Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Լինում է այնպես, որ ուզում ես չապրել, սակայն դա չի նշանակում, թե չես ուզում ապրել» (Ստանիսլավ Եժի Լեց)

«Լինում է այնպես, որ ուզում ես չապրել, սակայն դա չի նշանակում, թե չես ուզում ապրել» (Ստանիսլավ Եժի Լեց)
31.07.2009 | 00:00

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ
Երբեմն կյանքն անտանելի դարձնող դժվարություններից հոգնած` մարդիկ անգիտակցաբար ձգտում են մահվան և հաճախ սպանում են իրենց` չգիտակցելով արարքների «լետալ» բնույթը:
Գոյություն ունեն, այսպես կոչված, «մասնակի», «կիսամտածված», «թաքնված» ինքնասպանություններ:
Օրինակ, պարզվում է, որ ավտովթարային պատահարների մոտավորապես 40 %-ը, ըստ էության, դիմակավորված ինքնասպանություններ են (ավտոցիդ), քանի որ մեքենան ինքնաոչնչացման հիանալի գործիք կարող է դառնալ:
Բոլոր դեպքերում, ինքնասպանությունը բազմակողմանի մեկնաբանության կարիք ունի: Թեմայի շուրջ ներկայացնում ենք հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ պարզաբանումները, ում նեղ մասնագիտական կողմնորոշումը սուիցիդալ հոգեբանությունն է:
Սուիցիդն իր բնույթով, աճի տենդենցով և տարածվածությամբ անտիկ ժամանակներից ի վեր դարձել է ուշադրության և ուսումնասիրության առարկա: Այդ խորհրդավոր երևույթը փորձել են մեկնաբանել և՛ փիլիսոփաները, և՛ սոցիոլոգները, և՛ բժիշկները, և՛ արվեստի ու գրականության ներկայացուցիչները:
Մարդկության պատմության ընթացքում ինքնասպանության հանդեպ մոտեցումները միանշանակ չեն եղել: Անտիկ փիլիսոփաներ Սենեկան, Սոկրատեսը, Էպիկուրը կարծում էին, թե քանի դեռ մարդն ի զորու չէ ազդելու իր կյանքի վրա, ապա կարող է իշխել իր մահվանը և իր կյանքը գիտակցորեն ավարտել իմաստավորված ու վեհ:
Պլատոնը կարծում էր, թե մարդն Աստծո ստրուկն է, ինչի պատճառով և իրավունք չունի ինքնակամ լքելու կյանքը: Արիստոտելն ինքնասպանությունը համարում էր հակահասարակական արարք, քանի որ այն հասարակությանը զրկում է օգտակար քաղաքացուց: Իսկ Կանտը հաստատում էր, որ մարդու կյանքը բնության մի մասն է, հետևաբար ինքնասպանությունը խախտում է բնության կարգն ու ներդաշնակությունը:
Սուրբ Ավգուստինոսն ինքնասպանությունը համարում էր մեղքերից ամենածանրը, քանի որ նրանում չկա մեղքը քավելու հնարավորություն:
Միջնադարյան Հայաստանում սուիցիդը նույնպես դատապարտվել է, և դա իր արտացոլումն է գտել Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում: Ռուսական իրավունքը նույնպես խիստ էր այդ հարցի նկատմամբ: Պյոտր Առաջինը սուիցիդը համարեց պետական հանցագործություն:
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի դատարանը նրան, ով ուզում էր մեռնել և կատարում էր ինքնասպանության փորձ, դատապարտում էր քսան տարվա ազատազրկման, իսկ Անգլիայում օգնում էին ավարտել սուիցիդենտի ցանկությունը` նրան դատապարտելով մահվան:
Սակայն ո՛չ կրոնական արգելքները, ո՛չ էլ հասարակական մեղադրանքներն ու քրեական պատիժն ի զորու չեն եղել պայքարելու այս երևույթի դեմ: Եվ դրա վառ ապացույցն այն է, որ այսօր ինքնասպանությունը համարվում է մարդկության ամենաարդիական հիմնահարցերից մեկը, առավել ևս, եթե մատնանշում ենք այն ցավալի փաստը, որ սուիցիդը դարձել է հաճախակի դրսևորվող վարքային ձև հատկապես անչափահասների շրջանում:
Գրականության մեջ հաճախ հանդիպում են «աուտոտրավմատիզմ» և «աուտոագրեսիվ ակտ» տերմինները, որոնք նույնացվում են սուիցիդալ գործողություններին: Ժամանակակից, հատկապես արևմտյան գրականության մեջ լայն տարածում է գտել «աուտոդեստրուկտիվ» կամ «ինքնաքայքայիչ» վարքի հասկացությունը: Ամերիկացի հետազոտող Ն. Բ. Տաբաչնիկը ինքնաքայքայիչ վարք է համարում յուրաքանչյուր գործողություն, որը կատարվում է որոշակի իրական կամ պոտենցիալ կամային հսկողությամբ և նպաստում է ժամանակից շուտ ֆիզիկական մահվան երևան գալուն: Յուրաքանչյուր վարք, որը կրճատում է մարդու կյանքը, սահմանվում է որպես «մասնակի», «կիսամտածված», «թաքնված» ինքնասպանություն, «անգիտակցական սուիցիդալ վարք» կամ «սուիցիդալ համարժեք»: Ամբրումովան կարծում է, որ գոյություն ունեն ինքնաքայքայիչ վարքի մի շարք ձևեր, որոնց ծայրահեղ դրսևորումն է սուիցիդը: Ինքնաքայքայիչ վարքի թվին են դասվում ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի չարաշահումը, նպատակադրված աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, չբուժվելու համառ ցանկությունը, ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հատկապես ոչ սթափ վիճակում, կյանքի համար մեծ վտանգ պարունակող մարզաձևերը և այլն: Աուտոդեստրուկտիվ վարքի առավել հաճախակի դրսևորվող տեսակներից են ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, որոնց ժամանակ սուիցիդալ ռիսկը շատ մեծ է: Այս երևույթը հոգեբանության մեջ հայտնի է որպես սուիցիդալ էրոզիա: ՈՒսումնասիրված ավտովթարային դժբախտ պատահարների զոհերի մոտավորապես 25 %-ը գտնվել է ճնշված վիճակում կամ ունեցել է օտարվածության, անօգնականության զգացում, որը բնորոշ է ինքնասպանություն կատարող անձանց: Մինչև դժբախտ պատահարը նրանք ունեցել են մահվան կամ ինքնաոչնչացման մասին երևակայական մտքեր: Ավտոտրանսպորտի օգտագործումը որպես ինքնաոչնչացման միջոց շատ դժվար է ենթարկվում դինամիկ հետազոտության, վիճակագրական և հաշվառման վերլուծության:
Սուիցիդալ վարքի հավանականությունը շատ բարձր է նաև հարբեցողների մեջ: Ընդհանուր հարբեցողությունը կազմում է ինքնասպանության պատճառների 25-30 %-ը, անչափահասների շրջանում այն կարող է հասնել մինչև 50 %-ի: Հարբեցողները հաճախ մահվան են ձգտում անգիտակցաբար, սակայն նրանց քրոնիկական հարբեցողությունն արդեն իսկ կյանքը կրճատող վարքագիծ է:
Թմրամոլությունն ու ինքնասպանությունը նույնպես սերտորեն կապված են միմյանց հետ: Հաճախ թմրանյութերն օգտագործվում են տառապանքից ազատվելու, հոգեկան ցավը փարատելու համար: Վերջին ժամանակներում կատարված հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ թմրանյութերը հանդիսանում են սուիցիդի իրագործման լայնորեն տարածված միջոցներից մեկը, որոնց դիմում են անբուժելի հիվանդները, կյանքից հիասթափված մարդիկ:
Ճիշտ չէ, թե ինքնասպանության ձգտող մարդիկ չեն ուզում ապրել: Նրանք շատ են ուզում, բայց արդեն չեն կարող: Պատահական չէ, որ Ֆարբերոուն և Շնեյդմանն ինքնասպանության փորձն անվանել են օգնության կանչ:
Բոլորն էլ մինչև վերջին վայրկյանը հույսը չեն կտրում. դուռը թողնում են բաց, գրում են հրաժեշտի երկտողեր` հույս ունենալով, թե ինչ-որ մեկը մի փոքր շուտ կկարդա: Ինքնասպանությունը վերջին հնարավորությունն է` ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու: Նրանք նման են երեխայի` «կմեռնեմ, կտեսնեմ, թե ինչպես կփոշմանեն…»: Ոչ ոք իրավունք չունի քննադատելու ինքնասպանին: Փորձել հասկանալ և օգնել նրան. սա արդեն առավել օբյեկտիվ քայլ է: Ինչպես երևում է, մենք խորությամբ ուշադրություն չենք դարձնում անձի հոգեկանի «սպիտակ հետքերի» վրա: Չենք զբաղվում մարդու հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Մեծերը չեն հասկանում փոքրերին, իսկ փոքրերն էլ` մեծերին, տղամարդիկ չեն հասկանում կանանց, իսկ կանայք էլ` տղամարդկանց, և, որ ամենակարևորն է, երբեմն մեզանից յուրաքանչյուրը չի հասկանում հենց ինքն իրեն: Գիտության և տեխնիկայի ոչ մի նվաճում չի կարող օգնել մարդուն` հասկանալու սեփական էությունը, չի կարող օգնել ապրել, հետևաբար` փնտրել և գտնել ներանձնային ճգնաժամերից դուրս գալու ելքեր: Անհրաժեշտ է վերադառնալ դեպի մարդը: Իսկ եթե ոչ, ապա նորից կպատի «գիշերը», և հազարավոր մարդիկ չեն ցանկանա ու չեն կարողանա ապրել: Հարկավոր է քննադատել ինքնասպանությունը, բայց և փորձել օգնել ու կարեկցել ինքնասպանին:
Նյութը պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4906

Մեկնաբանություններ