Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մայրաքաղաքի Ձմեռ պապ-Ձյունանուշների առքուվաճառքը կատարվում է հենց երեխաների աչքի առաջ

Մայրաքաղաքի Ձմեռ պապ-Ձյունանուշների առքուվաճառքը կատարվում է հենց երեխաների աչքի առաջ
06.01.2014 | 16:21

Պարզվում է` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հանրապետության հրապարակում գործող Ձմեռ պապերն ու Ձյունանուշները սպասարկում են գնային նույն պայմաններով: Առանձին Ձմեռ պապի հետ լուսանկարվելու գինը տատանվում է 500-1000 դրամի սահմաններում: Եթե ունես անձնական լուսանկարչական ապարատ, լավ է, որովհետև այդ դեպքում 500 դրամ օգտվում ես, իսկ եթե չունես և պատրաստվում ես օգտվել Ձմեռ պապի հետ համագործակցող լուսանկարչի ծառայությունից, ապա ուզես-չուզես պետք է վճարես 1000 դրամ. զիջումներ չկան:

Իսկ ի՞նչ է Ձմեռ պապի ուսից կախված պարկում, և արդյոք նա պատրաստվո՞ւմ է երեխաներին նվերներ տալ լուսանկարվելուց հետո. պարզվում է` ո´չ. «Եթե ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները նվերներ ստանան Ձմեռ պապիկներից, պետք է գնեն: Դրանք վաճառվում են»,- մեր հարցին պատասխանեց Ձմեռ պապիկներից մեկը` բացատրելով, թե ինչ խաղալիքներ կան պարկում, և դրանից որն ինչ արժե (ի դեպ, դրանք սկսվում են 500 դրամից, հասնում մինչև 2000-3000 դրամի):

Հասկանալի է, որ այս սառնամանիքին աշխատանքի դուրս եկած Ձմեռ պապերին ավելի շատ հուզում է ոչ թե երեխային հաճույք պատճառելը, այլ հնարավորինս շատ գումար աշխատելը: Պարզից էլ պարզ է, որ հայաստանաբնակ Ձմեռ պապը հազիվ էլ նման պայմաններում կարողանա աշխատել։ Որտեղի՞ց նրան հնարավորություն, որ մի հատ էլ նվերներ բաժանի: Թեև վատ չէր լինի, որ այդ մասին հոգ տաներ քաղաքապետարանը: Յուրաքանչյուր երեխայի ձեռքը մի փոքր նվեր տալն ի՛նչ մեծ բան էր որ նրա համար:

Ձմեռ պապերից նվեր գնելու հնարավորություն այսօր չունեն շատ ծնողներ, իսկ դա երեխային ամենաքիչն է հետաքրքրում: Նրա անմեղ երևակայության մեջ Ձմեռ պապիկը ներկայանում է որպես հրաշագործ կերպար` ուսին լիքը նվերներ, և բնականաբար, երեխայի երազանքը ոչ թե լուսանկարվելն է, այլ նրանից նվեր ստանալը:

Ամենատհաճն այն է, որ վերջիններս, առանց քաշվելու, երեխայի ներկայությամբ լուսանկարի և նվերի գին են սակարկում փոքրիկների ծնողների հետ: Էլ ինչպե՞ս խեղճ երեխան հավատա Նոր տարվա և Ձմեռ պապի հրաշքներին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ