«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Միասին կհաղթահարենք ամենադժվար փորձությունները

Միասին կհաղթահարենք ամենադժվար փորձությունները
24.05.2016 | 01:04

1918 թ. մայիս ամիսը հայաստանաբնակ ժողովուրդների կյանքում բացառիկ իրադարձությունների ամիս է:
Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց վերակերտել իր անկախ պետականությունը: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների՝ ՈՒսուբ Բեկի և Ջհանգիր Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու և վտանգի պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց Հայոց պետականության ձևավորման անաղարտ բարեկամի և հավերժ միասին լինելու իրավունքը:
Հայոց պետականությունը վերականգնվեց, և իրականություն դարձավ բոլոր հայաստանցիների բազմադարյա երազանքը:
Այդ օրերին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների և մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար:
Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան հետախուզական խումբը թշնամու թիկունքում պահելով, իր 1500 ձիավորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը:


Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում:
Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը, Ջհանգիր Աղայի մասին խոսելիս, նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»: Անկախ պետություն ունենալը և այն անսասան պահելը դարձան մեր նախնիների գերագույն նպատակն ու, փառք Աստծո, այն փոխանցվեց մեր ժողովուրդներին սերնդեսերունդ:


Եվ պատահական չէ, որ 2012 թ. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին՝ «Եզդիների Զիարատը», մեր միակ հոգևոր նստավայրը Լալիշա Նուրանից հետո: Այն օծեց անձամբ Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգը:
2015 թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող, որն արդարության, ազատության և խաղաղության կոչ է:


Ցավոք, այս օրերին էլ Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում եզդի ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէր տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Այս դժվարին պահին մեր կողքին տեսանք մեզ օգնող ձեռքը, մեր անկեղծ բարեկամի՝ հայ ժողովրդի ձեռքը: Միջազգային տարբեր կազմակերպություններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին և եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահը, կառավարության անդամները, մեր դիվանագետները: 2016 թ. ապրիլի 21-ին հայաստանաբնակ, ինչո՞ւ չէ, նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական նոր իրադարձություն էր: Աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաքում հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող:


Մենք շատ թանկ ենք վճարել մեր ազատության և անկախության համար, ուրեմն պահենք ու պահպանենք մեր աչքի լույսի պես: Պատմությունը մեզ պարտավորեցնում է ստեղծել բարեկեցիկ, հզոր Հայաստան, որը հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք և արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված և առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, բոլորիս համար ապրելու և արարելու հավասար իրավունքներ և ազատություններ ապահովող Հայաստանն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան և մտածել ապագայի մասին:


2016 թ. ապրիլի 2-ին մեր հայրենիքի զինվորը կանխեց թշնամու նոր սադրանքը: Հակառակորդի առջև որպես ամուր վահան կանգնեց Ջհանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի զինակից եղբայրությունը: Հակառակորդի սադրանքներին մենք հակադրվեցինք մեր միասնությամբ, հոգու ուժով, մեր բանակի մարտունակությամբ: Մենք պաշտպանել ու պաշտպանում ենք այն հողը, որի վրա ապրում և արարում ենք, որի վրա ծնվում են մեր երեխաները, որում իրենց «երկնային» հանգիստն են գտնում մեր ծնողները: Ցավոք, մեր կյանքը դժվարություններով լի է եղել, մեր տարածաշրջանում հաճախակի առկա են եղել լարվածություն և քաղաքական բարդ իրավիճակ, սակայն անկախությունը նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար: ՈՒրախանանք մեր լավ ու կարևոր ձեռքբերումներով: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժն ու համերաշխությունը միայն հաղթանակ և առաջընթաց են ապահովում:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 3369

Մեկնաբանություններ