Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Հանցագործություն» Հանրապետության հրապարակում

«Հանցագործություն» Հանրապետության հրապարակում
31.07.2009 | 00:00

ՇՔԵ՞ՐԹ, ԹԵ՞ ԴԵՏԵԿՏԻՎ
Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում շքերթ էր: Ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունն էր: Մասնակցում էին Հայաստանի ռազմական հաստատությունների կուրսանտներ և շրջանավարտներ: Շքերթին հետևում էր երկրի քաղաքական և ռազմական բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում` ՀՀ նախագահը, վարչապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության անդամներ: Փակվել էին դեպի քաղաքի գլխավոր հրապարակ տանող բոլոր փողոցները, դրանք «մաքրվել էին» ավտոմեքենաներից: «Մաքրման» աշխատանքները սկսվեցին առավոտյան ժամը 7.30-ի սահմաններում, ինչի պատճառով հրապարակին հարակից շենքերի բնակիչները «բարլուսախառը դիվադադար եղան»։ Մասնավորապես, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի հետնամասում գտնվող Գր. Տեր-Գրիգորյան փողոցում կայանած ավտոմեքենաները «տարհանելու» գործընթացը տևեց մոտ երկու ժամ: Այդ ընթացքում պետավտոտեսչության աշխատակիցներն անդադար հնչեցնում էին իրենց մեքենաների զիլ շչակները, բարձրախոսով մեկ առ մեկ հնչեցնում կայանած մեքենաների պետհամարանիշներն ու վարորդներից պահանջում մեքենաները հանել այդ փողոցից: Պատկերացրեք բնակիչներիս վիճակը, երբ երկու ժամ անընդմեջ, այն էլ վաղ առավոտյան, երբ ոչ բոլորն են արթնանում ու պատրաստվում աշխատանքի գնալու, հնչում են շչակի ու բարձրախոսի ականջ սղոցող ձայները: Նշված տարածքում մի քանի բնակելի շենքեր կան, մեկը` բարձրահարկ, որոնցում բնակվում է մի քանի հարյուր բնակիչ: Չհաշված «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը, որի արտասահմանցի հյուրերը հաստատ սարսափահար են եղել այդ աղմուկ-աղաղակից:
Ինչ վերաբերում է շքերթին, դրան առնչվող մի արտառոց փաստի ուղղակի չենք կարող չանդրադառնալ։ Հրապարակը ժողովրդից անջատել էին դեղին ժապավենով, որով արտասահմանում փակում են հանցագործության վայրը (ամերիկյան ֆիլմերում կամ լուրերի քրեական թողարկումներում տեսած կլինեք այդ ժապավենները): Զավեշտն այն էր, որ ժապավենի վրա անգլերեն գրված էր. «Ոստիկանական գիծը չհատել: Հանցագործության հետաքննություն է» (տե՛ս լուսանկարը): Եվ կողքին, ինչպես պարզեցինք ամենաիրազեկ ինտերնետի օգնությամբ, ԱՄՆ-ի հանցագործությունների հետաքննության վարչության հեռախոսահամարը: Մի սփյուռքահայ, տեսնելով այդ ժապավենը, չափազանց զարմացավ և հարցրեց. «Ի՞նչ հանցագործություն է կատարվել այս հսկա հրապարակում»: Ապշել կարելի է. մի՞թե համապատասխան մարմիններում որևէ մեկը չի գտնվել, որ կարդար կամ գոնե թարգմաներ ժապավենի վրայի գրությունը: Չէ՞ որ Երևանում ամռան այս օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, որոնք այդ անհեթեթության մասին կպատմեն իրենց երկրներում, և, ինչպես ասում են, ալամ-աշխարհով խայտառակ կլինենք։ Վերջապես, շքերթի կադրերը կարող են ցուցադրվել օտարերկրյա հեռուստաալիքներով, և Հայաստանի ու նրա ղեկավարների մասին շա՜տ «ուրույն» կարծիք կձևավորվի:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ