ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՖԻԶԻԿԱՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՖԻԶԻԿԱՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
25.06.2010 | 00:00

Երևանում մեկ և կես տարի հետո նախատեսվում է ստեղծել միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն: Անկախության շրջանի ամենահավակնոտը որակված ծրագիրն իրականացվելու է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հենքի վրա: Պատրա՞ստ են, արդյոք, մեր ֆիզիկոսները նման զարգացումների, և ինչպիսի՞ն է ինստիտուտի ներուժն ընդհանրապես։ Այս հարցերի պատասխանն արդեն այս տարի տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված և անվանի ֆիզիկոսներով համալրված փորձագիտական հանձնաժողովը: ՌԴ Ֆլյորովի անվան միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակտորների գիտական ղեկավար, հիշյալ հանձնաժողովի նախագահ ՅՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշում է, որ ֆիզիկայի ինստիտուտն ազգային լաբորատորիա դարձնելու` կառավարությանն ուղղված իրենց առաջարկությունն առաջին հերթին կապված է ռադիոակտիվ իզոտոպների վրա հիմնված բժշկական ախտորոշիչ կենտրոնի գործարկման հետ:
Ինչևէ, հանձնաժողովի տրամադրած եզրակացություններով ու առաջարկներով կառավարությունն արդեն որոշում է ընդունել Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերանվանել Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, գիտական եզակի այս կենտրոնին հատկացնել պետական աջակցություն` առնվազն 575 մլն 600 հազար դրամ գումարի չափով:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ փոխանցմամբ` քսան տարվա լռությունից հետո ֆիզիկան պետական մակարդակով խոսքի իրավունք ստացավ: Միջուկային բժշկության կենտրոն ստեղծելու ծրագիրը նախատեսում է առաջին հերթին ունենալ քաղցկեղի ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաներ: Հայաստան է բերվելու 30 ՄէՎ-անոց ցիկլոտրոն (արագացուցիչ), որն արտադրելու է ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպներ (կարճ ապրող իզոտոպը, ներմուծվելով արյան մեջ, ճառագայթում է, ցույց տալով ուռուցքը և օգնելով վիրաբույժին ճշգրիտ պլանավորելու վիրահատությունը): Տարրական մասնիկների ֆիզիկայի առաջատար սարքը տեղակայվելու է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Ըստ գիտնականների` նման սարքեր այսօր կան բոլոր զարգացած երկրներում: Ընդհանուր հաշվարկներով` արագացուցչի ձեռքբերման համար հարկավոր է 5 մլն եվրո, ևս 3 միլիոն եվրո նախատեսվում է հատկացնել տեղադրման աշխատանքներին:
Միջուկային բժշկության կենտրոնի ծրագիրը, որը մշակել է էկոնոմիկայի նախարարությունը, իրականացնելու է ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամը, որի տնօրեն ԲԵԿՈՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ նշում է, որ ախտորոշման հատուկ սարքերի, կլինիկաների արդիականացման ու մասնագետների վերապատրաստման համար լրացուցիչ ֆինանսներ արդեն իսկ հայթայթում են, առաջիկա ամիսների ընթացքում ենթադրում են շուրջ 30-50 մլն եվրոյի ծրագրեր: Արագացուցիչը նախատեսվում է ձեռք բերել Բելգիայի կառավարության դրամաշնորհով և մեր գործադիրի վարկային երաշխիքով: Ցիկլոտրոնի ձեռքբերումից հետո հաջորդ քայլը կլինի ինստիտուտի տարածքում կենտրոնի կառուցումը:
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1942-ի ամռանը Բյուրական գյուղից ավանակների վրա դեպի Արագած լեռան Սև լճի ափ բարձրացող գիտնականների խումբը, ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ, տիեզերական ճառագայթների ուսումնասիրման «Արագած» կայանի հիմքը դրեց: Անվանի ֆիզիկոսը ճիշտ ժամանակին էր տեղեկացրել, որ Արագածում պայմանները նման ուսումնասիրության համար նպաստավոր են:
1967-ին ֆիզիկայի ինստիտուտում գործարկվեց խորհրդային ամենամեծ արագացուցիչը` էլեկտրոնային սինքրոտրոնը կամ ԱրՈՒս-ը (սարքի ռուսերեն հապավումն է): Ի դեպ, արագացուցիչը վերջին անգամ գործարկվել է 1998-ին, գիտափորձն այնքան ծախսատար էր, որ մինչ օրս ինստիտուտը դեռ պարտքերն է փակում:
ՈՒթսունականներին այստեղ մեկնարկեցին տիեզերական ճառագայթների ուսումնասիրության «Անի» գիտափորձի աշխատանքները. Արագածում տեղադրվեց աշխարհի ամենամեծ` 30000 տոննա կշռով էլեկտրական մագնիսը, սակայն խորհրդային համակարգի փլուզման հետ «Անին» ևս դադարեց գործելուց: Եթե այն շարունակեր աշխատել, ուսումնասիրությունները բոլորովին այլ մակարդակ կունենային: Այսօր ներդրումների հնարավորությունը խիստ մշուշոտ է, բայց քանի դեռ համակարգը շարքից դուրս չի եկել, ֆիզիկոսները շարունակում են միջոցներ փնտրել:
Անկախության տարիների ցուրտ մեկնարկն անգամ չի սառեցրել գիտական ուսումնասիրությունների ընթացքը: Նոր Ամբերդում ու Արագածում տեղադրված դետեկտորներն անխափան գրանցել ու գրանցում են տիեզերքից մեր կողմ եկող լիցքավորված ու անլիցք մասնիկները, ֆիզիկոսներն էլ ուսումնասիրում են դրանց բնույթն ու փորձում քիչ ավելին հասկանալ տիեզերական անեզրությունից:
Ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը պնդում է, որ գիտական կառույցն այսօր կարող է իր շուրջը կենտրոնացնել շատ արտադրություններ և Հայաստանը դարձնել գիտության վրա հիմնված երկիր:
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՅՍՕՐԸ
«Նոր Ամբերդ» գիտական կայանից Արագած հերթափոխի գնալը բավականին դժվար է` ամենագնացով են բարձրանում: Հենց նման իրավիճակներում հայտնվելու վտանգի պատճառով էլ խորհրդային տարիներին Արագածում աշխատելը հավասարազոր էր Անտարկտիդայում աշխատելուն, վարձատրությունը նույնքան բարձր էր, իսկ մեկ աշխատանքային տարին երկուս էր հաշվվում:
Ինստիտուտի գիտաշխատող ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ դիտարկմամբ` պատահում է, որ շաբաթներով չեն կարողանում բարձրանալ։
Կայանում տիեզերքն ու տիեզերական մարմիններից երկիր հասնող բոլոր տեսակի տարրական մասնիկներն «ափի մեջ» են: Տարբեր տեսակի դետեկտորներն ու նեյտրոնային մոնիթորները գրանցում են լիցքավորված ու չեզոք բոլոր մասնիկները, մշակում տեղեկույթը, որը համացանցով հասանելի է դառնում աշխարհի ցանկացած մարդու: Արևային նեյտրոնային հեռադիտակը հնարավորություն է տալիս տեսնելու տիեզերական ճառագայթները, որի օգնությամբ պարզ են դառնում Երկրագնդի շուրջը կատարվող ռադիացիոն ու մագնիսական խաթարումները, կանխագուշակվում է տիեզերական եղանակը: Գիտնականները կարողանում են գրանցել արևի վրա տեղի ունեցած պայթյուններն ու «նախազգուշացնել» երկրագնդի շուրջը պտտվող մոտ հազար արբանյակներին: Ի դեպ, արևի բռնկումներն ունեն ցիկլեր` մոտ տասնմեկ տարի, ակտիվության մաքսիմում ու մինիմում փուլերը կախված են արևաբծերի քանակից: 2012-ին սպասվում է այդ փոթորիկների մաքսիմումը, ինչը, արդեն տարածված վարկածի համաձայն, աշխարհի վերջի հետ է ասոցացվում, սակայն հայ ֆիզիկոսները վստահ են, որ ընդամենը տրանսֆորմատորներ կփչանան, կլուսազրկվեն երկրներ, արբանյակներ կվնասվեն:
Տիեզերական բոլոր նրբությունները հասկանալու համար ինստիտուտում ՄԱԿ-ի «Հիմնական տիեզերական գիտության» ծրագրի շրջանակներում մշակվել է համաշխարհային դետեկտորների «Սևան» ցանցը` նպատակ ունենալով զարգացնելու արևի շրջակայքում և տիեզերական միջավայրում մասնիկների արագացման հիմնարար հետազոտությունը:
Ազգային գիտական լաբորատորիան պահպանելու և զարգացնելու է հիմնարար ֆիզիկայի հետազոտական ենթակառուցվածքը։ Այն կապող հանգույց կլինի Հայաստանի և միջազգային գիտական հանրության միջև:
Ամպային ակտիվություն, կայծակների և մթնոլորտային էլեկտրականություն. սա այս կառույցի ուսումնասիրության նոր ոլորտն է։ Աշխարհում առաջինը հենց մեր ֆիզիկոսներն են բացահայտել, որ կայծակի «մեղավորները» մթնոլորտից եկող տիեզերական մասնիկներն են, որոնց ճառագայթումը համեմատելի է ռենտգենյան ճառագայթման հետ: Այսինքն, ինքնաթիռում գտնվող անձնակազմն այնպես է ճառագայթվում, ինչպես ռենտգենյան ճառագայթման դեպքում:
Սեպտեմբերին «Ամբերդ» գիտական կայանում ամպրոպային ամպերում բարձր էներգիայի երևույթներին նվիրված միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու է արտերկրի 70 գիտնական, դեռ բացահայտելու է հայ ֆիզիկոսների գիտական ձեռքբերումների շատ նրբերանգներ:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ