ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նորատուսի ֆենոմենը

Նորատուսի ֆենոմենը
26.12.2023 | 07:51

Ոչ, սա Նորատուսում վերջերս կատարվածի հետաքննություն չէ, այլ դրա պատճառահետևանքային վերլուծության փորձ: Եթե կուզեք՝ մեր օրերի հասարակական բոլոր երևույթների խտացումը՝ մեկ իրադարձության մեջ: Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ հնարավոր եղավ «Նորատուսի ծովամարտը», ուղղակի հիշենք, որ դա առաջին անգամը չէ: Իմ հիշողության մեջ առնվազն երկու այդպիսի դեպք կա: Դա նրանից չէ, որ նորատուսցիներն այդքան անկախ կամ մարտնչող են, նույնիսկ պատճառն այն չէ, որ Սևանում ձկնորսությունն այդքան շահութաբեր է: Երևույթի արմատներն ուրիշ տեղ են:

Թույլ իշխանություն

Նման երևույթների ամենահիմնական պատճառը թույլ, անհիմն զիջողության գնացող իշխանությունն է: Փաշինյանի իշխանությունը ընտրողների ձայների կարիք ունի: Էական էլ չի՝ այդ ձայները որոշի՞չ են, թե՝ ձևական: Ուղղակի պետք է եղել ինչ-որ մեկին՝ ընդդիմությանը, կոնկուրենտ խմբավորմանը, Եվրամիությանը կամ ԱՊՀ-ին ցույց տալ տեղամաս, ընտրատարածք, որտեղ մարդիկ գնացել ու քվեարկել են իր օգտին: Հետո միայն՝ ընտրական հանձնաժողովում այդ ընտրատարածքի ձայներն իմպլեմենտացվել են այլ տեղամասերի վրա, իբր՝ տեսեք, ամեն տեղ էլ այդպես է եղել: Փաշինյանին միշտ թվացել է, թե իր օգտին քվեարկողն իրենից կախման մեջ է, որի դիմաց այդ ընտրողին կարող է «թույլատրել» ինչ-ինչ արտոնություններ: Հետո, երբ խնդիրներ են ծագել այլ սոցիալական խմբերի հետ, այդ «արտոնյալ» խմբերին փորձել են պատժել՝ մյուսների մոտ «ուժեղի» պատրանք ստեղծելու համար: Իսկ ինչպե՞ս է դա ընկալում «ժողջան»-ը՝ ընտրողը:

«Շուստրի» ընտրազանգված

Ընտրազանգվածը դինամիկ ինստիտուտ է, այն մի անհայտ զգայարանով հասկանում է, թե ո՞վ ու ի՞նչ է իրենից ակնկալում և դրա դիմաց իրեն ի՞նչ կարող է առաջարկել: Բայց դա երաշխիք չէ, որ ճիշտ է հաշվարկում իր շանսերը կամ ակնկալիքները: Դա է պատճառը, որ հիմնականում խաբվում է և, եթե կարող է, սկսում է բողոքել: Սակայն բողոքը ոչ թե նրա համար է, որ իրեն խաբել են, այլ՝ որ վերականգնի խոստացված արտոնությունը, որ նորից հնարավորություն ունենա վաճառել իր քվեն, իսկ եթե կստացվի՝ ավելի թանկ:

Երկկողմանի խաբկանք

Գործարք առաջարկող իշխանությանը թվում է, թե ինքն ամենակարող է, որովհետև արտոնություն տալն իր իրավասությունների շրջանակում է: Կոնկրետ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ, սիգի որսի արգելքը վերացնելով, կարողացել է շահել կոնկրետ նորատուսցիների սերն ու աջակցությունը: Այսինքն, նա նորատուսցիներին չափել է իր արշինով: Բայց նորատուսցիներն այլ հաշվարկ ունեն, իրենց պետք է եղել օրինական պատրվակով Սևանից կրկին ապօրինի սիգ որսալ և դրա համար ընտրել են թույլին, նրան, ով ավելի շատ ունի իրենց քվեի կարիքը: Դրա համար էլ 2021-ին ընտրեցին Փաշինյանին: Բայց նրանք էլ սխալվել են, որովհետև Փաշինյանի ակնհայտ թուլությունը ծնել է շարունակական անկայունություն: Նրա «սերն» ու «խոնարհումն» ընտրովի է, իրադարձային:

Թշվառ պետություն

Եթե նկատեցիք՝ և՛ թույլ իշխանությունը, և՛ «շուստրի» ընտրողն իրենց հաշվարկներում անտեսել են պետական շահը, բոլորի՛ բարեկեցությունն ու իրավունքը: Դա է պատճառը, որ մի օր ֆերմերներն են ճանապարհ փակում, մի օր՝ ձկնորսները, մի օր՝ վրացական համարներով մեքենատերերը, մի օր՝ «սև հանքափորները», և այդպես՝ շարունակ: Նիկոլ Փաշինյանը հասարակության բոլոր շերտերին կարողացել է «արտոնություններ» բաշխել՝ պետության անվտանգության, բոլորի բարօրության հաշվին: Ու, քանի որ, առանձին վերցրած, նորատուսցին կամ խաղողագործն ամբողջի մասն են, խաբվել են ոչ թե որպես նորատուսցի կամ խաղողագործ, այլ՝ որպես ամբողջ: Կոպիտ ասած՝ պայմանավորվել են անհատապես, «քցվել» են՝ կոլեկտիվ: Պետությո՛ւնն է «քցվել»:

Վերջաբանի փոխարեն

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվել է խաբել բոլորին, դա չի նշանակում, որ նա հաղթել է: Ավելի շուտ, նա «պյուրոսյան» հաղթանակ է տարել, որովհետև այլևս խաբելու ռեսուրս չունի: Բայց դա էլ է հարաբերական, որովհետև քանի դեռ պայմանական նորատուսցին կամ «Փեթակի» «դախլչին» իր բարեկեցությունը պայմանավորում է ոչ թե ամբողջի շահով, այլ՝ միայն իր, Նիկոլը խաբելու նոր հնարավորություն ունի: Քանի դեռ արարատցին կամ գյումրեցին կարծում է, թե արցախցու կամ նոյեմբերյանցու հաշվին կարող է լավ ապրել, այդքան ժամանակ Նիկոլը հողեր կտա, քիրվայություն կանի Իլհամի հետ ու, բնականաբար, կմնա իշխանությունում: Քանի դեռ ապարանցին ինքն իրեն համոզում է, որ Բաշ Ապարանի ճակատամարտում ինքը միայնակ է հաղթել, հաղթելու է նիկոլիզմը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2540

Մեկնաբանություններ