ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ումբերտո Էկո. Սուրբ Ծննդի և ահաբեկչության միջև

Ումբերտո Էկո. Սուրբ Ծննդի և ահաբեկչության միջև
14.12.2015 | 22:50

Թերթերում ու հեռուստատեսությամբ բազում գրողների, հոգեբանների, փիլիսոփաների առավոտից երեկո հարցնում են ընթացիկ իրադաձությունների մասին, բայց նրանք պատգամախոսներ չեն, որ բոլոր հարցերի պատասխաններն ունենան:
Առաջին պատմությունը դպրոցի տնօրենի մասին է, որ որոշել էր Սուրբծննդյան տիկնիկարկղը իր ուսումնական հաստատությունում չտեղադրել՝ այլ կրոններ դավանող աշակերտների զգացումները հարգելով: Անձնական ռեմարկ՝ հայրս, որ հավատացյալ մարդ չէր, գիշերներ էր լուսացնում՝ Սուրբծննդյան ֆանտաստիկ տիկնիկներ պատրաստելու համար միայն այն պատճառով, որ զգում էր ավանդույթի հետ իր կապը: Մի՞թե ճիշտ է քրիստոնյա երեխաներին զրկել այդ ավանդույթից: Արդեն գոյություն ունեն մուլտիէթնի՞կ դպրոցներ: Այդ դեպքում հրաշալի լուծում կա՝ Ծննդյան տոներին տիկնիկարկղը տեղադրել դպրոցի դիմացի հաստատություններից մեկում և եթե երեխաները ցանկանան, կարող են գնալ ու նայել: Գուցե Հիսուսի ծնունդը, որի մասին Ղուրանը մեծ հարգանքով է խոսում, տպավորություն կթողնի մուսուլման ինչ-որ երեխայի վրա: Հետո արդեն՝ մուսուլմանական տոնի ժամանակ, նույն կերպ կարելի է պատկերել Մուհամեդի կյանքից որևէ իրադարձություն: Իսկ երբ նշվի Յոմ-Կիպուրը կամ հրեական այլ տոն, կստեղծվի այդ իրադարձությանը նվիրված տիկնիկախաղ, իսկ կողքին մեկը կլինի, որ բացատրի՝ ինչ է դա նշանակում: Վերրջապես, շատ չինացի երեխաներ կան և կարելի է ընտանիքների հետ քննարկել՝ որ տոնը նշել: Մենք խոսում ենք երկրի մասին, որտեղ քրիստոնեությունը մեկ-միակ մոնոթեիկ կրոնը չէ: Երեխաները կարող են մասնակցել կամ խուսափել այդ միջոցառումներից, բայց եթե գան, իրենց համար նոր տեղեկություններ կստանան կրոնական համոզմունքների ու մշակույթների բազմազանութան մասին: Դա մեծ օգուտ է նրանց կրթությանը՝ հաշվի առնելով, որ դպրոցներում կրոնների պատմություն չի դասավանդվում:
Երկրորդ պրոբլեմի քննարկումը ես հեռուստատեսությամբ լսեցի և դեժավյուի զգացողություն ունեցա, որովհետև բազմիցս քննարկվել են նման հարցեր՝ ինչու բախվելով ահաբեկչության պրոբլեմին, ինտելեկտուալ շրջանակներում գերադասում են այդ մասին չխոսել: Նախ՝ այդ հարցը սուտ տեղեկատվության վրա է հիմնված՝ մի կողմ թողենք Ֆրանսիան, որտեղ մտավոր ընտրանին մշտապես է բարձրացնում երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների և նրանց արձագանքելուն առնչվող հարցերը, բավական է դիտել իտալական թոլք շոու՝ տեսնելու ինտելեկտուալների, որ այդ թեմայով իրենց տեսակետներն են շարադրում հաճախակի, բավական է՝ թերթերը թերթել՝ գտնելու գրողների, փիլիսոփաների, հոգեբանների այդ թեմաներով հարցազրույցները: Հետևաբար՝ հարցը քողարկում է ոչ թե անհանգստությունը՝ ինչու՞ ինտելեկտուալները այդ մասին չեն խոսում, այլ՝ ինչու՞ նրանք չեն տալիս այն պատասխանները, որ քաղաքական գործիչները չեն կարող տալ: Հետաքրքիր ու ֆետիշիկ պահանջ է, կարծես թե ինտելեկտուալները պատգամախոսներ են և բոլոր հարցերի գլխավոր պատասխանները հենց նրանք պիտի տան: Ո՞վ է ասել, որ մեծ բանաստեղծը, մեծ մտածողն ու մեծ արձակագիրը գիտեն՝ ինչ անել այն իրավիճակում, երբ քաղաքական աշխարհի լավագույն ուղեղները տանջվում են՝ փոխբացառող որոշումների ընտրության մեջ: Ես շատ եմ գրել, որ ինտելեկտուալները կարող են ապագան կանխատեսել, մտածեք, օրինակ, ինչ մարգարեական նշանակություն ունեցավ Ջորջ Օրուելի «1984» վեպը: Կամ՝ նրանք կարող են արդեն կատարվածը բացատրել՝ ինչու՞ այդպես եղավ և խելամի՞տ էր դա: Բայց այս պահին ինտելեկտուալի տեսակետը ցանկացած այլ մարդու տեսակետից ավելին չէ: Նա կարող է արտահայտել սարսափ, ցավ, դժգոհություն, իսկ եթե սկսի խոսել, որ պետք չէ ռմբակոծել սիրիական գյուղերը, այլ միայն նավթահորերը, նրա ձայնը կհնչի ճիշտ այնպես՝ ինչպես նույն մտքերն արտահայտող քաղաքական գործիչներինը: Վաղուց եմ գրել, որ եթե բանաստեղծը հայտնվել է հրդեհված թատրոնում, նա չպետք է կանգնի բազկաթոռին ու բանաստեղություններ կարդա, նա պարտավոր է զանգահարել հրշեջներին կամ օգնել նրանց, ովքեր փրկվել են փորձում: Ինտելեկտուալներից պատասխան պահանջելը նշանակում է չընդունել, որ պետությունների ղեկավարները, քաղաքական ու ռազմական գործիչները վերջնական պատասխան չունեն: Այդ պատճառով մենք դիմում ենք ինտելեկտուալի թվացյալ կերպարին, ինչպես պատասխան կցանկանայինք լսել հայր Պիոյից:
Ումբերտո Էկո, L'Espresso
Հ.Գ. Չգիտեմ՝ ովքեր կկարդան այս հրապարակումը, բայց շատ եմ ուզում, որ կարդան հատկապես նրանք, ովքեր Հայաստանում մշտապես բոլոր հարցերի պատասխաններն ու իրավիճակի փոփոխությունը սպասում են ընդդիմությունից: Ընտրություն է, թե հանրաքվե՝ ընդդիմությունը պիտի ապահովի արդարությունը, տնտեսական ճգնաժամ է, ընդդիմությունը պիտի ելքը ցույց տա, արտագաղթ է՝ ընդդիմությունն է մեղավոր, որ հավատը զոհվել է իշխանության հետ անհավասար մարտերում: Ումբերտո Էկոն խոսում է ազգի հավաքական ինտելեկտի մասին, որ բաշխված է տարբեր խավերի միջև ու այնքան է հատվածավորված, որ ամբողջական շղթա չի դառնում: Միջհասարակական ընկալման խզվածությունը համաշխարհային տարածում ունի, Հայաստանը այդ ասպարեզում առաջին տասնյակում է հաստատ՝ մենք բացի դա ունենք նաև ինտելեկտուալ էլիտայի հատվածականության խնդիր՝ պալատական և մտածող էլիտաների: Ու եթե դեռ նրանցից ենք ակնկալում ելքեր ստանալ, նշանակում է՝ մերժում ենք իշխանության առաջարկած ելքերը, իսկ դա արդեն որոշակի հաջողություն է՝ մենք շարունակում ենք մտածել՝ ամենադժվար գործն աշխարհում, որ բոլորն անում են գերագույն հեշտությամբ ու հիմնականում անարդյունք ու անհետևանք: Մնալով նույն համակարգի շրջանակներում՝ իբրև նույն համակարգի մասեր: Ու քչերն են ընդունում համակարգ փոխելու անհրաժեշտությունը, առավել քչերը գիտեն ինչպես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ