Անցյալ շաբաթ Կիևում տեղի է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ 92-ամյա Շիմոն Պերեսը: Նրա ելույթը լայն արձագանք է գտել լրատվամիջոցներում և սոցցանցերում: Ներկայացնում ենք հատվածներ նրա խոսքից: «Մենք երազում էինք մեր հողի մասին, սակայն հողը, որ ստացանք, երազանք չէր: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, անապատ՝ հարավում, քարեր: Պետք էր ընտրել մոծակների ու քարերի միջև: Այնտեղ երկու լիճ կար՝ մեկը՝ Մեռյալ, մյուսն էլ չորանում էր: Կար հայտնի գետը, սակայն այնտեղ էլ ջուր չկար: Այսինքն, ջուր ընդհանրապես չկար: Բնական ռեսուրսներ նույնպես չկային: Այն ժամանակ ասում էին, որ Մերձավոր Արևելքում երկու տեսակի երկրներ կան՝ նավթային ու սուրբ: Մերը բացարձակ սուրբ էր, որովհետև ընդհանրապես ոչինչ չկար»:
Մենք միայնակ էինք: Մենք չունեինք կրոնակից եղբայրներ, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Այս ամենը տեղի էր ունենում Հոլոքոսթից հետո: Մենք գնացինք այնտեղ ու չգիտեինք ինչ անել:
Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ հարստացրին հողը, այլ ոչ թե հողը մարդկանց:
Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր փնտրում էր, թե ինչպես գյուղատնտեսություն զարգացնել առանց ջրի ու հողի: Դա բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր: Ի զարմանս մեզ՝ պարզվեց, որ գյուղատնտեսությունը, որը հիմնված է ոչ միայն հողի, այլև բարձր տեխնոլոգիաների վրա, աշխատում է: Հիմա բավականաչափ ջուր ունենք: Ջուրը սովորաբար գտնում են, այլ ոչ թե արտադրում: Մենք սկսեցինք արտադրել: Եվ հաջողության հասանք: Մենք սկսեցին աղազերծել ջուրը, մենք բանջարեղենի տեսակներ գտանք, որոնք շատ ջուր չեն «խմում», սելեկցիայով զբաղվեցինք: Ապագայի համար կարևոր է ոչ թե այն, ինչ գտնում եք, այլ այն, ինչ արտադրում եք:
Մենք չունեինք մարդ, սպառազինություն, երբեք չէինք պատերազմել, 450 հազար հոգի էինք, չունեինք գեներալներ ու ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, սակայն պատերազմ էր ընթանում: Մենք երկու բան պետք է անեինք. Առաջին՝ մարդիկ պետք է տղամարդ ու արի լինեին: Նրանք պետք է հասկանային, որ ընտրություն չունենք, մենք պետք է միայն հաղթենք:
Երկրորդ՝ զենք չունեինք, հետևաբար սկսեցինք արտադրել: Բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Իսրայելական ՏՏ-ն աշխատում էր բանակի համար:
Երբեմն ինձ հարցնում են՝ որո՞նք էին ձեր ամենամեծ սխալները: Ես պատասխանում եմ՝ մենք կարծում էինք, որ մեծ երազանքներ ունենք, սակայն հիմա հասկանում ենք, որ այդքան էլ մեծ չէին: Որքան մեծ է ձեր երազանքը, այնքան ավելիի կհասնեք:
Բոլոր մարդկանց ներուժն էլ շատ մեծ է: Սակայն բոլորն էլ մի փոքր ծույլ են: Եթե ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է աշխատել: Երկնքից ոչինչ չի ընկնում: Մենք Իսրայելում շատ ենք աշխատել: Մարդիկ արձակուրդ են գնում, դա ժամանակի իզուր վատնում է: Ես 90 տարեկան եմ, սակայն երբեք արձակուրդ չեմ գնացել: Ես աշխատանքից հաճույք եմ ստանում: Եվ մի եղեք վատատես. դա նույնպես ժամանակի իզուր վատնում է, հատկապես երբ ժամանակները փոխվում են:
Պետք է գնալ գիտության հետևից: Գիտությունը չունի սահմաններ, սահմանափակումներ, ռեֆլեքսիա: Մի փորձեք լուծել անցյալի խնդիրները: Անցյալն ընդհանրապես ոչ մի դեր չի խաղում: Պարզապես ուսումնասիրեք, որպեսզի չկրկնենք հին սխալները: Անցյալում չկա ոչ ապագա, ոչ հույս: Մարդկանց մեծ մասը փորձում է հիշել, այլ ոչ թե պատկերացնել: Դա ամենամեծ սխալն է: Պատմության վրա չպետք է հույս դնել: Պատմաբանները եղել են արքաների և իշխանություն ունեցողների մունետիկները: Նրանք ասում էին այն, ինչ պետք է:
Մարդիկ ինչ-որ բանից վախենում են: Միայն Աստված գիտի, թե ինչ կլինի մեզ հետ:
Երիտասարդ սերունդն ասում է՝ քաղաքականությունը կոռումպացված է, դա մեզ համար չէ: Ես պատասխանում եմ՝ դուք ազնիվ եք, եթե ազնիվ քաղաքականություն եք ցանկանում, գնացեք ու ազնիվ քաղաքականություն արեք:
Մարդիկ հարցնում են ինձ, թե ինչպես ակտիվ մնալ: Շատ պարզ: Հաշվեք ձեր ձեռքբերումները և երազանքները: Եթե երազանքներն ավելի շատ են, քան ձեռքբերումները, դուք դեռ երիտասարդ եք: Եթե հակառակն է, դուք ծեր եք: