղում լոկ Ռուսաստանի հետ (՞): Հընթացս էլ` տարածաշրջանում միայն կայունություն երազող Եվրոպայի նուրբ ականջին շշնջալ. «Պետք է ընդունել մի պարզ, շատ պարզ իրողություն. հնարավոր չէ խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե տարածաշրջանում շարունակվի իրար մեկուսացնելու ու տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու քաղաքականությունը», ինչը չի ստացել միջազգային համապատասխան գնահատականը», «շշնջաց» բարձրաձայն Սերժ Սարգսյանը Եվրոպայի համար:
Ընդհանուր առմամբ, Ս. Սարգսյանի մյունխենյան ելույթի երանգները մինչ այս եղածներից բավականին տարբեր էին, մասամբ` համարձակ ու ինչ-որ առումով` առավել ազատ:
գ) Եվրոպական բավականին ներկայացուցչական այդ ամբիոնից Սերժ Սարգսյանը, փաստորեն, կոչ արեց վերացնել բաժանարար գծերը. «Անցել են երկաթգծերի, ճանապարհների, խողովակաշարերի ժամանակները»:
դ) Չենք ասում, թե Սերժ Սարգսյանը, «հանելով» բաժանարար գծերը` «Նաբուկոյի» Հայաստանով անցնելու համար հող էր նախապատրաստում, որովհետև նման «հափփի էնդն» այնքան հեռու, այնքան երազված է, որ ուտոպիստ լինելու համար պետք է առնվազն Ռուսաստանից և նրա արագ արձագանքման զորամիավորումներից գլուխ չհանող մեկը լինել:
ե) Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի հաջորդ հետաքրքիր պահն այն էր, որ նա փորձում էր հավասարը հավասարի հետ խոսել, և առաջին անգամ (գոնե այլ դեպք տողերիս հեղինակը չի հիշում) նրա ելույթներում նկատվում էր «ես»-ի ակնառու ներկայություն, դիվանագիտորեն ձևակերպած` սեփական-անհատական պրիզմա. «ես ցավ եմ ապրում մի քանի պատճառներով», «որպես պատերազմ տեսած մարդ», «դա իմ երկրի շահերից չի բխում», «բայց ես բազում նյարդային օրեր եմ ունենում, որպես հայ մարդ», «գիտեմ իմ ժողովրդի պատմությունից» և այդպես շարունակ:
Ենթագիտակցական սուբլիմացիայի դիտանկյունից սա շատ հետաքրքիր երևույթ է, մանավանդ որ դրսևորվում էր եվրոպական «բեմին» վրա, բայց քանի որ խնդրի «տեսանումը» մեր թեմայից դուրս է, անցնենք առաջ:
զ) Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» էր նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և առաջ քաշեց թեզ, որը երկար «փիքր» անելու առումով նույնպես դիտարժան է: Այսպիսով, որքան էլ զարմանալի է, Մյունխենում Թուրքիայի «հաշվով» հնչեց հետևյալ միտքը. «Եթե ամեն ինչ այնպես շարունակվի, ինչպես այսօր է, ես կարծում եմ` մենք տարին կկիսենք այլ կերպ, և կարող ենք այլ հարաբերությունների մասին խոսել»:
Հարց. «կարողացե՞լ» է Սերժ Սարգսյանը համոզել թուրքական կողմին, որ առանց ղարաբաղյան հարցի լուծման էլ կարելի է «բաժանարար» գծերը ջնջել: Հազիվ թե:
Հարց. Սերժ Սարգսյանը կարծում է, որ ղարաբաղյան հարցը նույնպե՞ս կլուծվի «տարվա երկրորդ» կեսին, որ նման համոզմունք է հայտնում եվրոպաներում: Հարկավ` ոչ. ահա թե ինչու:
է) Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի անմիջական արձագանքը եղավ Մամեդյարովի «տեսքով». վերջինս ադրբեջանորեն «պահանջեց»` «իրենց» տարածքներից հայկական զորքերի դուրսբերում: Սերժն էլ, իր զգուշավոր, իներցիոն ոճին ոչ հատուկ վերցրեց ու անչափ «կոշտ» ձայնով ասաց. «Կարծում եմ, որ արդարացի չէ խոսել ագրեսիայի մասին, երբ անկախացած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանն իրոք ագրեսիա սկսեց իրականացնել, և ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որպեսզի չբնաջնջվի, ծառս եղավ և կարողացավ ինքն իրեն պաշտպանել, այդ ընթացքում, անշուշտ, գրավելով որոշակի տարածքներ, որտեղից հարյուրավոր ռումբեր էին թափվում ծերերի, երեխաների, կանանց վրա: ՈՒրեմն այդ մարդիկ մեղավո՞ր են, որ կարողացել են չբնաջնջվել: Եվ հիմա էլ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն ասում են` խնդրեմ, նստենք բանակցային սեղանի շուրջ: Այո, միջազգային բոլոր չափանիշների, սկզբունքների հիման վրա բանակցենք և գանք խաղաղ լուծման: Ընդհանրապես, կարծում եմ, որոշ քաղաքական գործիչներ սխալ ճանապարհի վրա են` համարելով, որ որոշակի միջոցներ կարող են հիմք հանդիսանալ մեկ ուրիշ պետությանը վախեցնելու և կամ մեկ ուրիշ պետությանը պատերազմով ինչ-որ պայմաններ պարտադրելու: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա էլ ասում եմ` մենք կռվելուց չենք վախենում, բայց մենք պատերազմ չենք ուզում»:
Մի կողմ թողնենք հանգամանքը, որ Մամեդյարովը` այլ երկրի արտգործնախարարն էր «ռինգ» կանչում ՀՀ նախագահին, ինչը, կարծես, սուբորդինացիայի խախտում է, և նաև դա էր թերևս պատճառներից մյուսը, որ Սերժ Սարգսյանի պատասխանը բավականին կոշտ ստացվեց:
Բայց և պատասխանից ակնառու էր` Հայաստանն այլևս նոր ձևաչափով է «նստում» ԼՂ խնդրի կարգավորման բանակցային սեղանի շուրջ:
Ասենք առանց ձևականությունների. այդ նոր ձևաչափն ունեցանք` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորամիավորումների ստեղծման «ֆոնում». բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանի ձայնի մեջ կար թիկունքում եղող «այդ միավորումների» առկայության շունչը, որն ավելի կտրուկ լինելու ասպարեզ էր բացում:
Հիմա հաշվենք` արդյոք ռազմականացված ՀԱՊԿ-ին կարելի՞ է հավատալ, էլ ավելի` վստահել, եթե մի օր, Աստված մի արասցե, հարկ լինի ադրբեջանցիների դեմ «պայքարելու»:
Թույլ տվեք «բայղուշությամբ» զբաղվել և ասել` հազիվ թե: Հենց միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում ներգրավված Կենտրոնական Ասիայի երկրները` ՄԱԿ-ում, միջազգային այլ կառույցներում անհրաժեշտության դեպքում քվեարկում են ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ դավանակից «եղբայր» Ադրբեջանի:
Եվ հետո, ՀԱՊԿ-ի նոր ռազմական ձևաչափը վստահություն չի ներշնչում նաև այն առումով, որ ոչ միայն անչափ փխրուն, իմիտացիոն-կոսմետիկ է, այլև Ռուսաստանը միջինասիացիներին Կրեմլի տանիքի տակ հավաքեց անչափ մեծ ճիգերի գնով, և «սեղանի շուրջ» նստած միջինասիացի լիդերների շփոթված, մաշված դեմքերն առանձնապես երջանկություն չէին արտածում. ՈՒզբեկստանի առաջնորդը պայմանագիրը ստորագրեց հատուկ կարծիքի ամրագրմամբ, Տաջիկստանը ոչ մի կերպ չէր ցանկանում մասնակցել այդ գործընթացին, Ռուսաստանը մի կերպ` վերջին վայրկյանին համոզեց, իսկ Ղրղզստանին, ճիշտ է, անսահման փող տվեց, այնուհանդերձ, ամերիկյան «Մանաս» ռազմաօդային բազայի «դուրսգրումը» և այն ՈՒզբեկստան «տանելու» հեռանկարը ԱՄՆ-ը միշտ է ունեցել և միշտ էլ կարողացել է նրբորեն ու «փողորեն» շրջանցել այն:
Այնպես որ, դեռ պետք է սպասել` ժամանակի քննությանը դիմանո՞ւմ է ՀԱՊԿ-ը` ռազմականացված տեսքով, թե՞ ինչպես ԵվրԱզեսից ժամանակին դուրս եկավ ՈՒզբեկստանը (նա նաև ցանկանում էր դուրս գալ ԱՊՀ-ից), այնպես էլ այս պարագայում մի օր ինքը կամ կենտրոնասիական մեկ այլ երկիր կկանգնի ու կասի` «բավ սիրեցի, մնաս բարյավ», սիրելի Ռուսաստան:
Այնպես որ, Սերժ Սարգսյանի մյունխենյան «ձիու քայլը», ինչը նշանակում էր` ինքը որևէ փաստաթուղթ շուտափույթ չի ստորագրելու, «որոշակի պայմանների» չի ենթարկվելու, դեռ պետք է քննություն բռնի, և, այնուհանդերձ, ՀԱՊԿ-ի ռազմականացմամբ մենք և աշխարհը գործ ունենք նոր իրողությունների հետ:
Ինչպիսի՞ք` կյանքը ցույց կտա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3488

Մեկնաբանություններ