Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ

Ես անվերջ գալիս եմ դեպի քեզ
30.04.2019 | 02:55

Մեր խորին գնահատանքը ՀԱԿՈԲ ԲԱՇՄԱԿՅԱՆԻՆ՝ իր ծննդյան 80-ամյակի տոնակատարության մասնակիցների նվիրատվությունները «Հայրենիք» միությանը հատկացնելու նախաձեռնության համար: Հուսանք՝ այս հիանալի որոշումն ավանդույթ կդառնա հայ գաղութի ներսում, և ուրիշներն էլ տարբեր առիթներով կընդգրկվեն այս հայրենանվեր գաղափարի իրագործմանը:
Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Բաշմակյան ընտանիքին և, շնորհավորելով Հակոբին հոբելյանի առթիվ, մաղթում ենք նրան երկար տարիների կյանք:
«Հայրենիք» միություն
նոյեմբեր 2017 թ.

2018 թ. ինձ երկրորդ անգամ բախտ վիճակվեց Երևանում հանդիպելու Լոս Անջելեսի «Հայրենիք» միության ներկայացուցիչների հետ: Ոչ միայն տեղեկացա, թե ինչ նոր բարի գործեր են իրականացրել Արցախում ու Հայաստանում, այլև նրանց հետ եղա Արցախի այն բնակավայրերում, որտեղ մեծ հանդիսավորությամբ տեղի էին ունենում միության ծրագրերով վերակառուցված, հիմնանորոգված կրթական, մշակութային նշանակության շինությունների բացման արարողությունները՝ հերթական օգնությունը պատերազմ, զրկանքներ, անփոխարինելի կորուստներ կրած, դժվարություններ հաղթահարած, իր բնօրրանը նորոգող, նորացնող անկոտրում արցախցիներին:


Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում հիմնադրված «Հայրենիք» միության զորակցությունն Արցախին սկիզբ է առել ազատամարտի դժվարին շրջանում և շարունակվում է առայսօր: Միության մեջ ընդգրկված հայերը մեծահարուստներ չեն, սակայն հոգով, սիրով նվիրված են Հայաստանի ու Արցախի՝ հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակչությանն անհրաժեշտ բժշկական, կենցաղային, մշակութային նշանակության շինություններ կառուցելու գործին՝ ամեն տարի իրենց անձնական ներդրումներից բացի, նոր հովանավորներ գտնելով նոր ծրագրերի իրականացման համար: Գրեթե երեսուն տարվա գործունեության ընթացքում շատ բարի գործեր են կատարվել, որոնց սոսկ թվարկումն իսկ տասնյակ էջեր կզբաղեցնի: Հայրենիքից հեռու, բայց հոգու զգայուն լարերով կապված նրան, «Հայրենիք» միության անդամները հարազատ զավակի նվիրվածությամբ շարունակում են կատարել կարևոր գործեր՝ հիմնանորոգել մանկապարտեզներ, դպրոցներ, կառուցել բուժկետ, հոսպիտալ, համայնքի վարչական շենք, ջրագծեր և այլն։
Ամեն տարի աշնանը միության գործադիր մարմնի ներկայացուցիչներն այցելում, սրտացավորեն հետաքրքրվում են իրենց ներդրած ծրագրերի ընթացքով, մասնակցում ավարտուն կառույցների բացման հանդիսավոր արարողություններին:


Անցյալ սեպտեմբերին «Հայրենիքի»՝ Արցախ ուղևորությունն ավելի շատ ուխտագնացության էր նման: Երկու օր միության երկարամյա անդամներ Հակոբ և Զեփյուռ Ալիքսանյանների, Հակոբ և Ալիս Բաշմակյանների, Բարունակ Չելիքյանի, Երվանդ և Ալին Տոնիկյանների, մյուսների հետ ես ևս եղա Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում: Մասնակցեցի Ճանկաթաղ գյուղի ակումբի, Մարտակերտ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հանդիսավոր բացման արարողություններին, զգացի հեռավոր Ամերիկայից հայոց հող հասած այդ պատկառելի տիկնանց ու այրերի սրտանց ուրախությունը՝ իրենց ծրագրերին համապատասխան իրականացված գործերի համար: Գրեթե պատանեկան եռանդով ու ոգևորությամբ, թեթևոտն ու ճկուն նրանք հաղթահարում էին գյուղական բնակավայրերի արահետների խոչընդոտները, վերելք-վայրէջքները, որպեսզի տեսնեն՝ ինչպես է ընթանում Կուսապատի դպրոցի նորոգումը, ամու՞ր են տեղադրված պատուհանները, որակո՞վ է կատարվել Ճանկաթաղի մշակույթի ակումբի ներքին հարդարման աշխատանքը, հիմնավո՞ր է նորոգվել Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզասրահի տանիքը, ճաշակո՞վ է կահավորված Արմենակ ՈՒրֆանյանի անունը կրող ռազմական կաբինետը... Մանկան անմիջական խռովքով էին ուկնդրում նկատված թերությունների համար հնչող արդարացումները: Գուցե արդարացողները տեղյակ էլ չէին, թե ի՛նչ ջանքեր են գործադրվում հերթական ծրագրին անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովելու, հոգալու համար: Ի դեպ, միության գործադիր անդամները Հայաստան գործուղման ծախսերի համար չեն օգտվում միության միջոցներից, իրենք են հոգում ճանապարհի, կեցության ծախսերը:


Թեև ամիսներ են անցել, բայց դեռ հիշում եմ անձրևոտ իրիկնամուտը Խնձորեսկ գյուղում: Չնայած անձրևին՝ տղամարդիկ իջան մեքենաներից և խնձորեսկցիների ուղեկցությամբ բարձրացան գյուղն ի վեր՝ անձամբ տեսնելու գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ընթացքը: Այս ծրագրի համար «Հայրենիք» միությունը ներդրել է 5000 դոլար, որը նվիրել են Երվանդ և Ալին Տոնիկյանները՝ ի հիշատակ Սահակ Տոնիկյանի և Ասատուր ու Անահիտ Չիլինկիրյանների: Երբ թրջված վերադարձան, Երվանդ Տոնիկյանը կիսաձայն ինչ-որ բան ասաց, ու շուրջը թնդաց ծիծաղը: Ի պատասխան մեքենաներում նստածների հարցին՝ ի՞նչ է պատահել, պարոն Երվանդը պարզ ու անկեղծ ասաց. «Առանձնատներից մեկի զուգարանը մտա, այնքան գեղեցիկ էր հարդարված, այնքան մաքուր էր, որ չէի ուզում դուրս գալ»: Ավելի ուժգին թնդաց ծիծաղը, որին հետևեց կանանցից մեկի բացատրությունը՝ ճանապարհին սանիտարական տարրական պայմաններից զուրկ սանհանգույցներից են օգտվում, ինչը շատ տհաճ է: Իրենք՝ ոչինչ, հարմարվել են, բայց օտար զբոսաշրջիկները սխալ պատկերացում կկազմեն Հայաստանի մասին: Այդպես սրտացավորեն նրանք արձագանքում էին ճանապարհի բոլոր դրվագներին, ուրախանում լավի համար, տրտմում թերություններ տեսնելիս:


Շուշիում եղանք «Հայորդիներ» ճամբարում, որտեղ հայաստանցի, արցախցի ու սփյուռքահայ հարյուրավոր երիտասարդներ են մարզվում: Ճամբարը խոհանոցային շինության ու պահեստի կարիք է ունեցել: «Հայրենիք» միությունը սիրով հանձն է առել մոտավորապես 8000 դոլար արժողությամբ շենքի կառուցումը: Պետք էր տեսնել միության ատենապետ Հակոբ Ալիքսանյանի, գործուն անդամ Հակոբ Բաշմակյանի հիասթափությամբ լի հայացքները, երբ բացահայտվեցին կատարված աշխատանքի թերությունները: «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության ղեկավարի հետ թերացումների պատճառները մանրամասն քննարկելուց և վերստին աշխատանքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ շինանյութերի չափը, ավարտման վերջնաժամկետը ճշգրտելուց հետո միայն Հակոբ Ալիքսանյանի դեմքին հայտնվեց իրեն այնքան բնորոշ անդորր ժպիտը:
Շուշի, Ստեփանակերտ, Գանձասար, Վանք, Կուսապատ, Ճանկաթաղ... Այս վայրերում կենաց-մահու մարտեր են մղվել, քաջ հերոսներ են ընկել՝ հանուն Արցախի ազատության: Կուսապատի ճամփին՝ ցայտաղբյուրի մոտ, հուշատախտակին գրված էր. «Հայրենիք» միության հիմնադիր Վարուժան Քարյանի հոգվույն ի հիշատակ», մեկ այլ տեղ փորագրված էին միության այն անդամների անունները, ովքեր զորակցել են կուսապատցիներին՝ լուծելու գյուղի բնականոն կյանքին անհրաժեշտ խնդիրները՝ Րաֆֆի Սարգսյան, Լևոն Հովհաննիսյան, Ալեքսանդր Թամանյան, Հովսեփ Սոյբաթյան, Պետրոս Կակոսյան, Արմեն Սոյբաթյան, Պերճ Ալիքսանյան, Նշան Օհաննեսյան...


...Ճանկաթաղում ես եղել էի հրադադարից հետո՝ 1996 թ., տեսել, թե ի՜նչ ոգևորությամբ ու եռանդով են մարդիկ նորոգում հրետակոծություններից ավերակների վերածված իրենց տները, և որքան սրտացավորեն են նրանց օգնում այդ նպատակով Հայաստանից եկած հյուսները: Եվ ահա, 25 տարի անց, կրկին Ճանկաթաղում էի, որտեղ տեղի էր ունենալու հիմնանորոգված ակումբի հանդիսավոր բացման արարողությունը: Ճանկաթաղցիներն իրենց այգիների անուշահամ մրգերով ճոխ սեղաններ էին գցել արդեն հարազատ դարձած լոսանջելեսցի հայերի համար, ովքեր, ակումբի շինարարական, հարդարման աշխատանքների որակն ուշադրությամբ ուսումնասիրելուց հետո միայն, գոհ ժպիտներով մոտեցան հյուրասիրության սեղաններին ու համտեսեցին Ճանկաթաղի այգիների արևաբույր մրգերը: Արցախն իրենց տունն է, հարազատ օջախը, այստեղ կառուցվող յուրաքանչյուր նոր պատ նրանք համարում են իրենցը:


Ասում են, որ որքան էլ բարեկեցիկ կյանքով ապրեն Լոս Անջելեսում, հոգիներում անանց կարոտ կա հայության այս հպարտ ու անընկճելի եզերքի հանդեպ: Իրենց նախնիները հայրենիք են կորցրել, եղեռնից հրաշքով փրկված հասել Եվրոպա, Ամերիկա, աշխարհի որ ծայրն ասես, բայց հայրենի եզերքի կորստյան ցավը չի մարել, փոխանցվել է հաջորդ սերունդներին: Եվ ազատագրված Արցախն այդ ցավի վրա բողբոջած զորավոր հույս է:
(շարունակելի)


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ