Աշխարհում երևի թե ոչ մի կինոնկար, այն էլ դեռևս նախապատրաստական փուլում, չի հանել այնպիսի աղմուկ, որպիսին հանել ու դեռ հանելու է երբեմնի ծանրորդ Մելինե Դալուզյանին նվիրվելիք «Մել» հայ-հոլանդական համատեղ արտադրության կինոնկարը, որտեղ ֆինանսավորման առյուծի բաժինը՝ 100000 եվրո, հոլանդական կողմինն է։ Հետաքրքրական է, որ հասարակությանը երկփեղկած նախագիծն ամբողջությամբ ու անառարկելիորեն պաշտպանում է իշխանական թևը, և հավասարապես շահարկում, միանշանակ հարվածի տակ են առնում նախկին իշխանության ներկայացուցիչները։
Խնդրո առնչությամբ այնպես չէ, որ չկա երրորդ կողմ, սակայն այն իր գնահատականի մեջ ավելի շուտ ու ավելի շատ զգացմունքային-զգայական է, միջնորդավորված, քանզի ամբողջության մեջ աղմուկ հանած նյութից տեղյակ է լոկ հակադիր կողմերի մեկնաբանություններով։ Եթե անգամ այս երրորդ կողմն էլ պայմանականորեն մի պահ թողնենք մի կողմ, զավեշտն այն է, որ խնդրո առնչությամբ նաև բևեռացված կողմերն են իրենց դիրքորոշմամբ հիշեցնում մեր ոչ վաղ անցյալը, երբ կարծիք էր ձևավորվում համաձայն «ադաբրյամսի» կամ «ասուժդամսի»՝ առանց բուն նյութին ծանոթ լինելու։
Կինոնկարի ստեղծմանն ընդդիմացող կողմն այն կարծիքին է, որ սեռափոխ եղած, հայրենիքը լքած երբեմնի ծանրորդ Մելինե Դալուզյանին հերոս ընտրելն իր հենքի մեջ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այլասերվածության քարոզ, որ նրա՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն լինելն ընդամենը ծխածածկույթ է ֆիլմի հեղինակների իրական նպատակների համար, և որ եթե վայ-կինոնկարի հեղինակների նպատակը նրա մարզական հաջողությունները ներկայացնելն է, մենք կինոհերոսի վերածելու շատ ավելի արժանավոր, շատ ավելի մեծ վաստակ ունեցող մարզիկներ ունենք։ Ավելին՝ այս քննադատության մեջ աչքաթող չի արվում այն հանգամանքը, որ ոչ մաքուր պայքարում հաղթանակների հասած Մելինե Դալուզյանի պատճառով ծանրամարտի Հայաստանի ընտրանին մասնակիցների հաշվարկով կարող է տեղեր կորցնել Տոկիոյում կայանալիք առաջիկա օլիմպիական խաղերում։ Որպես փաստարկ նշվում է և այն, որ երբեմնի մարզիկը, ըստ էության, լքել է հայրենիքը և ո՞րն է նման անձի մասին ստեղծվող կինոնկարի համար պետական բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելու իմաստը։
Իշխանական թևի մատուցմամբ, հօգուտ ֆիլմի ստեղծման, ի սկզբանե փաստարկ էր բերվում Մելինեի՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն լինելը, ու ահագնացող կարծիքի ճնշումը հակադարձվում էր նրանով, թե հայկական կողմը դրա ստեղծմանը մասնակցում է միայն կինոհերոսուհու մարզական նվաճումները ներկայացնելու մասով ¥պատկերացնում ե՞ք, թե ֆիլմ դիտելու ինչ նորարական մոտեցում է առաջարկվում՝ այսքան մասը մեր ֆինանսավորմամբ է, այսքան մասը՝ դիմացինի¤, մինչև որ հասարակության կողմից մարսելու ուղենշային միանգամայն այլ բան գծագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրեն բնորոշ արվեստականությամբ խնդիրն ավելի շատ զգայական կողմ տանելով ու որպես անհատի ողբերգություն ներկայացնելով, այդ կերպ մարզուհուն ոչ միայն իր անձնական պաշտպանության տակ առնելով, այլև նետված մարտահրավերի տեսքով հայտարարելով, որ ինքը հպարտ է ֆիլմի նկարահանմանը կանաչ լույս ցուցանած նախարարության որոշումով։
Հարկ համարենք նկատել, որ Նիկոլ Փաշինյանի որակումներից աշխատեց վայրկյան առաջ օգտվել հասարակության այն մասը, որն իր ողջ գիտակցական կյանքում առաջնորդվել է «Տաք լինի, ցանկացած ծակ լինի» սկզբունքով։ Մեր խորին համոզմամբ` այս պատեհապաշտների ոհմակը մեր երկրի անվտանգությանն ուղղված ամենախոշոր սպառնալիքն է, իսկ տվյալ պարագայում այն ընդամենը կրկին հաստատել է իր կեցության վայրի հասցեն ու դրանից ավելի արժեք այն չի ներկայացնում, ուստի եկեք այդ գորշ զանգվածի վրա առանձնապես չծանրանանք, քանի որ կուզին միայն գերեզմանը կարող է ուղղել։ Անցնենք առաջ։
Ստեղծվելիք կինոնկարի շուրջ ծավալված աժիոտաժն անդառնալի հարված կարող է հասցնել երկրին, և ովքեր չեն կարևորում դրա հնարավոր անդրադարձումները, մեր համեստ կարծիքով կատարյալ մոլորության մեջ են։ Մասնավորապես տեսեք, թե ինչ արձագանքներով են հանդես եկել ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ու աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։
Բնավ չթերաժևորելով վերջինիս ու նրա օրավուր կշիռ ստացող ձայնի հեղինակայնությունը՝ ես ավելի շատ տագնապած եմ Փաշիկ Ալավերդյանի «վաբանկ» գնալուց, մարդ, ով իր հանդուրժողականության հետ հանրությանն ավելի շատ հայտնի է և իր քիչ թե շատ հարմարվողականությամբ, սուր ծայրերը հարթեցնելու, կամուրջներ կապելու ունակությամբ ու դա ոչ միայն երկրի ներսում։ Մասնավորապես մենք դա տեսնելու առիթ ենք ունեցել արտերկրի իր կոլեգաների, ծանրամարտի միջազգային, եվրոպական ֆեդերացիաների ղեկավարների հետ շփումներում։ Ասելիքս այն է, որ կոշտ ուժի ցուցադրմամբ, ասֆալտներին փռելու, պատերին ծեփռտելու մտայնությամբ խնդրի լուծման գնալով՝ մենք իրականում կարող ենք ոչ միայն լուրջ հակազդման փաստի առաջ կանգնել, այլև լուրջ բաներում տանուլ տալ, իսկ սա առանձնապես վտանգավոր է:
Ես աշխատում եմ հնարավորինս մեղմ երանգներով ներկայացնել հիմնախնդրին կացնային լուծում տալու հետևանքները։ Կարծում եմ, որ չէր խանգարի հետքայլը կամ մասնակի հետքայլը՝ խնդիրը հնարավորինս համակողմանի քննության առնելու, թեր ու դեմ կողմերը հաշվարկելու համար։ Սա ես ասում եմ նաև որպես մարդ, ով թերևս ամենաշատն է գրել Մելինե Դալուզյան մարզիկի մասին՝ նրա մասնակցությունն այս կամ այն առաջնություններին ներկայացնելով ոչ միայն վիճակագրական հիշատակումներով։ Ես սա ասում եմ նաև որպես մարդ, ով ծանրամարտի մասին գրքի հեղինակ է, մարզիկների հետ շփվելու երկարամյա փորձ ունի, հստակ գիտի, որ այդ աշխարհի ուժեղներն ուժեղ են ոչ միայն իրենց ֆիզիկականով, այլև կամային բարձր հատկանիշներով, արժեհամակարգային պինդ պատկերացումներով, իրենց պատվի, նամուսի, թասիբի մասին ընկալումներով։ Իմաստ ունի՞ երկրին պատիվ ու փառք բերող այդ ուժին հրահրել, ուղղորդել այլ հուն մտնել։ ՈՒ քանի որ թեման առնչվում է նաև կինոյին, «Հարսնացու՝ հյուսիսից» կինոնկարի հերոսներից մեկի՝ Փարսադանի տղա Մուրադի լեզվով էլ ավարտեմ ասելիքս՝ զա շտո՞։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ