Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ծույլ հասարակությանը հեշտ է ղեկավարել

Ծույլ հասարակությանը հեշտ է ղեկավարել
08.01.2014 | 12:51

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամանորյա հանգստից հետո երկրի` սովորական ընթացքին վերադառնալուն: «Պատկերացնո՞ւմ եք մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր... հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը»,- գրել է ԱԺ պատգամավորը:

2013 -ի նախընտրական քարոզարշավին ի պաշտոնե Հրանտ Բագրատյանի հետ ներկա եմ եղել նրա` ընտրողների հետ մի քանի հանդիպումներին: Տեսնել էր, պետք է, թե ինչպես էին ոգևորվում մարդիկ, երբ նախագահի թեկնածուն պատմում էր իր ծրագրերի մասին, խոսում, թե ինչպես կարելի է տնտեսությունը ոտքի կանգնեցնել, բացատրում, որ այդ ամենն անելու համար օրնիբուն պետք է աշխատել: Նույնիսկ վաղուց թոշակի անցած պապիկները ձեռքերն էին շփում` վերջապես գործ կլինի անելու: Ամանորյա տոներին ողջ Հայաստանի բնակչությունը ընկնում է պարապության գիրկը: 11 օրը իսկապես մեծ շռայլություն է ցանկացած երկրի, առավել ևս` մեզ նման երկրի համար: Մինչ դեկտեմբերի 31-ը մարդիկ սրբում են խանութներում եղածը` անկախ նրանից` հաջորդ ամսում սովորական ապուրի համար փող ունենալու են, թե ոչ, և գրեթե երկու շաբաթ տնից քթները դուրս չեն հանում: Երեկ դեռ շուկան դատարկ էր, ոչ վաճառող կար, ոչ էլ, առավել ևս, գնորդ, խանութների մեծ մասը փակ էր, բացերն էլ` կիսադատարկ:

Կրթության մասին: Դեկտեմբերի սկզբներին դպրոցներում ասվում է, որ մինչև ամսի 28-ը դաս է լինելու, բայց դեկտեմբերի 22-ից հետո կտրուկ կրճատվել էր հաճախումների թիվը: Նախարարությունը տեղյա՞կ է այս մասին, թե՞ նա ներքին կարգով ոգևորում է նման ծուլությունը: Կրկին ու կրկին մեռելոցների մասին: Մենք տարվա մեջ մի քանի մեռելոց ունենք: Այդ օրերին երկրի բնակչության, վստահ եմ, մեկ տոկոսն է գերեզմաններ այցելում, ուրեմն ո՞ւմ համար են պարապության այդ օրերը, թեկուզ դրանք հինգն են: Հարցը նույնիսկ թիվը չէ, այլ երևույթը, որը մտածողություն է դառնում: Հասարակությունը դառնում է ծույլ, քչով գոհացող, հարմարվող ու մեռելոցներով ուրախացող:

Հրանտ Բագրատյանը իր գրառման մեջ հիշեցրել է Ֆրանսիայի դեպքը, երբ նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը «90-ականների կեսերին (մոտավորապես) աշխատանքային շաբաթը սարքեց 35 ժամ (40-ից): Ու վերջ, ֆրանսիական տնտեսությունը տարին տարվա վրա վատանում է։ Մինչ այդ Եվրոպայի լավագույն տնտեսություններից մեկը ներկայումս զիջում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Շվեդիային, Ֆինլանդիային, Դանիային, Հոլանդիային, Բելգիային, Ավստրիային և այլն։ Գլոբալ մրցակցության պայմաններում հնարավոր չէ 35 ժամյա աշխատանքային շաբաթով առաջ գնալ։ Ոչ Սարկոզին, ոչ էլ առավել ևս Օլանդը չկարողացան այդ անպատասխանատու որոշումը փոխել։ Ինչպես ասում են` մի հիմար փոսը քար է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել»: Բագրատյանի կարծիքով մեր հանգստի «11 օրից առնվազն 8-ը ավելորդ շռայլություն է։ Դե սա արդեն 64 ժամ է։ Սա արդեն հերիք է ասելու, որ ՀՀ-ում 2014-ին միջին աշխատանքային շաբաթվա տևողությունը լինելու է 38,8 ժամ»: «Մնում է գտնել, թե Հայաստանի պարագայում այդ որ հիմարի որոշումն է»:

Դառնալով Հրանտ Բագրատյանի նախընտրական քարոզարշավից իմ տպավորություններին` հավելեմ, որ մեր ժողովուրդը կարոտ է աշխատելուն, զբաղվածություն ունենալուն` դրանով և կարևորվելուն, լիարժեք մարդ զգալուն: Մարդիկ, իրականում, աշխատել են ուզում, ոչ թե մեռելոցների ու անիմաստ հանգստի օրերի արդյունքում տանը պարապության մատնվել: Միանշանակ է, որ մարդ որքան երկար է հանգստանում, այնքան հետ է վարժվում աշխատելուն: Որքան հետ է վարժվում, այնքան ծույլ ու անբան է դառնում: Ծույլ մարդուն հեշտ է ղեկավարելը: Ծույլ, հարմարվող մարդը պայքարի միավոր չէ` ընդդեմ իշխանության, ու հրաշալի միջոց է նույն իշխանության վերարտադրման ճանապարհին: Կարծում եմ, սա է գաղտնիքը այս մեռելոցատոնային շռայլության:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ