Հայ-ադրբեջանական սահմանին օրեր տևած լարված բախումների ժամանակ, երբ ընդդիմությունն ամեն ինչ մի կողմ դրեց ու կանգնեց բանակի կողքին, իշխանությունները շարունակեցին հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու գործելաճոը: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ ու հավելեց՝ իշխանության ներկայացուցիչները զինվորականներին անգամ հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրեցին, ազդարարելով, որ պետք է ձերբակալել նրանց: Սրան զուգահեռ սոցիալական ցանցերում բանակի գրանցած հաղթանակը իշխանությունն իրեն վերագրեց:
-Սահմանային վերջին բախումներն իշխանությունները նույնացնում են 2016-ի դեպքերի հետ: Տեղի՞ն է համեմատությունը։
-Այդ համեմատությունը, միանշանակ, միտումնավոր է արվում: 2016-ի ապրիլին ու այս տարվա հուլիսին տեղի ունեցածը բացարձակ անհամեմատելի են: Նախ` բախումների ծավալներն էին տարբեր, երկրորդ՝ կիրառված զինատեսակները: Որևիցե նմանություն այստեղ չկա: Ապրիլյան քառօրյան կարճատև պատերազմ էր, իսկ օրեր առաջ տեղի ունեցածը սահմանային խոշոր բախում, համեմատական անցկացնելն անբարոյականություն է: Հասկանալի է՝ ինչու են փորձում զուգահեռներ անկացնել: Այն պրիմիտիվ տրամաբանությամբ, որ ցույց տան, թե նախկինները տարածք կորցնող են, իրենք՝ ձեռք բերող: Բայց իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հրապարակավ ի ցույց դրեց, որ ռազմական ոլորտի հետ որևէ առնչություն չունի:
-ՈՒԱԶ-ի հանգամա՞նքը նկատի ունեք:
-Այո, նա կառավարության նիստի ժամանակ ադրբեջանամետ օմբուդսմենին բնորոշ հարցադրումներ սկսեց անել: Այդ հարցուպատասխանը հետհեղափոխական էյֆորիայից ազատվածների մոտ տարակուսանք հարուցեց: Ամեն ինչ իրեն վերագրել փորձող անձը չի կարող այդպիսի անտրամաբանական հարցադրումներ անել պաշտպանության նախարարին ու բացահայտ ցույց տալ, որ իրավիճակին ծանոթ չէ: Բոլոր նրանք, որ թացը չորից տարբերում են, շատ լավ հասկացան` Փաշինյանին ո՛չ գլխավոր շտաբի պետը, ո՛չ էլ պաշտպանության նախարարը ոչինչ չեն զեկուցել: Սահմանային լարվածության ու հատկապես Ռուսաստանում տեղի ունեցած միջադեպերին էլ չանդրադարձավ, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ թեմային չի տիրապետում: Առաջինը ազդարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպք կա, «լայվերով» մինչ օրս խոսում է կորոնավիրուսի տարածման դեպքերի ու դրա մեղավորի մասին, այս դեպքում, սակայն, լուռ էր:
-Բայց չէ՞ որ նա գերագույն գլխավոր հրամանատարն է:
-Իհարկե հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը, բայց պատերազմական իրավիճակում նա ընդամենը վարչապետ է: Փաշինյանն, այո, ցանկացած պահին իրեն ինչ ուզում, հռչակում է, դա նրա փառասիրությամբ է պայմանավորված: Նույն հաջողությամբ երկրի գլխավոր համաճարակաբանն է, առողջապահության նախարարը, մի խոսքով, ամեն ինչ է, բացի վարչապետից:
-Իմքայալական պատգամավոր Հայկ Սարգսյանը, խախտելով պարետի ցուցումները, Սևանի ափին մեծ հավաքույթ է կազմակերպել: Տարածված տեսանյութից երևում է, որ հավաքվածներից որևէ մեկը դիմակ չի դրել, սոցիալական հեռավորության մասին խոսք անգամ չկա: Ի՞նչ պետք է հետևի այս միջադեպին:
-Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց է ապացուցել, որ այդ ընտանիքի երկու երիտասարդների նկատմամբ թուլություն ունի: Մինչ այս դեպքն էլ, հիշում եք, պատգամավոր կոչվածն իր ընկերուհիներին էր տարել Բաղրամյան 26 ու խրախճանք կազմակերպել, ինչի առնչությամբ որևէ պատասխանատվության չենթարկվեց: Ինչ վերաբերում է այս միջադեպին, ապա կտեսնենք՝ Նիկոլ Փաշինյանի համար բոլորը հավասա՞ր են, թե՞ ոչ: Ազգային ժողովի պատգամավորը խախտում է ու արհամարհում պարետի մի քանի որոշումներ միանգամից: Նիկոլ Փաշինյանը պարետի որոշման խախտման համար հանգստի ուղարկեց սեփական տան բակում որդու հարսանիքը կազմակերպել հանդգնած գլխավոր շտաբի պետին: Հիմա իր հարազատ պատգամավորը, որ հեղափոխության օրերին, ըստ տարբեր լրատվամիջոցների, թիկնապահություն էր անում, ջուր էր տանում Փաշինյանին, բացարձակ թքած ունենալով պարետի որոշումների վրա, փարթիներ է կազմակերպում: Եթե հասարակ ժողովուրդը տուգանքի մատերիալ է Փաշինյանի համար, ապա տեսնենք՝ իր հարազատ քայլիստ պատգամավորն ու նրա հետ ուրախացողները տուգանվելու՞ են արդյոք։
-Խորհրդարանի ևս մեկ նստաշրջան է ավարտվել, որակապես աճե՞լ է օրենսդիրը:
-Բացարձակ: 2018-ի ընտրություններից հետո մինչ այսօր, երբ այս խայտառակ խորհրդարանը ձևավորվեց, որակական աճի մասին չեմ կարող խոսել: Ընդամենը 2-3 պատգամավոր կա, որ առանց կաշկանդվելու կարող է իր տեսակետն արտահայտել կամ ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանի ապօրինի որոշումներին, ինչը, իհարկե, ֆաշիզմի բացահայտ դրսևորում է: 21-րդ դարում նման խորհրդարան ունենալն ուղղակի խայտառակություն է, այդ անգրագետների զանգվածով իշխանություն ձևավորած Փաշինյանը մեզ կործանման է տանում: Նախկին գումարման խորհրդարանները ևս ինտելեկտով չէին փայլում, բայց նույն ՀՀԿ-ում 15-20 պատգամավոր կար գոնե, որ իր գործում պրոֆեսիոնալ էր: Այսօր իրավական ոլորտի վերաբերյալ օրինագծեր են ներկայացնում իրավաբանական կրթություն չունեցող անձինք, ինչն ուղղակի դիլետանտություն է: Նույնն է, որ ես, պատմաբան լինելով, առողջապահական խնդիրներով զբաղվեի, ինչ է թե ինչ-որ ժամանակ մի լրատվամիջոցում թեմայի վերաբերյալ հոդվածներ եմ գրել: Մենք այս մակարդակի կառավարիչներ ու պատգամավորներ ունենք, ու դա Նիկոլ Փաշինյանից է գալիս, որովհետև նա, որպես դեղին մամուլի ամենավառ ներկայացուցիչ, պետական կառավարման համակարգին վերաբերվում է այնպես, ինչպես իր թերթին: Նրա քայլերի մեջ պետք չէ շատ խոր բաներ փնտրել, ամեն ինչ շատ ավելի պրիմիտիվ է:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ