«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք

Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք
14.10.2013 | 16:38

Պատերազմի ժամանակ ձեռքերս ցրտահարվեցին: Առաջին անգամ 1993-ի հունվարին։ Ընկերներիցս մեկը սագի յուղ տվեց, Կրասնոդարից էին բերել, ողջ շիշը օգտագործեցի: Քսում էի, պահում տաք պլիտայի վրա, երբ, իհարկե, հոսանք էր լինում: Գրեթե բուժվեցին ձեռքերս, բայց ցրտահարությունը կրկնվեց հաջորդ տարի էլ ու մինչև հիմա ձմռան ցրտի հետ նրանք ինձ հիշեցնում են պատերազմի տարիները:

Ամեն առավոտ Ավանից գործի էի իջնում մի կերպ, ինձ Կաֆկայի «Դատավարության» հերոսներից էի զգում, երբ առանց նստարանի «Երազը» կանգնում էր, ու ժողովուրդը լցվում էր: Նստելու տեղ չկար, ու մենք կռացած, մեջքներս ծռած, իրարից բռնելով, իջնում էինք, պատուհան չկար, որ իմանայինք՝ ուր հասանք, առջևինները միշտ տեղեկացնում էին` «Գազանանոց հասանք», «Պլանի գլուխ ենք հասնում», «Շրջանային»… Էստեղ իջնում էի ու համալսարան հասնում, հետո արդեն ոտքով Մամուլի շենք` գործի: Վերադարձին ոտքով էլի «Երիտասարդական»` հուսով, թե մի բան կնստեմ: Չէր լինում` տրոլեյբուսներից կախվելու սովորություն չունեի ու ձմեռվա ցրտին ճամփա էի ընկնում շատերի պես ոտքով: Ձմռանը միշտ արագ եմ քայլում, կարծես ցրտից փախչում եմ: Այնքան արագ էի քայլում, որ ճանապարհին քրտնում էի, իսկ շենքում հոսանք չկար ու էս էդ ցրտին սպիրտայրոցով մի բաժակ ջուր էի տաքացնում, որ տաք-տաք թեյ խմեմ, չհիվանդանամ:
Ամենաքիչը օրը մի զոհվածի նկար էին բերում «Հայաստանի Հանրապետություն» թերթ` իրենց կենսագրականներով, ու իմ մեծ ընկեր Այդին Մորիկյանը կանչում էր` «Գրի»: Գրի զոհվածի մասին, որին չես տեսել, բայց էնպես գրի, որ նրա հարազատը կարդալով սփոփվի:
Հացի սուղ ժամանակներում հացի չէի գնում, անիմաստ էր, հերթերում տրորվելու ցանկություն չունեի: Չինական մակարոնները «սաղ լինեին», սպիրտայրոցիս վրա տաքացրած մի բաժակ ջուրը լցնում էի վրան, մի երկու րոպեից ջրախառն տաք-տաք ուտում:
Մամուլի շենքում հոսանք չկար ու իմ ցրտահարված ձեռքերով` կարմրած, ուռած ու ճաքճքած ու ցավող մատներիս մեջ գրիչը մի կերպ պահելով գրում էի` «Մինչև… հետո… հիմա…»-ն: Զգայարաններս սառել էին արդեն էդ սառը-անշունչ սենյակում, ուղեղս չէր աշխատում, գրիչս շարժվում էր իներցիայով` «Ձեռքերս սառչում են»: Այդինը չհանեց էդ խոսքերը ու հոդվածս էդպես էլ տպագրվեց` որպես այն օրերի տարեգիր:
Էս ամենը ու ավելի շատ, ու բոլորիս ապրածը, ու զոհվածների կյանքն ու նրանց հարազատների ողբը, վիրավորների ցավն ու մարմիններում մնացած բեկորները` պատերազմի պատճառով, բայց հանուն Ղարաբաղի: Հանուն Ղարաբաղի: ՈՒ հիմա մի Զորի Բալայան նամակ է գրում «ռուսաց թագավորին», թե` Ղարաբաղը Ռուսաստանինն է, քեզ վերցրու: Բա մենք ո՞ւր ենք, որտե՞ղ մնացինք: Ինչի՞ համար տանջվեց մի ողջ ժողովուրդ, հանուն ինչի՞ զրկանքներ կրեցին Հայաստանն ու Ղարաբաղը, հանուն ինչի՞ մի քանի սերունդ առողջություն կորցրեց, հոգեկան խեղումներ ձեռք բերեց, տարիների ողջ վաստակը կորցրեց, սպասեց-սպասեց-սպասեց… Պատերազմի հաղթանակին սպասեց, Ղարաբաղի ու Հայաստանի միացմանը սպասեց, մեծ ու նոր Հայաստանի կառուցմանը սպասեց: Հանուն նրա, որ մեկը ռուսին ասի` քոնն է, վերցրո՛ւ:

Մոսկվայում երեկվա իրադարձությունների մասին ռեպորտաժն էի կարդում: Մի կին, ռուս կին գազազած ամբոխի կողքով անցնելիս աղջկան ասել է` «Անգլերեն սովորի, և մենք կգնանք այստեղից: Այս երկրում անելիք չկա»: Բալայան Զորին այս երկրի նախագահին է նամակ գրել: Սովետահայ մտավորականը ոչ մի կերպ չի մոռանում «սապոգի» բույրը, բայց անկախ Հայաստանում արդեն այլ սերունդ է ապրում: Ղարաբաղում` նույնպես: Մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ եղել ենք:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ