Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Մաքսատուրքը հանվեց, մնում է գինն իջնի

Մաքսատուրքը հանվեց, մնում է գինն իջնի
11.07.2014 | 00:18

Գազը և նավթամթերքն առաջիկայում չեն թանկանա, համենայն դեպս` Հայաստանում: Օրեր առաջ ՌԴ նախագահը վավերացրեց «Հայաստան մատակարարումների գծով համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը, դեռևս Մաքսային միության անդամ չլինելով, օգտվելու է խաղի նույն կանոններից, ինչ անդամ երկրները: Իսկ խաղի կանոնը շատ պարզ է: «Հայաստան մատակարարումների գծով համագործակցության մասին» համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը իրավունք է ստանում առանց մաքսատուրքի ներմուծել ռուսական կապույտ վառելիքը, նավթամթերքը և չմշակված ալմաստը:
Իսկ երբ սահմանի վրա մաքսատուրք չկա, գազի կամ էլ նավթամթերքի գնի բարձրացումը տրամաբանական չէ: Հայաստան առաքվող գազի և նավթամթերքի գինը կարող է բարձրանալ մի դեպքում, եթե հումքային երկրում` Ռուսաստանում, դրանց գինն աճի:
Ինչ խոսք, գործընկերային այս նոր մոտեցումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Այս առումով շատ բնական է գործարարների ոգևորությունը։ «Արտադրության ոլորտի զարգացման հարցում կարևոր բաղադրիչներից են գազը, էլեկտրաէներգիան և բենզինը: Սրանք ուղղակիորեն ազդում են արտադրված ապրանքի գնագոյացման վրա: Եվ այս դեպքում մաքսատուրքի վերացումը խթան կարող է հանդիսանալ տնտեսության աշխուժացման համար: Եթե, իհարկե, իրենցից դուրս պատճառներ չմոգոնեն դրանց գները բարձրացնելու համար»,- մեզ հետ զրույցում նշում էին գործարարները:
Ի դեպ, գործարարների մեծ մասը ներքին վախ ունի, որ գազի և վառելիքի այլ տեսակների գները կարող են Հայաստանում անհիմն բարձրանալ: Թերևս սա բնական է, և կարծում ենք` պայմանավորված է վերջին 6 տարում կառավարության վարած քաղաքականությամբ, որի արդյունքում հարկերի բարձրացում տեղի ունեցավ, և այս տարի թեև գազի գինը 270 դոլար չդարձավ, այնուհանդերձ, բնակչության վզին դրվեց «ՌՈՍգազպրոմի» 300 մլն դոլարի շինծու պարտքը: Այդ իսկ պատճառով ոչ միայն գործարարները, այլև ժողովուրդը մտավախություն ունեն, որ գազի և նավթամթերքի գինը կամայականորեն կարող է բարձրանալ: Ինչ զարգացումներ կլինեն հետագայում, ժամանակը ցույց կտա:
Սակայն նկատենք, որ տարեսկզբից մինչև վերը նշված միջկառավարական համաձայնագրի վավերացումը ռուսական նավթամթերքը` բենզինը, մտավ Հայաստան և դրանից հետո ոչ մեծ չափով, սակայն 20 դրամով նվազեց բենզինի գինը, նույնն էլ` կապույտ վառելիքը: Ակնկալվում էր, որ գազի գինը 189 դոլարից պետք է դառնար 270 դոլար, սակայն դա տեղի չունեցավ: Այն, որ այս գործընթացները սկսվեցին մինչև ՌԴ նախագահի կողմից համաձայնագրի վավերացումը, վկայում է, որ Ռուսաստանն էն գլխից մտադիր է եղել այդ համագործակցությանը: Մնում է, որ դրա դրական ազդեցությունը մեր ժողովրդի համար շոշափելի լինի:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ