Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ժողովուրդը փոփոխություն է ուզում

Ժողովուրդը  փոփոխություն է ուզում
31.05.2013 | 10:59

Մայիսի վերջին երկու շաբաթը, մի կողմից, ծանրաբեռնված էր, մյուս կողմից` բեղմնավոր կառավարության համար։ ԱԺ-ն հաստատեց կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը, գործադիրն էլ ներկայացրեց 2012-ի պետբյուջեի կատարողականը։ Ամեն ինչ, թվում է, լավ է, բացի սոցիալական դժգոհությունից։
Գազի գնի բարձրացումը քիչ էր, դրան էլ ավելացավ բնական աղետը։ Կարկտահարվեցին մի շարք մարզեր, և գյուղացին մնաց կոտրած տաշտակի առջև։ Չնայած պետք է նկատենք, որ երեք տարով բանկերում գյուղացիների վարկերը սառեցնելու մասին կառավարության որոշումը լուրջ քայլ էր և, ըստ էության, արտահայտում է գյուղացու պահանջը։ Համենայն դեպս, երբ Արմավիրի մարզի գյուղացիները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին, նրանց պահանջների մեջ նաև վարկերի սառեցման խնդիրն էր։ Բայց և այնպես, գյուղմթերքների ծավալների կրճատումը, ըստ ամենայնի, անխուսափելի կլինի, թեև գյուղատնտեսության նախարարն այլ կարծիքի է։
Օրերս գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ կարկտահարությունը բացասաբար չի ազդի մթերքների ծավալների վրա, քանի որ ցանքսը նախատեսվածից շատ է եղել։ Սակայն նախարարի խոսքը բնության համար «ասնավանի չի»։ Վերջերս Տավուշի և Լոռու մարզերի բերքը կարկուտը «տարավ»։ Այսինքն, մինչ կառավարությունը ձեռնամուխ կլինի հակակարկտային սարքերի ավելացմանը, բնությունը նրանից առաջ է ընկնում։ Իսկ սա նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտում այս տարի լուրջ խնդիրներ կլինեն։ Իսկ թե ինչու այդ մասին նախապես չի ասվում, անհասկանալի է։ Գուցե փորձ է արվում մեղմելո՞ւ սոցիալական լարվածությունը, սակայն փաստերը դժվար է կոծկել։
Երկրորդ լուրջ խնդիրը գազի գնի բարձրացումն է, ինչի արդյունքում բոլոր ոլորտներում թանկացումներ են սպասվում։ Գազի գնի բարձրացման շուրջ ենթադրությունները բազմաթիվ են, սակայն գերակշռում են երկուսը։ Մի հատվածը կարծում է, որ Ռուսաստանը հատուկ է բարձրացրել գազի գինը, քանի որ Հայաստանը մերժել է Եվրասիական միությանն անդամակցելու Ռուսաստանի առաջարկը։ Մյուս հատվածը համոզված է, որ գազի գինը բարձրացել է մինչ ՀՀ նախագահական ընտրությունները, և որ Ռուսաստանը միշտ էլ այդ քայլին գնում է, ուղղակի այս տարի տեղի իշխանությունները այն կոծկել էին։
Նշված վարկածներից որն էլ համապատասխանի իրականությանը, միևնույն է, դրանից ժողովրդի կյանքը չի թեթևանա։ Ստեղծված իրավիճակում շատ է բարդանում տնտեսության աշխուժացման հարցը, որով և պայմանավորված է հետագայում աշխատավարձերի բարձրացման խնդիրը։ Ի դեպ, 5 տարի առաջ կառավարությունը նույնպես կանգնել էր լուրջ մարտահրավերի առջև` թելադրված գլոբալ ճգնաժամով, ինչն ուղղակիորեն հարվածեց նաև Հայաստանի տնտեսությանը։ Հիմա էլ, մի կողմից` գազի գնի բարձրացումն ու կարկտահարությունը, մյուս կողմից` ներդրումների ծավալների կրճատումն ու գործազրկության ծավալների աճը, որոնք ոչ պակաս մարտահրավեր են կառավարությանը։ Այս դեպքում խնդիրն ավելի լուրջ է, քանի որ անցած տարի կառավարությունը հայտարարեց, թե հաղթահարված են գլոբալ ճգնաժամի հետևանքները։ Իսկ դա նշանակում է, որ այս խնդրով այլևս հնարավոր չի լինի չիրականացված ծրագրերն արդարացնել։ Ժողովուրդը սպասում է լուրջ փոփոխությունների։ Համոզված ենք, որ կառավարությունը նույնպես լավատեղյակ է այդ սպասմանը։ Մնում է միայն, որ հնարավորության սահմաններում գործադիրն արդարացնի սպասելիքները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ