Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Գորիսեցիների հիմնական մասը տեղի իշխանություններին դիմում է սոցիալական խնդիրներով

Գորիսեցիների հիմնական մասը տեղի իշխանություններին դիմում է սոցիալական խնդիրներով
26.05.2013 | 17:10

Ինչպես տեղեկացնում է Գորիսի մամուլի ակումբը, տեղաբնակների հիմնական մասը համայնքային իշխանություններին, տվյալ դեպքում քաղաքապետին, մեծամասամբ դիմում են սոցիալական աջակցություն ստանալու համար: Որպես կանոն, իրենց դիմումները ներկայացնում են ընդունելության օրերին, որը ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, շաբաթվա ուրբաթ օրն է:

2013 թվականի առաջին հինգ ամիսներին` հունվարից մինչև մայիս ամիսը, քաղաքապետարանը տեղական բյուջեից այդ նպատակի համար դիմողներին հատկացրել է մոտ 3 մլն դրամ, որից 610 հազար դրամը հատկացվել է 61 անապահով ընտանիքների, հունվարին քամուց վնաս կրած բնակիչներին` 800 հազար, իսկ մարտ, ապրիլ ամիսներին նույնպես քամուց վնաս կրած տնտեսություններին` 1 մլն 80 հազար դրամ, մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ 193 հազար դրամ տրվել է 13 վետերանների և 50 հազար դրամ` «Հայոց մարտիկներ» ՀԿ-ին:
Ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ քաղաքապետարանում մուտքագրվել է 502 դիմում և գրություն, որոնցից 291-ը վերաբերում են հողահատկացման, շինարարության թույլտվության, աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու և այլ սոցիալական հարցերի: Մեծ թիվ են կազմում նաև տնամերձ հողամասերի նախկինում եղած թերություններին, ապօրինի շինությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների վթարային վիճակին վերաբերող դիմումները: Միայն 211-ը՝ տարբեր գերատեսչություններից ստացված գրություններ են, որոնք վերաբերում են մշակութային, քաղաքաշինության և այլ հարցերի:
Օրենքով սահմանաված կարգով, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան եռամսյակը մեկ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն հրապարակել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման ընթացքի մասին: Քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների: Իրենց դիմումների պատասխաններին քաղաքացիները տեղեկանում են քաղաքապետարանից կամ պաշտոնական կայքից:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ