Վերնագրում արծարծված միտքը չպիտի միայն եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնություններով պայմանավորել։ Հասկացանք, որ ևս մեկ տուր, ու ամեն ինչ պարզ կլինի Անգլիայում, ևս երեք տուր, ու սկուդետեն էլ հանգուցալուծված կլինի։ Բայց հո ավարտին մոտեցող այս առաջնություններով ամեն ինչ չպրծա՞վ։ Բա եվրոպական խաղարկություննե՞րը։ Բա չիմանա՞նք։ ՈՒզում էի իմ կարծիքով հաղթողի հնարավոր երեք հավանական թեկնածուներին հիշատակել, սակայն իրավիճակն այնպիսին է, որ գրեթե ցանկացած մեկն էլ կարող է լինել հաղթող ու վերջում, վախենամ, մենք մեր կարճատեսությամբ դառնանք թիրախ։ Ուստի ասելիքը մի փոքր ձևափոխենք ու այսպես հնչեցնենք՝ բա չիմանա՞նք, թե օգոստոսին ում գահակալությամբ ենք տեսնելու Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկությունները։
ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուս»-«Լացիո» դիմակայությունով ավարտվեց սկուդետեի 34-րդ տուրը՝ ամբողջացնելով մինչ այդ եղածի ընդհանրական պատկերը։ Առաջատարը երկրի վերջին ութ տարիների անփոփոխ չեմպիոնն է՝ «Յուվենտուսը», ու դժվար թե առաջնության ավարտին մնացած չորս տուրում լինեն այնպիսի զարգացումներ, որոնք թուրինյան ակումբին զրկեն հերթական բարձունքը նվաճելուց։ Դատեք ինքներդ՝ «Յուվեն» ամբողջ ութ նիշով առաջ է 72 միավոր ունեցող մերձակա հետապնդողից՝ «Նապոլիից»։
Սակայն մինչև հաջորդ տուրին անցնելը, գոնե մի երկու խոսք ասենք «Յուվենտուս»-«Լացիո» դիմակայության մասին, որովհետև, այնուամենայնիվ, այն շարքայիններից չէր հենց թեկուզ նրանով, որ ընթացիկում հռոմեացիները թուրինցիներին մեկ անգամ չեն դաժանորեն ցավեցրել, իսկ եթե սրա կողքին չմոռանանք, որ վերջին երեք խաղում ում հետ և ինչ արդյունք է ցույց տվել «ծեր սինյորան», պատկերը կդառնա առավել ամբողջական ու անմխիթարական՝ թիմի հեղինակությունը վերջնականապես խարխլելու առումով։
Այս դիմակայությամբ ընթացիկում «Լացիոյի» կողմից «Յուվեին» հասցված վերքերին մեկ ընդհանրական վիրակապ դրվեց, իսկ Քրիշտիանու Ռոնալդուի երկու գոլը եղավ ավելի քան պահանջված. պորտուգալացին խփած գնդակների քանակով՝ 30, հավասարվեց «Լացիոյի» ու ողջ առաջնության մինչ այդ միանձնյա ռմբարկու Չիրո Իմոբիլեին։ Այնպես որ, մեկ էլ տեսար այստեղ էլ հաջողվեց «Լացիոյին» ստվերել։
Դառնանք 35-րդ տուրին, որը մեկնարկեց «Ատալանտա»-«Բոլոնիա», «Սասուոլո»-«Միլան» խաղերով։ Առաջինում հաղթել են տանտերերը, երկրորդում՝ հյուրերը։ Առաջինում գրանցվել է 1։0, երկրորդում՝ 1։2 հաշիվը (այս վերջին դիմակայության կտրվածքով հարկ համարենք նկատել, որ հանդիպման ողջ երկրորդ կեսը տանտերերը խաղացել են տասը հոգով, ինչը միլանցիներին տվել է ավելի հանգիստ գործելու հնարավորություն)։
Մրցաշարային աղյուսակում այս դիմակայությունները, բնականաբար, պատճառ են հանդիսացել համապատասխան շարժերի, սակայն օգտվենք նրանից, որ տուրի մասին ամբողջական տվյալներ ունենք, ներկայացնենք նաև մյուս մրցակցություններում արձանագրված արդյունքներն ու ըստ այդմ անդրադառնանք աղյուսակի վերջնական պատկերին։
Երեք գոլ արձանագրվեց «Պարմա»-«Նապոլի» դիմակայությունում, երեքն էլ` 11-մետրանոցի արդյունք։ Ֆուտբոլի աստվածուհին այդ երեկո «աշխատեց» հոգուտ տանտերերի, թեպետ այդ միավորներն ավելի շատ պետք էին 56 միավորով յոթերորդ հորիզոնականում գտնվող հյուրերին, որոնք պայքարում են առաջին վեցյակում տեղ գտնելու համար։
Բնականաբար, «Նապոլիի» այս սայթաքումն ավելի քան պետք էր թե՛ «Միլանին», որը երեք խաղում տարած երեք անընդմեջ հաղթանակով և 59 միավորով առաջին վեցյակի մաս է կազմել, թե՛ 58 միավոր ունեցող «Ռոմային», որի մրցակիցը թեև ՍՊԱԼ-ն էր՝ սկուդետեն արդեն իսկ լքած դժբախտը, բայց դե պատից կախված դատարկ հրացանի տարվա մեջ ինչ անելու մասին հո բոլորս գիտենք։ Մնում էր, որ այդ գիտակցումը իտալական «գայլերն» էլ ունենային ու հակընդդեմ քայլեր գտնեին։ «Ռոման» ամեն ինչ գերազանց արեց, արտագնա հանդիպումը շահեց 6։1 տպավորիչ հաշվով ու պահպանեց Եվրոպայի լիգայի ուղիղ ճանապարհ հանող հինգերորդ հորիզոնականը։
Արդ այն մասին, թե ինչ արեց «Ինտերը»։ Որ ասենք՝ հերթական անգամ զարմացրեց, նոր ոչինչ ասած չենք լինի։ Տնային խաղում «Ֆիորենտինայի» հետ գոլազուրկ ոչ-ոքին Անտոնիո Կոնտեի սաներին հարկադրեց նահանջել երրորդ հորիզոնական՝ ավելի վաղ նվաճած երկրորդը զիջելով «Ատալանտային», որից հետ է մնում մեկ նիշով։
Երեկ երեկո կայացել են «ՈՒդինեզե»-«Յուվենտուս», «Լացիո»-«Կալիարի» դիմակայությունները։ Հաղթանակը «ծեր սինյորային» երեք տուր առաջ անհասանելի կդարձներ մնացածներից, իսկ ահա «Լացիոն» դիրքային առումով ոչ մի կարգի բարելավում չէր ունենա, պարզապես ընդհուպ կմոտենար «Ինտերին»։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի նախավերջին տուրն ամբողջացավ մրցաշարային աղյուսակի համար առանցքային նշանակության «Մանչեստր Յունայթեդ»-«Վեստ Հեմ», «Լիվերպուլ»-«Չելսի» մրցակցություններով, թեպետ չի կարելի թերագնահատել մյուս երկու՝ «ՈՒոտֆորդ»-«Մանչեստր Սիթի», «Աստոն Վիլա»-«Արսենալ» դիմակայությունները։
Սկսենք վերջիններից։ Իր համար զրոյական նշանակության խաղում «Մանչեստր Սիթին» չորս անպատասխան գնդակի տարբերությամբ պարտության մատնեց պրեմիեր լիգայում մնալու հուսահատ փորձեր կատարող «ՈՒոտֆորդին» ու ակամայից սկսում ես մտածել՝ կրող էի՞ք, գավաթի կիսաեզրափակչում «Արսենալին» կրեիք ու մրցաշրջանը վերջնականապես տապալած չլինելու համար չմնայիք Չեմպիոնների լիգայում հաղթելու հույսին։
Սակայն եկեք ուրիշի կռիվը մեր ուսերին չվերցնենք ու անցնենք առաջ։ Նույն պրեմիեր լիգայում մնալու հուսահատ փորձեր անող «Աստոն Վիլան» նվազագույն հաշվով պարտության մատնեց, հետաքրքրական է, չէ՞, գավաթային հանդիպումում «քաղաքաբնակներին» թրատած «Արսենալին» ու միավորներով՝ 34, հավասարվեց վատագույն եռյակում գտնվող «ՈՒոտֆորդին»՝ շրջանցելով լրացուցիչ գործակիցների հաշվարկով։ Ջանքերի ևս մեկ կոորդինացում, ու «Աստոն Վիլան» կշարունակի պահպանել պրեմիեր լիգայում ունեցած գրանցումը։
«Մանչեստր Յունայթեդ»-«Վեստ Հեմ» մրցակցությունում ոսկու գնի էր յուրաքանչյուր միավորը։ Անգամ մեկ միավորը վերջինիս հնարավորություն կտար իսպառ լուծված համարել պրեմիեր լիգայում մնալը, իսկ ահա այդ նույն մեկ միավորը «Մանչեստր Յունայթեդին» հնարավորություն կտար վերջին տուրից առաջ մաս կազմել Չեմպիոնների լիգայում հանդես գալու ամբողջական կամ մասամբ մասնակցություն ձեռք բերած թիմերին։ Բացառիկ լարված ընթացք ունեցած այս մրցակցությունն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1, ինչը տանտերերին 63 միավորով հանել է երրորդ հորիզոնական՝ վերջնական շտրիխները դնելու իրավունքը վերապահելով վերջին տուրում «Վուլվերտոնի» հետ ունենալիք հանդիպմանը։
Երևի թե հարկ էլ չկա նշելու, որ հիշյալ քառյակից առանձնակի նշանակության էր «Լիվերպուլ»-«Չելսի» դիմակայությունը։ Առանձնակի նախ և առաջ նրանով, որ այդ հանդիպումից հետո պիտի լիներ չեմպիոնական պաշտոնական արարողությունը, իսկ դա պիտի որ պարտավորեցներ ամեն տեսակի հովեր նետել մի կողմ ու օրվա խորհուրդը չպղտորել։ Սակայն հարցը բարդ էր կամ բարդանում էր այնքանով, որ մրցակիցն առաջնությունում լուրջ խնդիրներ ունեցող «Չելսին» էր ու կռիվ էր տալու մինչև վերջ։ Որ շատ չերկարացնենք, այսպես ասենք՝ փառահեղ մրցակցություն ստացվեց, որն ի վերջո ավարտվեց «Լիվերպուլի» 5։3 տպավորիչ հաղթանակով, ու այդ հաշիվը օրվա խորհրդի հետ խորապես ներդաշնակված էր։ Հավելենք միայն, որ 63 միավորով «Չելսին» Չեմպիոնների լիգա հանող թիմերի կազմում է (լրացուցիչ գործակիցների պատճառով է հաջորդում «Մանչեստր Յունայթեդին»), սակայն այնտեղ մնալու համար շատ լուրջ կռիվ ունի տալու, որովհետև այդ տեղին հավասարապես հավակնում է և «Լեստերը», որն էլ լինելու է նրա մրցակիցը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ