ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ «ՆԱԼՈԳ» ԵՆ ԴՆՈՒՄ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ` ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ «ՆԱԼՈԳ» ԵՆ ԴՆՈՒՄ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ` ՊԱՀԱՆՋՈՒՄ
08.10.2010 | 00:00

Խորհրդային տարիների համեմատ մանկավարժի դերն այսօր հասարակության մեջ զգալիորեն ընկել է: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել, որ, չնայած դժվարին աշխատանքին, նրանք պետության կողմից երբեք արժանիորեն չեն գնահատվել: Երևի դա է պատճառը, որ, «կոպեկներ» կոչվող իրենց աշխատավարձից բացի, վերջիններս մեծ սիրով ընդունում են նաև աշակերտների դրամական նվիրատվությունները:
ԱՇԱԿԵՐՏ-ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները վաղուց արդեն առքուվաճառքի հարթություն են տեղափոխվել: Հանրակրթական դպրոցներում լայն թափ ստացած դրամահավաքությունը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել ծնողների շրջանում, ովքեր, չկարողանալով պայքարել տիրող իրավիճակի դեմ, ճարահատյալ դիմում են լրագրողների օգնությանը: «Մենք դեմ չենք դրամահավաքությանը, բայց գոնե չափի մեջ լինի: Ինչպե՞ս է, որ քաղաքի շատ դպրոցներում ծնողական ֆոնդը 1000 դրամից չի անցնում, իսկ մեր` Պուշկինի անվան դպրոցում հասնում է 3000-4000 դրամի»: «Միայն սեպտեմբերին տարբեր պատրվակներով արդեն 14 հազար դրամ են հավաքել, մի՞թե անխղճություն չէ»: Սա դրամահավաքություն չէ, այլ բացահայտ թալան, մեկը մյուսին լրացնելով` բողոքում էին հիշյալ դպրոցի ծնողները:
Դեռ մեկ ամիս է անցել սեպտեմբերմեկյան մեկնարկից, սակայն ծնողները հասցրել են բավականին մեծ գումար զոհաբերել ուսուցիչների քմահաճույքներին: Ամենազավեշտալին այն է, որ տարեցտարի մեծանում է ծնողկոմիտեների սահմանած դրամաչափը: Եթե սրանից մի քանի տարի առաջ ՈՒսուցչի օրվա կապակցությամբ Կենտրոնի բոլոր դպրոցներում յուրաքանչյուր երեխայից վերցնում էին 2000 դրամ, ապա այս տարի` 5000: «Եթե ամեն առիթով այդքան գումար հավաքեն, ո՞ւր կհասնի,- ասում էր տիկին Նունեն, որի երեխաները սովորում են Խ. Աբովյանի անվան դպրոցում։- Տղաս 11-րդ դասարանում է, աղջիկս` 4-րդ: Երկար տարիներ շփվում եմ այդ դպրոցի հետ, բայց մինչ օրս այս կարգի դրամահավաքություն չեմ տեսել»:
Հարցումների արդյունքում պարզեցի, որ մայրաքաղաքի ոչ կենտրոնական դպրոցներում ծնողական ֆոնդն ու տոների կապակցությամբ հավաքվող գումարը համեմատաբար ավելի քիչ են, քան Չարենցի, Չեխովի, Մայակովսկու, Դաշտենցի, Պուշկինի էլիտար համարվող դպրոցներում: Մոտ երկու տարի առաջ Պուշկինի անվան դպրոցի տնօրենուհին սույն խնդրի շուրջ պատասխանելով լրագրողի հարցին, վրդովված ասել էր, թե իրենք արգելել են ամեն տեսակի դրամահավաքը, և ի՞նչ կարող են անել, եթե ծնողները շարունակում են հավաքել և իրենց չլսել: Գուցե իսկապես մեղավոր են հենց ծնողնե՞րը, ովքեր իրենք են «վատ սովորեցրել» ուսուցիչներին։ Դժվար է ասել: Փաստն այն է, որ զանգվածային դարձած դրամահավաքությունն այլասերող ազդեցություն է ունենում ողջ համակարգի վրա:
Մարդկանց առավելապես հունից հանում է այն երևույթը, որ վերոհիշյալ դպրոցներում մոգոնել են «ֆակուլտատիվ» կոչվող առարկաների (անգլերեն, ռուսերեն) ուսուցում, որոնց համար առաջին և երկրորդ դասարանների երեխաների ծնողները պարտավոր են ամեն ամիս 1000-ական դրամ վճարել: Ծնողների պատմելով` շաբաթական մեկ անգամ դասավանդվող այս առարկաների ուսուցիչները բառացիորեն ոչինչ չեն սովորեցնում աշակերտներին, ընդամենը համապատասխան դասագրքերից նկարչական հանձնարարություններ են տալիս: «Առաջին դասարանի 1500 դրամ արժեցող ռուսերենի դասագիրքը, որը պարտադրեցին գնել անցած տարի, հենց տարեսկզբից պետք չեկավ, մեկ-երկու էջ թերթեցին, մեկ-երկու նկար արտանկարեցին և վերջ։ Փոխանակ տառերին ծանոթացնեին, մանավանդ որ վճարովի դասընթաց էր»,- բողոքում էին ծնողները, որոնց երեխաները փոխադրվել են երկրորդ դասարան և շարունակում են վճարել ֆակուլտատիվի համար պահանջվող ամսական գումարը:
Իսկապես, զարմանալի է. եթե «ֆակուլտատիվ» առարկաների ուսուցումն իրականացվում է օրենքի սահմաններում, ապա ի՞նչ վճարի մասին է խոսքը, իսկ եթե այն օրենքի շրջանակներից դուրս է, ինչպե՞ս հասկանալ դասացուցակում տեղ գտած լրացուցիչ առարկաների գոյությունը: Պատասխանն ավելի քան պարզ է. դասացուցակում լրացուցիչ առարկաներ «խցկելով»` ուսուցիչները, պարզապես, կողմնակի գումար են աշխատում և ծնողների միջոցով լրացնում աշխատավարձի պակասը: Սակայն մի՞թե որևէ բան կարող է արդարացնել այս ամոթալի վիճակը, որ տիրում է հայրենի կրթօջախներում:
Մյուս խնդիրը դպրոցական համազգեստներին է առնչվում: Յուրաքանչյուր դպրոց ունի իր համապատասխան «ֆորման»` սև, կապույտ, կանաչ, կարմիր: Կոնկրետ Պուշկինի անվան դպրոցի սաները հարկադրված են կրել մուգ կապույտ համազգեստ, որը խանութներում արժե 27 հազար դրամ: Տեղեկացանք, որ շատ երեխաներ, չկարողանալով հարմարվել դպրոցի «անհարիր» պայմաններին և չհարգելով պուշկինականի սրբազան «կանոնները», տեղափոխվել են այլ դպրոց: Հարցումներից պարզվեց, որ նման դեպքեր եղել են ոչ միայն Պուշկինի անվան, այլև թիվ 51, 114, Չեխովի դպրոցներում: Ասել է թե` պատկերն ամենուր նույնն է:
ԲՈՒՖԵՏԻ ԳՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ԷԼԻՏԱՐ»
Պուշկինի անվան դպրոցի բողոքավոր ծնողներին շատ են զայրացնում հատկապես դպրոցի բուֆետի գները: «Նույն բուլկին է, նույն խաչապուրին, որ դրսում վաճառվում է 50 դրամով, բայց դպրոցի պատերից ներս, չգիտես ինչու, արժե 100-150 դրամ: Կրկնակի թանկ են բուֆետում վաճառվող բոլոր սննդամթերքները, սկսած հյութերից, բուլկեղենից, վերջացրած հասարակ հացով: Իհարկե, ոչ միշտ են երեխաներն օգտվում բուֆետից, շատ հաճախ ինքներս ենք տնից որևէ ուտելու բան դնում, բայց, դե, հասկանում եք` երեխաները սիրում են բուֆետում վաճառվող թխվածքաբլիթներն ու ուտեստները, բայց ահավոր գների պատճառով միշտ չէ, որ կարողանում են գնել։ Հետո էլ ասում են` Հայաստանում մարդիկ չեն կարողանում ապրել: Լավ էլ ապրում են` խաբելով, թալանելով, չեն ասում` ախր երեխեքի հետ գործ ունենք, կարելի՞ է երեխային խաբել: Փոխանակ հանրակրթական և ուսումնական հաստատություններում սնունդը համեմատաբար մատչելի գնով վաճառեն, անամոթաբար հակառակն են անում»:
Ցավալի է հատկապես այն ծնողների վիճակը, ովքեր ունեն մեկից ավելի դպրոցահասակ երեխա և չգիտեն` ինչպե՞ս անեն, որի՞ պահանջները բավարարեն: Վերջիններս որքան էլ փորձում են դուրս գալ այս խճճված իրավիճակից, ինչ-որ կերպ լուծում գտնել, չի ստացվում: Նրանք զայրանում են, վրդովվում, բայց շարունակում են գնալ հոսանքին համընթաց: Մինչև ե՞րբ:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1795

Մեկնաբանություններ