Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը մեծապես կարող են աջակցել տեղեկատվական և ինժեներական ոլորտները։ Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Ըստ պարոն Վարդանյանի՝ բանակի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է մասնակցություն ունենալ։ Հնարավոր է ավտոմատացնել զորքերի և ապրանքների շարժը և լուրջ տնտեսումներ կատարել, մի քանի անգամ արագացնել ռազմական պահեստների աշխատանքը։
«Բանակի հիմնական զարգացումներն այսօր աշխարհում ընթանում են անմարդ, ինքնակառավարվող կամ հեռակառավարվող սարքերի կիրառմամբ։ ՏՏ ոլորտը կարող է մասնակցել անօդաչու թռչող սարքերի կամ ինքնակառավարվող, ինքնագնաց, ինքնակրակող սարքերի ստեղծմանը։ Շատ զինատեսակներ (հրթիռներ, ռումբեր) Հայաստանում այսօր կառավարվող չեն, և դրանց կիրառումը պայմանավորված է ծավալով։ 2000 ռումբ ես արձակում՝ հույս ունենալով, որ մի քանիսը թիրախին կհասնեն, սակայն այսօր հնարավորություն կա բոլոր այդ տիպի սարքավորումները դարձնելու կառավարվող, ինչն ավելի ճշգրտորեն կխոցի նշանակետը։ Բանակում հիմնականում ռուսական սարքավորումներ, զենք-զինատեսակներ են, դրանց մի մասը բավականին հին է և լամպային տրանզիստորներով է աշխատում։ Մեծ հնարավորություն կա մեր ոլորտի գործիքներով հասկանալու, թե այդ սարքավորումները աշխատո՞ղ են, պատերազմական վիճակում կկրակե՞ն, թե՞ ոչ։ Կարելի է այդ լամպային սարքերը փոխարինել ժամանակակից էլեկտրոնիկայով, նոր ծրագրային փաթեթներ վրան դնելով այդ նույն հրթիռին նոր հնարավորություններ տալ»,- ասաց Կարեն Վարդանյանը։
Մեր զրուցակիցը կարևորում է մարտի դաշտում սեփական նավիգացիոն համակարգ ունենալու խնդիրը. «Այսօր կիրառվում են ռուսական և ամերիկյան GPS ու Գլոնաս նավիգացիոն համակարգերը, և մենք բացարձակապես երաշխավորված չենք, որ պատերազմի ժամանակ այդ համակարգերը չեն անջատվի, կամ մեր տվյալները չեն փոխանցվի հակառակորդին։ Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ սեփական նավիգացիոն համակարգ, ինչի ստեղծման իրական հնարավորությունը կա։ Հաջորդ ուղղությունը, որտեղ մեծապես կարելի է օգտագործել ՏՏ ներուժը, հակառակորդի գործողությունների հետախուզումն է։ Այն տեխնոլոգիաները, որոնք հայկական ընկերությունները կիրառում են քաղաքացիական ուղղություններում, կարելի է ներդնել նաև հետախուզության մեջ և կանխատեսել հակառակորդի գործողությունները։ Այն ռազմարդյունաբերական համակարգը, որ մենք այսօր ունենք, հնամաշ է, գերիշխող է նախկին մտածելակերպը, մինչդեռ այժմ բոլորովին նոր ռազմարդյունաբերական համակարգի ստեղծման ժամանակն է` հիմնված նոր, բարձրագույն տեխնոլոգիաների վրա, որոնց լուծումներն արտադրվում են Հայաստանում»։
ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշում է, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար պետք է հենվել լավագույն մասնագետների վրա, իսկ լավագույն մասնագետներն աշխատում են մասնավոր ընկերություններում։ ՈՒստի այսօրվա ռազմարդյունաբերության կոնցեպցիան պետք է հիմնվի պետության և մասնավորի համագործակցության վրա, ընդ որում, պետք է առավելագույնս ազնիվ լինել այդ բարձրակարգ մասնագետների հետ։ Այն մեթոդները, որ հաճախ մեզ մոտ կիրառվում են պետական պատվերների դեպքում, այդ մարդկանց նկատմամբ չեն կարող կիրառվել։ «Պետությունը պետք է հետաքրքիր գործ, հեռանկարներ ապահովի, որ մասնագետը արտերկրում աշխատելուց հրաժարվի և փորձի ներսի խնդիրները լուծել»,- կարծում է Կ. Վարդանյանը։
Աշխարհում աստիճանաբար ուժեղանում է պատերազմների տեղեկատվական հատվածը, և մի շարք պետություններ արդեն իսկ ձևավորել են իրենց կիբերզորքերը։ ԱՄՆ-ի կիբերզորքերը 50 տոկոսով կազմված են քաղաքացիական մարդկանցից, որոնք տարբեր ընկերություններում են աշխատում։ Մենք խնդիր ունենք շատ արագ կիբերզորքեր կազմավորելու, և դա դարձյալ հնարավոր է անել պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ։ Այդ միջավայրը պետք է օրենսդրորեն կարգավորվի, որպեսզի մարդիկ կարողանան համապատասխան գործունեություն ծավալել։
Մյուս կարևոր հանգամանքը, որ ընդգծում է մեր զրուցակիցը, բանակի գիտահետազոտական հատվածի զարգացումն է։ Բանակին վերաբերող բոլոր գիտահետազոտական խնդիրները, ըստ նրա, որպես թեկնածուական, դիպլոմային, կուրսային պրոյեկտներ, պետք է հասցեագրել ճարտարագիտական համալսարան` այդ բուհը դարձնելով գիտակրթական հաստատություն, որը կթողարկի կադրեր, որոնք կհամալրեն մեր ռազմարդյունաբերական համալիրը։ Եվ ամենակարևոր հարցերից մեկը, որ առանձնացնում է ԻՏՁՄ ղեկավարը, ռազմարդյունաբերական համալիրը բանակից անջատելն ու գնումների գործընթացի թափանցիկությունն ապահովելն է։
Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ` կա համապատասխան հանձնաժողով, որը, պաշտպանության նախարարության հետ համատեղ, բարձրացնում, քննարկում է նշված հարցերը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ