Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մերժիր»-ից մինչև «փարթի» հեղափոխություն

«Մերժիր»-ից մինչև «փարթի» հեղափոխություն
20.04.2018 | 00:42

Եվ այսպես, տեղի ունեցավ ամենաանսպասելին. պարզվեց՝ այն հոռետեսությունը, որ կար բողոքական ընտրազանգվածի և ընդդիմադիր ներուժի շուրջ, փաստորեն, բավականին չափազանցված էր։ Այժմ, ըստ էության, քաղաքական, փորձագիտական և հասարակական շրջանակներում հնչող թիվ մեկ հարցերից մեկը հետևյալն է՝ ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին հաջողվեց խոր թմբիրից արթնացնել հասարակությանը, զրոյական ակտիվությունից, համատարած ապատիայից բերել-հասցնել մի իրավիճակի, երբ արդեն հայտարարվել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, և գործընթացները եթե անգամ ձնագնդի նման չեն աճում, ապա գոնե չեն մարում։


Բնական հարցադրումներ են առաջանում այս առնչությամբ. ի՞նչ խնդիրներ կային, որ լուծեց Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ հարցերի պատասխան տրվեց, որ շրջեց հասարակական տրամադրությունները և այլն։ Նախ և առաջ, իհարկե, անընդհատ հարց էր բարձրացվում՝ ինչու՞ հասարակությունը չի գնում ընդդիմադիր ցույցերի։ Ասում էին, թե չկա առաջնորդ։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը պետք է լուծեին այդ հարցը, և այնպիսի քայլեր պետք է արվեին, որոնք հանրությանը հավատ կներշնչեին ընդդիմության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Խնդիր էր դրված կոտրել «թույլ ընդդիմադիր առաջնորդի» կարծրատիպը, որ կա ժողովրդի մեջ։ Այս հարցը լուծելու համար վերջինս պարզապես իր սեփական օրինակով ցույց տվեց, որ ինքը կոնկրետ քայլ անող է, նման չէ նախորդ որոշ ընդդիմադիր առաջնորդների, որոնք նույնիսկ ամենապատասխանատու պահին գուցե գնային թեյ խմելու։ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ամենաթեժ պահին ոստիկանապետի հետ աղոթելու գնացողներից չէ։ Նա իր գործողություններով ցույց տվեց նաև, որ ինքն այն գործիչներից չէ, որ 2008 թ. մարտի 1-ին կասեր՝ ես կգամ հրապարակ միայն այն դեպքում, երբ ինձ տրվի պետական պահպանություն։ Այս հարցերի լուծմանն էր ըստ էության ուղղված 14+4 ճանապարհային քարտեզը, որի իրագործումը Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ստանձնել։ Նա, ի տարբերություն իր գործընկերների, դուրս եկավ ԱԺ հարմարավետ աթոռից և 3000 քայլն անձամբ կատարեց՝ ի ցույց ամբողջ աշխարհի, այդ թվում՝ բողոքական զանգվածի։ Մարդիկ տեսան ու հասկացան, որ նա կարողանում է ինքնուրույն գործ անել, և ոչ թե ձեռքերը տաքացնել այլոց աշխատանքի վրա։


Անլուծելի էր դառնում մեծ զանգվածների մասնակցությունն ընդդիմադիրների միջոցառումներին։ Սովորաբար մեր ընդդիմադիրները դեռևս 1990-ականների սկզբից հայտարարում էին հանրահավաքներ, երթեր, որոնց ընթացքում ժամերով մտավարժանքներ էին կատարում, այս կամ այլ սրության ելույթներ ունենում, բայց դրանք բացի թատերականացված միջոցառումներից հիմնականում որևէ խորհուրդ չէին պարունակում, և մարդիկ հոգնել էին շատ կանխատեսելի այդ միջոցառումներից, առավել ևս սոցիալական ցանցերի դարում, երբ յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր վայրկյանին կարող է միացնել սոցիալական ցանցն ու կարդալ կամ գրել շատ ավելի սուր հայտարարություններ՝ այս հարթակում էլ բաց թողնելով գոլորշին։


Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, վերլուծելով իրավիճակը, առաջարկեցին ոչ թե պասիվ միտինգների մասնակցելու տարբերակ, այլ գործողությունների կոնկրետ պլան։ Մարդկանց ասացին, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել անցկացվելիք գործողություններին։ Մանավանդ որ այդ գործողություններն էլ իրականացվում են բավականին բազմաժանր, բազմաբնույթ ու ստեղծարար սցենարներով։ Յուրաքանչյուրն այդ սցենարում ունի իր անելիքը. մեկը փողոց է փակում, մյուսը կաթվածահար է անում պետական հիմնարկները, երրորդը մուտք է գործում հանրային ռադիոյի շենք, ինչը նույնպես խորհրդանշական է։ Բոլորը շատ լավ են հասկանում, որ հանրային ռադիոն ինֆորմացիա սփռելու առումով որևէ էական նշանակություն չունի, մանավանդ նույն ընդդիմադիր առաջնորդները շրջապատված են բավականին օպերատիվ աշխատող կայքերով, սոցիալական ցանցերով, ուղիղ եթերներով։ Պարզապես հանրային ռադիոն հեղափոխական խորհրդանիշներից մեկն է։


Նիկոլ Փաշինյանն իր գործողություններում կարևորում է երիտասարդության դերը, մասնավորապես ուսանողության։ Սա նույնպես դասական հեղափոխության տեսանկյունից ամենաակտիվ զանգվածն է, ամենաեռանդունն է, ամենաստեղծարարն ու ամենահավեսովը, որն ունի նաև հեղափոխական ռոմանտիզմ, փոփոխությունների կարիք։ Հենց այս թիրախային խմբին էր հիմնականում ուղղված շարժման համար գրված հատուկ երգ-օրհներգը, որը ռոքային էր, հենց այն ժանրում, որը երիտասարդության կողմից ամենանախընտրելին ու հոգեհարազատն է։ Ռոքը, ի դեպ, նաև ըմբոստության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը որպես շարժման խորհրդանիշ փորձում է ներգրավել նաև ռոք կուռքերին, ինչպիսին Սերժ Թանգյանն է։ Դժվար չէ կանխատեսել, որ վերջինիս հնարավոր այցը Երևան և ակտիվ մասնակցությունը ընդդիմադիրների գործողություններին շատ մեծ ազդակ ու էներգետիկա կհաղորդի երիտասարդներին և թերևս ոչ միայն նրանց։


Եվ այսքանից հետո բողոքական զանգվածները, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ է քայլեր կատարում, չի թաքնվում մարդկանց թիկունքում, սկսեց նրան իրոք հավատալ։ Իսկ վերջին օրերին նրան ճանաչեց որպես առաջնորդի։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, փոխելով որպես ընդդիմություն հանդես եկող ուժի մարտավարությունը, կոնկրետ գործողությունների մեջ ներգրավելով մարդկանց, կարողացավ փոփոխություն մտցնել իրավիճակում։ ՈՒ այս ամենն արվում է շատ արագ, շատ ճկուն։ Եթե ինչ-որ մեթոդոլոգիա կամ ծրագիր է գործարկվում, բայց տեսնում են, որ այդ ծրագիրը արդյունավետ չէ, շատ արագ այն փոխում են՝ ներմուծելով նոր տարրեր։ Օրինակ, երբ տեսան, որ գիշերը հրապարակում մնալու փորձերը չեն հաջողվում, հրաժարվեցին այդ մարտավարությունից՝ հայտարարելով, որ ցանկացած պահի ցանկացած հրապարակ կարող են իրենցը դարձնել։ Փաստորեն, այս քայլով նրանք հրաժարվեցին ուժային կառույցների համար թիրախ լինելու վտանգից։


Ակնհայտորեն հաջող էր ընտրված նաև շարժման գլխավոր կարգախոսը` «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Այն էմոցիոնալ է, ըմբոստության ազդակ է պարունակում, շատ պարզ է։
Բավականին խորհրդանշական է հեղափոխական շարժմանը ներդաշնակ Նիկոլ Փաշինյանի աստիճանաբար կերպարանափոխումը փողկապավոր պատգամավորից մինչև իսկական հեղափոխականի։ Նրա վերջին օրերի արտաքին տեսքն էլ ամբողջովին տեղավորվում է իսկական հեղափոխականի կերպարի շուրջ ձևավորված պատկերացումներում։
Հավանաբար Նիկոլ Փաշինյանը շատ լավ վերլուծել էր նաև այն հանգամանքը, որ մեր հասարակությունում մեծ անվստահություն կա քաղաքական կուսակցությունների նկատմամբ։ ՈՒստի նկատելի է, որ շարժումը չի ասոցացվում որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի հետ։ Եվ ամեն ինչ արվում է՝ ցույց տալու համար, որ սա քաղաքացիական շարժում է, որը բնականաբար ունի նաև քաղաքական նպատակներ։ Տեխնոլոգիաների տեսակետից, անկասկած, արդյունավետ է ընդդիմադիր շարժմանը ոչ այնքան քաղաքական բնույթ հաղորդելը, որքան հասարակական-քաղաքացիական շարժման տեսք տալը, քանի որ հայաստանյան հասարակությունը վաղուց արդեն բառացիորեն զզվում է քաղաքական կուսակցություններից՝ սկսած ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, վերջացրած իրենց ընդդիմադիր համարող քաղաքական խմբակներով։


Եթե պայքարի սկզբնական փուլում խոսք կար այն մասին, որ վերջին 2 տարվա համար աննախադեպ քանակով մարդ է հրապարակ դուրս գալիս, ապա Հանրապետության հրապարակում արդեն պարբերաբար անցկացվող հանրահավաքներից հետո կարելի է համեմատության եզրեր տանել անգամ ընդդիմության ամենահաջողված ակցիաների հետ։
«Ֆլեշմոբային», երբեմն «երիտասարդական փարթի» հիշեցնող այս պայքարում շատ ակտիվորեն և ժամանակակից կերպով օգտագործվում են ցանցային տեխնոլոգիաները։ Ցանցային ասելով՝ նկատի ունենք ոչ թե թվային, համացանցային տեխնոլոգիաները, այլ հանրահավաքները կառավարելու ապակենտրոնացման ձևերը։ Միաժամանակ մի քանի վայրում անցկացվում են տարբեր գործողություններ։ Եվ եթե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը ձերբակալվում է, դա չի նշանակում, որ գլխատվում է ամբողջ շարժումը։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ակնարկել է, որ իր ձերբակալման դեպքում կան նաև ռեզերվային ուժեր, որոնք անմիջապես երևան կգան, ուժեր, որոնք առայժմ «քնեցված» վիճակում են։
Ի վերջո, այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց երկրում փոխել քաղաքական իրավիճակը, արձանագրել հայաստանյան երկու իրողություն՝ մի վայրում ՀՀԿ-ՀՅԴ-ական խորհրդարանը, որը հովվերգության մեջ առաջնորդ էր ընտրում, մյուս վայրում՝ ընդվզող փողոցը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց արձանագրել իր առաջնորդությունն ընդդիմադիր դաշտում։ Նույնիսկ այն պարագայում, երբ ընդդիմադիր դաշտի մյուս սեգմենտների մեծ մասը փորձում է մինչ օրս աջակցություն չցուցաբերել Քաղաքացիական պայմանագրին։


Նիկոլ Փաշինյանը, բացի առաջնորդի իր դիրքը ամրացնելուց, նաև լուրջ ֆիլտրացում իրականացրեց ընդդիմադիր դաշտում, այդ թվում «Ելք»-ի ներսում՝ ցույց տալով, թե իրականում ով ով է։ Ի չիք դարձվեց այն թեզը, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում բացառվում են հետընտրական գործողությունները։ Մինչ այժմ համարվում էր, թե նախագահական ընտրություններից հետո են նման հուզումներ ծավալվում, երբ հաղթողին հասնում է ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ։ Պրակտիկան ցույց տվեց, որ քաղաքական թեզը, թե խորհրդարանական համակարգի պարագայում գրեթե բացառվում են հետընտրական կամ այլ տիպի բողոքի ակցիաները, պարզապես ֆիկցիա էր։


Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն այս գործողությունների արդյունքում դառնում է քաղաքական գործոն, ընդ որում՝ թե ներքին, թե արտաքին քաղաքական գործոն։ Նա ներքին քաղաքական դաշտում էլ ցույց տվեց, թե աջակցման ծրագրերի դեպքում ում վրա կարելի է հույս դնել։
Վերջին իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում տեղի է ունեցել սերնդափոխություն։ Հները, որոնք փոփոխական հաջողությամբ նախկինում ղեկավարում էին ընդդիմադիր դաշտը, ըստ էության բավականին բարեհաջող անցել են թոշակի։ Պարզ է, որ շարժման արդյունքում Նիկոլ Փաշինյանի հետ աշխատող երիտասարդ սերնդում կսկսեն աճել նոր քաղաքական առաջնորդներ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4376

Մեկնաբանություններ