Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Լուրեր

Լուրեր
19.09.2008 | 00:00

Ցեցն ընկավ մեջները
Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին ՀՀԿ շարքերը լքելու և ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին Տիգրան Թորոսյանի դիմումներից ընդամենը 24 ժամ անց համանման ծանուցագրեր են ներկայացրել ԱԺ հանրապետական խմբակցության անդամներ Գագիկ Մինասյանն ու Վազգեն Կարախանյանը։ Առաջինը խնդրել է ազատել իրեն ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նախագահի, երկրորդը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոններից։ Թե՛ Մինասյանը, թե՛ Կարախանյանը, լինելով Թորոսյանի մերձավորագույն շրջապատի մարդ, այս կերպ են արձագանքել ԱԺ նախագահի հնչեցրած այն կծու դիտարկմանը, թե սխալվել են նրանք, ովքեր հույս էին դրել 30 արծաթով իրեն գնելու քաղաքական «բազարի» վրա։ Նույն աղբյուրի հավաստմամբ՝ ՀՀԿ վերնախավին հաջողվել է «դաստիարակչական պրեսինգի» միջոցով կանխել հերթական սկանդալը, թեև որոշված է եղել, որ եթե Գագիկ Մինասյանը դիմումը հետ չվերցնի, ֆինանսավարկային հանձնաժողովում նրա փոխարեն կնախագահի համամասնական ցուցակով վերջերս ԱԺ մուտք գործած Գագիկ Մելիքյանը։ Ի՞նչ նոր անակնկալներ կմատուցի ՀՀԿ խմբակցություն սպրդած պառակտման ցեցը, պարզ կլինի սպասվելիք արտահերթ նիստում։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Վոլյունտարիզմ
«Իրավունքը de facto»-ի քոչարյանամերձ աղբյուրը տեղեկացնում է, որ էքսնախագահն օրերս իր մոտ է հրավիրել Մարդու իրավունքների հելսինկյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ավետիք Իշխանյանին ու հանգամանալից զրույցի բռնվել նրա հետ։ «Вокруг дa около» պտույտից հետո Քոչարյանը վերջապես անցել է բուն թեմային, ակնարկելով, որ կցանկանար ՀՀ օմբուդսմենի պաշտոնում տեսնել հենց Իշխանյանին։ Հիշեցնենք, որ մարտիմեկյան իրադարձություններին հաջորդած մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ծավալուն արձագանքից հետո այդ օրերին դեռևս գործող նախագահ Քոչարյանը շտապեց հայտարարել, թե վերջինս իր առաջ քաշած կադրերի մեջ ամենաանհաջողն է եղել։ Իսկ թե ինչու է հանրապետության երկրորդ նախագահն այդքան լիահույս, որ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու դեպքում Ավետիք Իշխանյանն ավելի «անհաջող» կադր չի լինի, իրոք, դժվար է ասել, քանզի վերջինիս հասարակական-քաղաքական գործունեությունն առայսօր էքսնախագահին հակառակ եզրակացությունն անելու հրաշալի առիթ պետք է տար։ Ճիշտ նույն կերպ դժվար է հասկանալ, թե այս պահին գործազուրկի կարգավիճակում գտնվող նախկին նախագահը բարոյաիրավական ի՞նչ հիմքով է կադրային «նշանակումներ» անելու իրավունքով օժտում սեփական «պերսոնը»։
Լ. Մ.

Յովանովիչի առաջին զանգը
Դիվանագիտական աղբյուրներից հաջողվեց հույժ գաղտնի տեղեկատվություն հայթայթել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչի առաջին «ստվերային» նախաձեռնության որոշ «մանրուքների» շուրջ։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան ոտք դնելով Երևանյան լճի ափին տեղակայված հարազատ երկրի դիվանագիտական կենտրոնակայան՝ դեսպանը, բնականաբար, ողջ գիշեր հարմարվել է հայաստանյան անծանոթ բնակլիմայական պայմաններին, իսկ սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան սեփական «ապարտամենտներում» աչքը բացելուն պես վերցրել հեռախոսն ու հավաքել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընդունարանի համարը։ Ինչո՞ւ հատկապես նրա՝ դիվանագիտական մեր աղբյուրը դժվարացավ մեկնաբանել՝ եզրակացության առաջնահերթությունը զիջելով «Իրավունքը de facto»-ին։ Փաստելով, որ «Ժառանգության» ղեկավարն այս օրերին բացակայում է հանրապետությունից, ուստի Յովանովիչին այդպես էլ չի հաջողվել պաշտոնական Վաշինգտոնի փակ ուղերձը հղել խորհրդարանական ընդդիմության առաջնորդին, ենթադրություններ անելու «էստաֆետը» մեր կողմից փոխանցում ենք թերթի ընթերցողներին՝ չկասկածելով, որ յուրաքանչյուրը կարող է մեկնաբանություններ անել՝ քաղաքական հասունության սեփական պաշարին ապավինելով։
Լ. Մ.

«Օրենքով» հրաժարական
ՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովն այսօր ժամը 12:00-ին 4 արտահերթ նիստ կգումարի` անհետաձգելի համարվող երեք օրենքների նախագծեր քննարկելու համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են քվեարկության ենթակա հինգ նախագծեր և կառավարության արդեն նշած երեք անհետաձգելի օրենքների նախագծերը:
Ըստ էության, սա պատրվակ է, որպեսզի Տիգրան Թորոսյանն իր հրաժարականը ներկայացնի ԱԺ։ Ասել է՝ Տիգրան Թորոսյանի հրաժարականի վերաբերյալ քննարկումը քողարկվում է ԱԺ քննարկմանը ներկայացվող ինչ-որ օրենքների նախագծերի շղարշով: Կուսակցությունը Թորոսյանի հանդեպ այս անգամ էլ բացահայտ չգործեց:

Մետամորֆոզ
«Թուրքիան չի կարող միջնորդ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Հայաստանը պաշտպանել և պաշտպանելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը»,- Panorama.am-ի փոխանցմամբ երեկվա ասուլիսում այս կարծիքն է հայտնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ հընթացս հավելելով, թե «մեր հարևանները մեր թշնամիները չեն, և մենք նրանց հետ պետք է աստիճանաբար հարթենք մեր հարաբերությունները»։ Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «իշխանական համակարգը ճաքեր է տալիս», ԱԽ քարտուղարը նկատել է. «Տեր-Պետրոսյանի հայտարարությունները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Հայաստանում այսօր իշխանությունը, առավել քան երբևէ, համախմբված է»։ Ավելին, ՕԵԿ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, թե հանրահավաքից հանրահավաք մասնակիցների թիվը գնալով նվազում է։ «Դա խոսում է այն մասին, որ մարդիկ հոգնել են անընդհատ նույն բանը լսելուց։ Ագրեսիայի և ատելության պայթյունը չի կարող բերել որևէ լավ բանի։ Ակնհայտ ատելությունը և սուտ տեղեկությունները հասարակությանն էին մատուցվում ինչպես նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետո»,- շեշտել է երբեմնի ընդդիմադիր լիդերը։

Բացե՞լ, թե՞ չբացել
«Եթե ԱԺ նախագահը պինդ է ու վճռական, պատգամավորներն ավելի պաշտպանված են, ուստի և` ավելի անկախ»,- Մամուլի ազգային ակումբում երեկ հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։ Հայ-թուրքական հարաբերությունների և սահմանի բացման առնչությամբ դաշնակցական գործիչը համոզմունք է հայտնել, թե «սահմանի բացումից մեր օգուտները զգալի կլինեին, եթե Հայաստանը դառնար տրանզիտ երկիր, հակառակ դեպքում վերածվելու ենք թուրքական շուկայի կցորդի»։ ԱԺ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը շեշտել է, թե «սահմանի բացումը չպետք է դառնա հավելյալ զիջումներ կորզելու առիթ»։
Ռ. Խ.

Բրայզան եկավ «ատչյոտ» ուզելու
Երեկ հերթական այցով կրկին Բաքու է ժամանել Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան և անմիջապես հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես նշել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, բանակցությունների ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակից և դրական գնահատել դրանց զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային մի շարք այլ հարցերի։ ՈՒշագրավ է, որ Մ. Բրայզայի այցն անմիջապես հաջորդում է Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցին։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, ամերիկյան ներկայացուցիչը Բաքու է ժամանել մի անգամ ևս Իլհամ Ալիևին ներկայացնելու ԱՄՆ-ի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանում նավթագազային խողովակաշարերի ցանցի հետագա զարգացման հետ։ Ինչպես նաև հորդորելու Բաքվի տիրոջը՝ տեղի չտալ Ռուսաստանի կողմից այսօր ասպարեզ բերվող տարբեր առաջարկություններին։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայացուցիչն անթույլատրելի է համարել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի տարածքում մոտ 4 հազար ռուս զինվորականների հնարավոր տեղակայումը՝ նշելով, թե նման քայլը խիստ բացասական կանդրադառնա էներգետիկ ծրագրերի իրագործման վրա։

Լավրովը զուգահեռներ չի տեսնում
«Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը չի կարող դառնալ նախադեպ ԱՊՀ տարածքում առկա մյուս ազգամիջյան հակամարտությունների կարգավորման համար։ Հարավօսական ճգնաժամը չի ստեղծում որևէ նախադեպ։ Ռուսաստանը շարունակելու է ակտիվ ներազդեցությունը ԱՊՀ տարածքում բոլոր հակամարտությունների կարգավորման համար միջազգային իրավունքի հիմքի վրա՝ հարգելով ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքները»,- երեկ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սրանով Ռուսաստանը պաշտոնապես մեկ անգամ ևս արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև զուգահեռներ անցկացնելու և դրանք նույն հարթության վրա դիտարկելու մտադրություն առայժմ չունի։

Իրանն ակտիվանում է
Նախօրեին պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և արտաքին գործերի նախարար Էկա Տկեշելաշվիլու հետ։ «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, բանակցությունների ժամանակ քննարկվել են Վրաստան-Իրան երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավոր հեռանկարները։ Հետաքրքիր է այն, որ կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդատվությունները և դրանց հաղորդել կանոնավոր պարբերականություն։ Բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ Իրանը, իբրև տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը, միանգամայն կարող է դրական դեր խաղալ Կովկասի անվտանգության ամրապնդման գործում։

Առայժմ պատրաստ չեն
«ՈՒկրաինան ու Վրաստանն այսօրվա դրությամբ պատրաստ չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Բայց այս փուլում մենք չենք խոսում անդամակցության մասին։ Մեզնից ոչ ոք չի կարծում, թե այսօր Կիևը և Թբիլիսին պատրաստ են ընդգրկվելու ՆԱՏՕ-ի կազմ»,- երեկ հայտարարել է քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ ՈՒիլյամ Բեռնսը։ Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել նախկին ԽՍՀՄ հանրապետություններին ՆԱՏՕ-ի կողմից գործողությունների ծրագիր առաջարկելու քաղաքականությունը։ «Գործողությունների ծրագրի տրամադրումը ո՛չ հրավեր է, ո՛չ էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստում»,- նշել է Բեռնսը՝ միաժամանակ չժխտելով, որ Ֆրանսիան և Գերմանիան շարունակում են վերապահումներ ունենալ Վրաստանի և ՈՒկրաինայի անդամակցության հետ կապված։ Ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել կանխատեսելուց, թե ինչ արդյունք կլինի այս կապակցությամբ դեկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների գագաթաժողովում։

Գամսախուրդիան ազատ արձակվեց
Երեկ Վրաստանի իրավապահ մարմինները գրավի դիմաց ազատ են արձակել արդեն երկու ամիս նախնական կալանքի տակ գտնվող և լրտեսության մեջ մեղադրվող Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կրտսեր որդուն՝ Ցոտնե Գամսախուրդիային։ Վերջինիս ազգականների մուծած գրավի չափը կազմում է 20 հազար լարի։ Ցոտնե Գամսախուրդիան մեղադրվում է Ռուսաստանի օգտին գործունեություն ծավալելու, իշխանությունը բռնի ուժով տապալելու դավադրական խմբի մեջ մասնակցության համար, սակայն իրեն մեղավոր չի համարում։ Նրան առաջին անգամ ձերբակալեցին անցյալ տարվա սեպտեմբերին, Թբիլիսիի օդանավակայանում, երբ Մոսկվա-Բաքու-Թբիլիսի ավիաչվերթով վերադառնում էր տուն։ Ընդդիմադիր գործունեություն ծավալելու ընթացքում կրտսեր Գամսախուրդիան նույնիսկ դեմ էր դուրս եկել իր ավագ եղբորը՝ Կոնստանտին Գամսախուրդիային, համարելով, որ վրացական ընդդիմության ձեռնարկած քայլերն ընդդեմ Սաակաշվիլու վարչակարգի չափազանց իներտ են և անարդյունավետ։

Ռուսաստանը ճգնաժամի դեմ դեղատոմս ունի
Երեկ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը չի խորանա, չնայած այն ընդգրկել է մի շարք խոշոր տերությունների տնտեսությունը։ «Ռուսաստանի տնտեսության մեջ իրավիճակն ավելի կայուն է, քան ԱՄՆ-ում և ավելի կանխատեսելի, քան Եվրամիությունում։ Մենք անվտանգության բարձիկներ ունենք։ Ես այդպես կանվանեի այն ռեզերվները, որ առկա են երկրում և ամենակարևորը, որ ռուսական բանկերում հաշիվներ ունեցող բնակիչներն ավելի քիչ են խուճապի մատնված ԱՄՆ-ի ավանդատուներից»,- հայտարարել է Պետդումայի նախագահը։ Ըստ Գրիզլովի, երեկ տեղի ունեցած ֆոնդային բորսայի անկումը շարունակական չի լինի, քանի որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը լրացուցիչ միջոցներ են հատկացնում բացասական հետևանքները վերացնելու համար։ Մինչդեռ, ըստ տարածված տեղեկատվության, Ռուսաստանի ոսկու և վալյուտային պաշարները սեպտեմբերի 5-12-ն ընկած ժամանակահատվածում կրճատվել են 13,3 մլրդ դոլարով։ Դա ռեզերվների երկրորդ խոշոր անկումն է վերջին ամսվա ընթացքում։ Առաջինը տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ ոսկու և վալյուտայի պաշարներն օգոստոսի 8-15-ն ընկած ժամանակահատվածում կրճատվեցին 16,4 մլրդ-ով։ Փորձագետները վերջին շաբաթվա անկումը կապում են Ռուսաստանից կապիտալի խոշոր արտահոսքի գործընթացի հետ։
Վ. Մ.

Վիլյամ Սարոյանը՝ նոր մոտեցմամբ
Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» ստեղծագործությունը ժամանակակից օպերայի մեկնաբանությամբ առաջին անգամ բեմադրվում է Երաժշտական կամերային թատրոնում։ Նշված թատրոնի տնօրեն, բեմադրիչ ռեժիսոր Դավիթ Հակոբյանի ընտրությունը, կարծում ենք, պատահական չէ, այն համահունչ է Վիլյամ Սարոյանի տարվա շրջանակներում իրականացվող միջոցառումներին։ Սակայն առանձնահատկությունը ժանրի ընտրությունն է։ Նշենք, որ երաժշտության և լիբրետտոյի հեղինակը կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանն է։ Ինչպես և ընդունված է, ռեժիսորը ժամանակից շուտ չի խոսում ներկայացման մասին, սակայն արդեն տեղեկատվության արտահոսք կա, ըստ որի՝ ներկայացումն ունի հետաքրքիր ռեժիսորական լուծումներ և գրավիչ երաժշտություն։
Վ. Մ.

Վարշամակն արդեն սբ. Էջմիածնում է
Իտալացի ուխտավորների հետ Հայաստան ժամանած կաթոլիկ հոգևորական, մոնսենյոր դոն Ջուզեպպե Հիբերթին երեկ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ սբ. Էջմիածնին է նվիրել Քրիստոսի թուրինյան վարշամակի օրինակը: Որքան հասկացանք Էջմիածնին մոտ կանգնած մարդկանց հետ զրույցից, վարշամակի օրինակներն ամեն երկիր չէ, որ «հասնում են», և ամեն եկեղեցու չէ, որ տրվում են: Ավելին, այն, որպես կանոն, այս կամ այն եկեղեցուն նվիրվում է միայն Վատիկանում մեծ հեղինակություն վայելող, Թուրինի կարդինալ Սևերինո Պոլետտոյի նախաձեռնությամբ և կամքով:
Բնականաբար, Ամենայն հայոց հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել թանկագին այս ընծայի առիթով և հույս է հայտնել, որ երջանկահիշատակ ՆՍՕՏՏ Վազգեն Առաջինի օրհնությամբ կառուցված գանձարանում վարշամակի ցուցադրությունը միայն կամրապնդի հավատացյալների հավատքն ու կմիավորի նրանց: Գարեգին Երկրորդը նաև հատուկ ընդգծել է, որ Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև, հատկապես վերջին շրջանում, շատ ջերմ հարաբերություններ են գոյացել, հիշատակել է 2008-ի մայիսին Վատիկան կատարած իր այցը, ինչպես նաև նկատել է, որ ինքն էլ իր հերթին է Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապին Հայաստան հրավիրել:
Գ. Ս.

Ռուսաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները չի սրի
Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր քաղաքականությամբ Ռուսաստանը նպատակ չի հետապնդում սեպ խրել տրանսատլանտյան հարաբերություններում և մտադիր չէ թույլ տալ, որ ամերիկացիները գժտեցնեն Մոսկվային Եվրամիության հետ։ «Մենք մտադիր ենք ամբողջության մեջ դիտարկել անվտանգության հարցերն ընդհանուր Եվրատլանտյան տարածաշրջանում։ Մենք առաջարկում ենք զարգացնել այնպիսի հարաբերություններ, որոնք կներառեին եվրոպական քաղաքակրթության բոլոր ճյուղերը՝ Ռուսաստանը, Եվրամիությունը և ԱՄՆ-ը»,- նշել է Լավրովը։

Կոալիցիայի ճանապարհին
Երեկ ՈՒկրաինայի Տարածաշրջանների կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ առայժմ ձեռնպահ է մնում Յուլյա Տիմոշենկոյի միավորման հետ խորհրդարանական կոալիցիա ձևավորելուց։ Ընտրողների հետ շփվելու պատրվակով Յանուկովիչը մեկնել է Լուգանսկ, որտեղ էլ հայտարարել է. «Այսօր մեր կուսակցությունը երկընտրանքի առջև է։ Կամ պետք է ձևավորել նոր խորհրդարանական կոալիցիա, կամ էլ հարկադրված կլինեն գնալու Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների։ Ինձ համար այս պարագայում անչափ կարևոր է լսել ընտրողների կարծիքը, ոչ թե միայն ծանոթանալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին։ Իշխանությունը մեզ պետք չէ միայն աթոռներ զբաղեցնելու համար։ Այն անհրաժեշտ է մեր սկզբունքների իրագործման նպատակով։ Դա ՈՒկրաինայում ռուսաց լեզվի պաշտպանության խնդիրն է, պետության չեզոք կարգավիճակի սահմանումը, բնակչության անվտանգության աստիճանի բարձրացումը, արդյունավետ տնտեսական ռեֆորմները։ Մեր ընտրողների հետ շփվելուց հետո Տարածաշրջանների կուսակցությունը կորոշի իր անելիքը։ Դեռ ժամանակ կա»։
Փորձագետները, սակայն, պնդում են, որ Յանուկովիչ-Տիմոշենկո դաշինքը միանգամայն հավանական է, քանզի երկուսին էլ բացարձակապես ձեռնտու չէ Գերագույն ռադայի լուծարումը, ինչին ձգտում է Վիկտոր Յուշչենկոն։

Դիտվել է՝ 3901

Մեկնաբանություններ