38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Էժանագին թղթի վրա տպված գիրքն ինձ համար նույնքան աբստրակտ է, որքան էլեկտրոնայինը»

«Էժանագին թղթի վրա տպված գիրքն ինձ համար նույնքան աբստրակտ է, որքան էլեկտրոնայինը»
09.12.2014 | 11:13

Ժամանակակից արվեստն ու մշակույթը թվային դարաշրջանում: Տեղեկատվական նոր հարթակ, տնտեսության զարգացման նոր մոդել: Բիզնես և մշակույթ: Այս թեմաների շուրջ է մեր զրույցը «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

-Թվային տեխնոլոգիաները ընթերցանության այլընտրանքային տարբերակ են առաջարկում: Թվում է, պետք է ավելանար ընթերցողների թիվը, մինչդեռ հակառակ արդյունքն է գրանցվում: Կարելի՞ է միանշանակ ասել, որ գրքի նկատմամբ հետաքրքրության պակասը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացով:
-Մեր օրերում մարդիկ հաղորդակցվում են փոքր բովանդակությամբ, մեծ քանակությամբ հաղորդագրություններով: Երկարաշունչ նամակի կարիք չկա, հաղորդագրությունը դարձել է սովորական զրույց. ուղարկված հաղորդագրությունը միանգամից տեղ է հասնում ու միանգամից պատասխան ստանում: Այսինքն, փոխվում է ընդհանուր մշակույթը` հաղորդակցվելու, գրել-կարդալու: Նոր սերնդի համար, որ ծնվել է, այսպես ասած, Ֆեյսբուքի դարում, նորմալ չէ 400-էջանոց գիրք կարդալը, երկար ինչ-որ բանի վրա աշխատելը: Սոցցանցերում մի նկարը, կարճ երկտողն ավելի մեծ դիտումներ են ապահովում, քան երկար տեքստը: Միջավայրը նպաստում է նոր տիպի մարդու զարգացմանը: Այսօր սպառողական սերունդ դաստիարակելու բացասական կողմերից մեկն այն է, որ անհանգստությունից մինչև բավարարվածություն ժամանակը կրճատվում է: Եթե որոշել ես կահույքի արտադրամաս ստեղծել կամ ծրագրավորման ընկերություն, գիտես, որ երեք-չորս տարի պետք է սպասես: Իսկ սպառողի մեջ անհանգստությունն ու երազանքը առաջանում են գովազդը դիտելու պահին, բավարարվում ապրանքը գնելու պահին: Դրանց միջև տևողությունը կարող է լինել15 րոպե, մինչև հասնես վաճառքի սրահ ու որոշես, ասենք, Samsu՞ng-ն ես նախընտրում, թե՞ iPhone-ը: Դրանից այն կողմ չի անցնում երկմտությունը: Այդ տեսակի զարգացումն անխուսափելիորեն բերելու է սպառողական հասարակության ձևավորման: Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ գիրք կարդում են այն հասարակություններում, որտեղ կա երկարաժամկետ մտածելակերպ, մեծ ներդրում անելու մշակույթ:
-Չնայած դրան, չենք կարող ասել, թե երիտասարդների շրջանում ընթերցասերներ չկան:
-Ինչպես չենք կարող ասել, թե ամբողջ նոր սերունդը խանութպան է: Ոչ, կան նաև արտադրողներ: Ինչ վերաբերում է ընթերցանության այլընտրանքային միջոցներին, կարծում եմ՝ դա կեղծ խնդիր է, հետաքրքրում է միայն հրատարակիչներին, էլեկտրոնային գրքեր արտադրողներին: Թղթով կկարդաս, թե էլեկտրոնային տարբերակով, կապված է ոչ թե արվեստի, գրականության հետ, այլ բիզնեսի, այսինքն, կհաղթեն գրահրատարակչություննե՞րը, գրավաճառնե՞րը, թե՞ «Ամազոնի» պես մեծ կորպորացիաները: Անձամբ ես նախընտրում եմ լավ որակի տպագիր գիրքը, որը գնալով քչանում է: Մինչդեռ նախկինում գրքերը արվեստի գործեր էին, կարող էիր պահել կահույքի նման, այնքան սիրուն էին դիզայնը, որակը: Էժանագին թղթի վրա տպված գիրքն ինձ համար նույնքան աբստրակտ է (միայն բովանդակությանն ես նայում), որքան էլեկտրոնայինը:
-Նկարիչներն այսօր համացանցի միջոցով կարող են հանրայնացնել իրենց աշխատանքները, վաճառել: Համարենք, որ սա տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության դրական կողմն է: Բայց տպավորություն է ստեղծվում, թե ծանոթ ես նկարչի գործերին, արվեստանոց գնալու, ցուցահանդեսի մասնակցելու կարիք չկա: Մինչդեռ կենդանի արվեստին առնչվելն ուրիշ բան է: Նույնը կարող ենք ասել երաժշտության մասին. կարելի է ցանկացած պահին, ցանկացած վայրում լսել, ներբեռնել: Բայց դասական գործի մասին կարո՞ղ ես պատկերացում կազմել Youtube-ում տեղ գտած ձայնագրությամբ:
-Եթե այդպես ընդհանրացնենք, ապա ասեմ, որ «Ինստիգեյթը» սկսել է նախաձեռնություն, որը թույլ է տալու երաժիշտներին վաճառել իրենց ստեղծագործությունները հենց ունկնդրին: Նույնը կարելի է անել ֆիլմերի, գրքերի դեպքում: Սկզբնական շերտում նախաձեռնությունն ավելի տնտեսական նպատակ ունի, իսկ խորքային շերտում` կապված է արվեստի հետ: Եթե ես սկավառակի համար վճարում եմ 21 դոլար, 1 դոլարը երաժշտին է բաժին հասնում, 20-ը` սկավառակ արտադրող ընկերությանը: Այսօրվա արտադրությունն է այդպես կառուցված, թվում է, օգնում ես արվեստին, իսկ իրականում աջակցում ես ընդհանուր արտադրությանը, տվյալ դեպքում` ցածրակարգ երաժշտությանը, որովհետև դա է ավելի շատ վաճառվում: Ամենուր է այդպես, սկսած կոշիկի արտադրությունից: Խնդրի լուծումը ես տեսնում եմ գովազդային տնտեսությունից կատալոգային տնտեսությանն անցնելու մեջ: Գովազդն անընդհատ խանգարում է, մտնում է մաշկիդ տակ, ենթագիտակցությանդ մեջ, մինչդեռ ես պատրաստ եմ վճարելու սպորտային կոշիկ գովազդող կատալոգի համար այն օրը, երբ ուզում եմ գնել այն: Բայց երբ ես ֆիլմ եմ նայում, չեմ ուզում այն ընդհատեն կոշիկի գովազդով: Ես պատրաստ եմ վճարելու հեռուստաընկերությանը` ֆիլմն առանց գովազդի դիտելու համար:
-ՈՒնե՞նք նման վճարումներ անելու պատրաստ հանրություն:
-Խնդիրներից մեկն այն է, որ մեր տնտեսությունը զարգացել է գովազդային ուղղությամբ, ոչ թե կատալոգային: Իրականում մենք ենք վճարում գովազդի համար, սպորտային կոշիկը մեկ ցենտով թանկ է, որովհետև պետք է գովազդվի ամենաթանկ ամսագրերում: Ինքնաթիռում ինձ հետաքրքրող սպորտսմենի մասին հոդվածը կարդալիս` ես ստիպված եմ շրջանցել սպորտային կոշիկը գովազդող էջը: Մենք` սպառողներս, ֆինանսավորում ենք տեղեկատվական ոլորտի աղբի համար, որը մեզ խանգարում է: Շատերը պատրաստ են վճարելու, որ սոցցանցերում, որոնման համակարգերում չառնչվեն գովազդի հետ: Մարդիկ աղբակույտերի միջով անցում են ու իրենց անհրաժեշտ ինֆորմացիան նայում: Այսինքն, իմ նայած գովազդերից Facebook-ը 10 դոլար էլ չի աշխատում: Կատալոգային տնտեսությունը կարող է օգտակար լինել թե կազմակերպիչներին, թե գովազդատուներին, որովհետև սպորտային կոշիկի գովազդը կարող է ավելի շատ հետաքրքրել ոչ թե Facebook մուտք գործողին, այլ նրան, ով այդ պահին ուզում է գնել սպորտային կոշիկ:
-Համաշխարհային հարթակում փորձարկվե՞լ է տնտեսության Ձեր նշած մոդելը:
-Այդ գաղափարախոսությունը շրջանառվում է ամբողջ աշխարհում: Ազատ ծրագրային ապահովման հիմնադիր Ռիչարդ Ստալմանն իր հոդվածներում նշում է, որ երաժշտությունը պետք է լինի անվճար (մեկ է, մարդիկ անվճար ներբեռնում են ու շարունակելու են ներբեռնել), բայց ունենա նվիրատվության բաժին: Ով սիրում է տվյալ երաժշտին, ուզում է վճարել հենց նրան: Եթե ես իմանամ, որ Արտո Թունջբոյաջյանն ունի իր էջը, կսեղմեմ նվիրատվության բաժինն ու գումար կտամ իբրև երախտիք:
-Բարդ է: Նույն Արտո Թունջբոյաջյանը գուցե նախընտրի փորձվա՞ծ տարբերակը` համագործակցությունը հրատարակիչների հետ:
-Գուցե, բայց տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում: Եթե մենք ստեղծենք հարթակ, միավորենք նման մտածելակերպ ունեցող մարդկանց, արդեն հեշտ կլինի: Իսկ հիմա, իհարկե, ավելի հեշտ է աշխատել սկավառակ թողարկող ընկերությունների հետ, ինչպես գյուղում կոմպոտ արտադրողի համար ավելի հեշտ է դադարեցնել կոմպոտի արտադրությունը, որովհետև «Կոկա-կոլան» իրեն անվճար ամեն ինչ տալիս է` սառնարան, կարմիր անձրևանոց, «Կոկա-կոլան» արկղերով հասնում է իրեն, ազատում կոմպոտ արտադրելու գլխացավանքից ու վերածում խանութպանի: Սա գլոբալ տենդենց է, արվեստը, կենցաղը, ամեն ինչ իրար են խառնված: Թվում է, թե դրանք անկախ են, իրականում սերտորեն կապված են:
-Ինչո՞վ եք բացատրում բիզնեսի և մշակույթի կապը տվյալ պարագայում:
-Երբ գլոբալիզացիան մտնում է մարդկանց կյանք, փոքր երկրներ, փոքր շրջաններ, մարդկանց թվում է, թե իրենց կոմպոտը կարող են վաճառել ոչ միայն իրենց գյուղում, այլև կողքի գյուղերում, արտահանել ուրիշ երկրներ: Բայց գլոբալիզացիան մտնում է գյուղ ու արտադրամասերը վերածում խանութների: Եթե նախկինում փողը մնում էր գյուղի ներսում, հիմա դուրս է գալիս գյուղից դեպի կոկա-կոլա արտադրող ընկերություն: Իսկ սահմանափակ տեղից դուրս եկող գումարը մի օր զրոյանում է: Դու արդեն վաճառելու բան չունես, որ գումար ունենաս և ինչ-որ բան գնես: Սկսում ես վաճառել մարդկանց, նրանց խոպան ես ուղարկում, վաճառում ես բնական ռեսուրսներդ, ինքդ քեզ: Գլոբալիզացիան օգնում է ոչ թե փոքր ու միջին ձեռնարկություններին, այլ մասսայական արտադրությանը, որը զուրկ է արվեստից: Դու չես կարող գնել աթոռ, որի մեջ հոգի կա: Եթե վարպետը աթոռի մեջ հոգի է դնում, կյանքի ընթացքում նա կարող է 1000 աթոռ պատրաստել, չի կարող ժամում 1000 հատ «տպել»: Դա անում է Չինաստանի գործարանը: Մարդիկ գնում են այն, բերում իրենց երկիր, փողը հոսում է երկրից դուրս: Մյուս տարի ջարդվում է, նորից են գնում: Թվում է, թե նորություն մտավ կյանք, իրականում նորությունն այն է, ինչն արժեքավոր է ու մնայուն, երբ կողքի գյուղի վարպետը աթոռ է պատրաստում, որը դնում ես հյուրասենյակում, հետո այն ժառանգում է երեխադ: Այսինքն, գնային առումով էլ թանկ չէ, գումարած այն, որ դրա մեջ հոգի կա: Արվեստն ու փոքր և միջին բիզնեսն առանց մեկը մյուսի չեն լինում: Մեր նախաձեռնության հիմքում հենց դա է, որովհետև ինչքան էլ կենսամակարդակը բարձր լինի, մարդիկ «ինքնասպան կլինեն», եթե արվեստ չլինի:
-Ի՞նչ փուլում է Ձեր նախաձեռնությունը և ի՞նչ է առաջարկելու հանրությանը:
-Մեր նպատակն է համացանցում ստեղծել հարթակ, որը թույլ կտա մարդկանց շփվել առանց կենտրոնացված ծառայությունների, ինչպիսին Facebook-ն է, առևտուր անել առանց «Վիզա», «Մաստեր» վճարային քարտերի: Ամենաանհավանական բանը մեր ասածներից այն է, որ առևտուրն իրականացվելու է էլեկտրոնային տարադրամով, որը չի պատկանում ոչ մի պետության: Դա մեր մտահղացումը չէ, այն արդեն գոյություն ունի աշխարհում: Մեր հարթակը` «Լևիաթանը», թույլ է տալու օգտվել նման ծառայություններից, կառուցել տնտեսություն` առանց կենտրոնացման, ինչն իր հերթին կօգնի փոքր ու միջին բիզնեսին գոյատևելու և մրցելու մեծ կորպորացիաների հետ: Որ, ինչպես մեր զրույցի սկզբում նշեցի, փոքր արտադրությունները չվերածվեն վերավաճառող կազմակերպությունների, կոմպոտի արտադրամասը չդառնա կոկա-կոլայի խանութ:

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ