ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ալիևի՝ «եթե»-ներով ու Փաշինյանի՝ «ինչ է որ»-ներով խաղաղությունը

Ալիևի՝ «եթե»-ներով ու Փաշինյանի՝ «ինչ է որ»-ներով խաղաղությունը
05.10.2024 | 12:45

Գիտենք՝ Ալիևը անկեղծ թշնամի է:

Ասում է այն, ինչ ուզում է, պահանջում է այն,

ինչ մտքով անցնում է:

Լեզուն երկար է, որովհետև թիկունքին հաղթանակն է, Հայաստանի կապիտուլյացիան ու ՀՀ իշխանությունները:

Ալիևը ոչ միայն անկեղծ թշնամի է, այլ նաև անկեղծ «բարեկամ», ով բացում է մեր փակ աչքերը, ով պարզ ասում է մեր գլխին գալիքը, բացահայտում, որ Հայաստանը ծախվում է, որ գնորդն էլ ինքն է, իսկ գնման գործարքը՝ մաս մաս է:

Այնպես որ, վերջինիս կողմից բազմիցս թվարկած և ամենօրյա ռեժիմով ավելացող պահանջներին ավելացել է ևս մեկը, որի կյանքի կոչումն էլ չի բացառվում:

Չի բացառվում, որ այն նաև որպես հերթական պահանջ ներկայացված է այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրում»:

Եթե երեկ մարդը հայտարարում էր, թե ավելի քան վստահ է՝ ադրբեջանցիները կվերադառնան «իրենց պապենական հող՝ Արևմտյան Ադրբեջան», ինչպես վերադարձան Ղարաբաղ ու Արևմտյան Զանգեզուր, ապա այսօր ասում է՝ «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ վայրագությունները և պատժի մեղավորներին»:

Սա շարքային, ներքին լսարանին ուղղված հայտարարություն կդիտարկեի, եթե Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հաջիևն՝ ըստ էության չկրկներ այն:

Սովորաբար, նման հայտարարությունները երբ կրկնում են Հաջիևը և արտգործնախարար Բայրամովը, ուրեմն դրանք արդեն բանակցությունների բաղադրիչ են:

Իսկ ի՞նչ է այս հայտարարությունը ենթադրում.

Սա այն մասին է, որ խաղաղության հաստատման համար, Բաքուն անհրաժեշտ է համարում արցախյան հերոսամարտի ընթացքում դերակատարություն ու ավանդ ունեցած ռազմաքաղաքական գործիչներին պատժելը:

Որ նրանց հերոսացումը պետք է չեղարկվի ու քրեական պատասխանատվության ենթարկվեն,

իսկ նրանք, ովքեր կենդանի չեն՝ հետմահու ճանաչվեն հանցագործներ:

Կասկած չկա, որ Բաքուն Երևանին կամ կփոխանցի կամ արդեն իսկ փոխանցել է անվանացանկ:

Սա ցցուն փաստերից մեկն է, որ Բաքուն իր արսենալում դեռ բազում պատրվակներ ունի,

որոնք համարակալած դնելու է Երևանի սեղանին:

Սա նաև խոսուն փաստ է այն մասին, որ Բաքուն թիրախավորած գնում է հայկական պետական ինքնությունը կազմալուծելու, Հայաստանի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը ապամոնտաժելու հստակ ուղենշված ճանապարհով:

Բաքուն գերազանց գիտի, որ ինքնության ու սոցիալ-հոգեբանական կառուցվածքի մեջ արցախյան առաջին պատերազմն ու դրանում մեծ դեր ու ավանդ ունեցած գործիչների հանգամանքն անգամ պարտությունից ու Արցախի կորստից հետո, միևնույն է, ունի հիմնարար նշանակություն:

Այս համատեքստում հասկանալի են Բաքվի ֆոբիաները:

Բաքուն, ինչպես հիմա է իր բերդերում պահում հայ ռազմագերիներին, այնպես էլ ցանկանում է որպես հանցագործներ բանտերում տեսնել ՀՀ նախկին ղեկավարներին, բարձրաստիճան ռազմական գործիչներին ու հերոսներին:

Այս տեմպերով վաղն Ալիևը պահանջելու է

բոլոր կռված հայ տղերքին արտահանձնել Բաքու,

իբր Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն կամ հանացագործություն կատարելու պատճառով:

Այդժամ չի բացառվում, որ պատասխանը լինի հետևյալը.

դե մի քանի հարյուրին կամ հազարին տամ, որ 3 միլիոնին փրկեմ:

Այսպիսով՝ պահանջ-պայմանների շարանը շարունակվում է:

Շարունակվում է նաև ՀՀ իշխանությունների լռելյայն՝ «ձայն բարբառո անապատի» ջայլամային՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք լսել քաղաքականությունը:

Արձագանք չկա, որովհետև վախ կա:

Եվ հետո, իբր արհամարհում են՝ ասելով, որ լավ, դե բան է՝ ասում-խոսում են:

Եթե արձագանքենք, կդառնա որ ինքնաարդարանում ենք ու թշնամու նարատիվն ենք սպասարկում։

Դե, վախեցեք ու սուս մնացեք, թող վերջինս էլ աշխարհին համոզի, որ իր ասածը ճիշտ է։

Ցանկացած բան, եթե ասում ես ու դրան արձագանք, հակափաստարկ կամ հերքում չկա, ապա ինչ-որ պահից ընկալվելու է որպես ճշմարտություն:

Մեծ հաշվով՝ լռությունը համաձայնության նշան է:

Գուցե արդեն իսկ չկա տարաձայնություն, կա համաձայնություն ու դրա համար էլ տեսնում ենք լռակյացություն:

Ոչինչ չի բացառվում:

Սուս մնալու արդյունք է, որ Ալիևն օրը մեջ հայ ժողովրդին նվաստացնող ու ազգի վրա մատ թափ տվող հոխորտանքով է հանդես գալիս:

Արհամարհանքի արդյունք է, որ Ալիևը կրկին բոցաշունչ ելույթով բացահայտ սպառնում է նոր պատերազմով՝ հիշեցնելով, թե «Հայաստանը չպետք է մոռանա երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը:

Թող չմոռանան, թե ինչպես ծնկաչոք աղերսում էին մեզ խնայել իրենց, ինչպես օրը 10 անգամ դիմում էին Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու համար:

Նրանք մոռացել են դա ու հիմա նոր տերեր են գտել, որոնց առաջ կրկին ծնկաչոք են:

Թող չմոռանան հակաահաբեկչական գործողությունը:

Մտապահե՛ք, որ նույնիսկ այդ աշխարհագրության մեջ մենք կարողացանք հասնել մեր ուզածին:

Մենք մի քանի ժամում արմատախիլ արեցինք սեպարատիզմը՝ առանց նայելու որևէ մեկին և որևէ բանի»:

Վախի ու արհամարանքի, թշվառության ու ապիկարության, հպատակության, «моя хата с краю» ու «как бы ничего не вышло»-ի արդյունք է, որ Ադրբեջանն անխոչընդոտ հազարներով հատում է «Շիկահող» արգելոցի ծառերը, ոչնչացնում է կենդանական աշխարհը, մարդիկ զրկված են խմելու ջրից, որովհետև ակունքները հայտնվել են նրանց վերահսկողության տակ, կառուցում է տասնյակ կլիոմետրերով ռազմական ճանապարհներ, տեղադրում է ականներ և այլն:

Դե, իսկ զուգահեռ իրականության մեջ՝

ՀՀ ԱԳՆ-ն Ալիևին հակաքաղաքագիտական, հակադիվանագիտական պատասխան է տալիս, վարչապետի տիկինն, այս անգամ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով ընթրիքի հրավերի տոմս է տալիս, Փաշինյանն էլ Փարիզում փիառվում, հերոսաբար հեծանիվ է քշում:

Հեծոշոուն, նվաստացման ու ստորացման, ամոթի ու խարանի, Ստոկհոլմյան սինդրոմի, պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու ու խաղաղություն մուրալու մարաթոնը համատարած ապատիայի հետ համեմված շարունակվում է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ