Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
26.11.2013 | 10:34

Մեծարգո պարոն քաղաքապետ, մենք, հավանաբար, չէինք անհանգստացնի Ձեզ և չէինք վրդովի Ձեր օլիմպիական հանգստությունը, եթե օրերից մի օր մեզ և մեր բազմաբնակարան բնակելի շենքին էլ չմոտենար այն ահագնացող վտանգը, որն սպառնում է մեր` բնակիչներիս առողջությանն ու անդորրին, մեր բազմահարկ բնակելի շենքի սեյսմակայունությանն ու հիմքի ամրությանը, ինչպես նաև Ձեր իսկ բարի համբավին, անվանն ու հեղինակությանը։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մեր քաղաքի չգիտես որ թաղամասի բնակիչ ոմն Արթուր Ազատի Մուրադյանը մի օր աչք դրեց և որոշեց իրենով անել նաև մեր շենքի նկուղային հարկը և շենքի ճակատային հատվածում գտնվող` կանաչապատ, պտղատու ծառերով ու թփերով զարդարված փոքրիկ հողաշերտը` նպատակ ունենալով նշված տարածքում հիմնելու իր հերթական բիզնեսը (ըստ լուրերի` քաղաքի մի քանի հասցեներում նա արդեն իսկ ունի այդպիսիք)` ստեղծելու լամինատե կահույքի արտադրամաս-խանութ։ Իր մտադրությունն իրականացնելու համար նա գաղտնաբար` մեկին կամ մյուսին համոզելով, սիրաշահելով կամ սպառնալով, ստորագրություններ հավաքեց հիմնականում կողքի մուտքերի և ո՛չ թե անմիջականորեն շենքի նույն այդ վտանգված հատվածի բնակիչներից, այնուհետև ներկայացրեց` դրանով իսկ թյուր կարծիք ստեղծելով Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների շրջանում: Շուտով, երբ հայտնի դարձավ Արթուր Մուրադյանի խնամքով թաքցրած մտադրությունը, մենք` շենքի բնակիչներս, տագնապահար ահազանգեցինք Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», ինչպես նաև բնակիչներիս կողմից ստորագրված բողոք-նամակ ներկայացրինք Երևանի քաղաքապետարան, որին շուտով հետևեց Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի հունիսի 28-ի N 1808/1-Կ-2594 գրությամբ եկած պատասխանը, որում, մասնավորապես, գրված է. «Դ. Անհաղթի փողոցի հ. 19/1 շենքի հարևանությամբ արտադրամաս-խանութի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու հայտ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներկայումս մուտքագրված չէ, իսկ նախկինում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ` վարչության արխիվային գրանցամատյանում գրառումներ չկան: Հայտի մուտքագրման դեպքում` Ձեր կողմից ներկայացված բողոքը հաշվի կառնվի»։
Մենք` բնակիչներս, մի փոքր թեթևացած, շունչ քաշեցինք։
Արթուր Մուրադյանը, սակայն, գիշանգղի պես շարունակում էր պտտվել իր աչքադրած տարածքի շուրջը։ Իրեն հայտնի միջոցներով բնակիչների և Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնյաների շրջանում գտնելով համախոհներ ու հանցավոր համաձայնության գալով նրանց հետ` սանիտարական ծառահատումների անվան տակ նա սկսեց իրագործել իր չարաբաստիկ ծրագիրը` գիշերվա քողի տակ բարբարոսաբար ոչնչացնել ծառերն ու թփերը, ամայացնել նշված կանաչապատ տարածքը և դրանով իսկ դյուրացնել շենքի նկուղային հարկը ձեռք գցելը։ Մեր` բնակիչներիս հնչեցրած ահազանգով ներկայացուցիչներ ժամանեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից և Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից, ովքեր տարածքի զննությունից և առանձին բնակիչների հետ զրույցից հետո փորձեցին հավաստիացնել, թե, իբր, իրոք, ճյուղակոտոր արված և մի խղճուկ «արմավենու» վերածված փառահեղ ընկուզենին (որը հաստատապես չորացման է դատապարտված ձմռանը), գլխատված ծիրանենիները և մյուս ծառերը սանիտարական ծառահատումների արդյունք են։
Եվ ի՞նչ... Մինչ շենքի ճակատագրով և էկոլոգիական խնդիրներով մտահոգ բնակիչներս փորձում էինք կասեցնել Արթուր Մուրադյանի հանցավոր գործողությունները, պատահականորեն պարզ դարձավ, որ վերջինս, փոխելով իր «ռազմավարությունը», գործում է է՛լ ավելի նենգաբար ու դավադիր. ինքը մնալով ստվերում` առաջ է մղում իր կնոջը` Քնարիկ Օհանջանյանին (հասցեն` քաղ. Երևան, Արտաշիսյան 50 շ., բն. 18): Վերջինիս էլ հաջողվում է Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 2-ի նիստում արձանագրված հողամասի աճուրդային վաճառքում հաղթող (գնորդ) դառնալ` ձեռք բերել հողամասը (հասցեն` Դավիթ Անհաղթի փողոց հ. 19/3, հողամասի օգտագործման նպատակը` հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար, մակերեսը` 264,22 քառ. մետր)։
Ավա՜ղ, վերստին խաթարվեց մեր շենքի անդորրը, վերստին տակնուվրա եղան մեր հոգիները։ Եվ, ահա, մեր` բնակիչներիս կողմից ստորագրված մի նոր բողոք-նամակ ներկայացրինք Երևանի քաղաքապետարան (21.11.2013 թ.)։
Մեծարգո պարոն քաղաքապետ, եկե՛ք այստեղ մի պահ թոթափենք շշմեցուցիչ անակնկալի ազդեցությունը և փորձենք սթափ բանականությամբ պարզել, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի N 19/1 հասցեում գտնվող տարածքը ձեռք գցելու համար միջոցների մեջ խտրություն չդնող Արթուր Մուրադյանի կնոջ` Քնարիկ Օհանջանյանի` աճուրդում ձեռք բերած հողամասը գտնվում է Դավիթ Անհաղթի փողոցի N 19/3 հասցեում: Մեր` բնակիչներիս անմիջական պրպտումների արդյունքում և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի անձնագրային բաժնից ստացված ստույգ տեղեկատվությունից պարզ դարձավ, որ Դավիթ Անհաղթի փողոցի N 19/3 (ինչպես նաև N 19/2) հասցե երբևէ ո՛չ եղել է, ո՛չ էլ կա։ Ի՞նչ է ստացվում:
Ստացվում է այն, որ կեղծիքով անցկացված աճուրդը պետք է չեղյալ ճանաչել, քանի որ ստացվում է նաև այն, որ կա՛մ Քնարիկ Օհանջանյանն է (նույնն է, թե` Արթուր Մուրադյանը) միտումնավոր կեղծել հասցեն` փորձելով խեղաթյուրված տվյալներով (N 19/1-ի փոխարեն գրելով N 19/3) շեղել Երևանի քաղաքապետարանի ուշադրությունն այն փաստից, որ Դավիթ Անհաղթի N 19/1 հասցեում գտնվող շենքի բնակիչներս դեմ ենք և բողոքում ենք կանաչապատ տարածքի փոխարեն մեր շենքի նկուղային հարկում լամինատե կահույքի արտադրամաս-խանութ ստեղծելու ծրագրի կապակցությամբ (քանի որ շենքի բնակիչներս ոչ միայն շարունակ շնչելու ենք լամինատի քաղցկեղածին փոշին` վտանգելով մեր առողջությունը, ոչ միայն շարունակ տառապելու ենք աշխատեցվելիք հաստոցների ու էլեկտրական սղոցների հռնդյունից և ականջ ծակող աղմուկից` քայքայելով մեր նյարդերն ու կորցնելով նախկին երանավետ անդորրը, այլև կամայական, ապօրինի շինարարության պատճառով թուլացվելու, խարխլվելու են Դավիթ Անհաղթի N 19/1 բնակելի շենքի հիմքերը` դրանով իսկ շենքը դարձնելով վթարային և ո՛չ սեյսմակայուն), կա՛մ էլ Երևանի քաղաքապետարանն է հարցին մոտեցել ձևականորեն. որդեգրելով արատավոր աշխատաոճ` չի եղել նշված հասցեում ու չի տեղազննել տարածքը (հակառակ դեպքում անզեն աչքով իսկ կնկատեր շենքի պատին հսկայական թվերով գրված հասցեն` 19/1, և հալած յուղի տեղ չէր ընդունի ներկայացված 19/3-ը), մատների արանքով է նայել այն բոլոր հիմնախնդիրներին, որոնք ծագելու են թեթև ձեռքով շինարարության թույլտվություն տալու արդյունքում։
Ինչպես երևում է, մեծարգո պարոն քաղաքապետ, սա այն խմորն է, որը դեռևս շատ ջուր է վերցնելու և ինչպես մեր` այնպես էլ շատերի անցավ գլուխն է դնելու ցավի տակ։ Ինչևէ, քանի որ արդեն, անկախ մեր կամքից, ներքաշվել ենք այս, մեղմ ասած, անհաճո, մարդու իրավունքներն ու օրինականության սահմանները կոպտորեն ու կամայականորեն ոտնահարած պատմության մեջ, փորձում ենք, այնուամենայնիվ, ապավինել առողջ բանականությանն ու պետական մտածողությանը, օրենքի ճիշտ ու անաչառ գործադրմանը և դրանով իսկ հավատալ օրինականության հաղթանակին։ Կրկնում ենք. մենք` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի N 19/1 շենքի բնակիչներս, բողոքում, խնդրում և պահանջում ենք մեր բազմահարկ, բազմաբնակարան բնակելի շենքը թողնել հանգիստ, թողնել անխաթար, թողնել այնպիսին, ինչպիսին եղել է մինչև օրս, և այն շարունակի մեզ ծառայել սոսկ որպես բնակելի շենք, և ո՛չ մի Արթուր Մուրադյան կամ Քնարիկ Օհանջանյան, ո՛չ մի ագահ շառլատան կամ օրենքը շրջանցող բախտախնդիր չփորձի Երևանում վաղուց արդեն տխուր ճակատագրի արժանացած բազմաթիվ շենքերի թիվն ավելացնել ևս մեկով` չփորձի խլուրդի նման քանդել ու խարխլել մեր շենքի հիմքերը և անապատացնել շրջակա կանաչապատ տարածքը։
Լիահույս ենք, որ դեռևս կգտնվեն ազնիվ ու արդարամիտ, օրենքը հարգող և անձնական շահերից վեր դասող պաշտոնյաներ, ովքեր կհակադրվեն Արթուր Մուրադյանին (և նրա նմաններին), անշահախնդրորեն կփակեն անօրինականությունների ճանապարհը, ինչպես նաև օրինական գործողություններով կհերքեն շենքի բնակիչներին քամահրանքով նետած նրա հետևյալ խոսքերը. «Ինձ չե՞ք թողնում, որ առնեմ, ոչի՛նչ, ուրեմն, ..... -ը կգա կառնի...»:

Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի N 19/1 բնակելի շենքի բնակիչներ

Հ. Գ.- Չէ՛, սա այն դեպքը չէ, որ ասենք` կապրենք` կտեսնենք։ Կարծում ենք` այս դեպքում մնում է միայն պարզապես ասել` Աստված վերջը բարի անի։

Դիտվել է՝ 4146

Մեկնաբանություններ