Վերջին տարիներին անապահով ընտանիքներին հասարակության մեկնած օգնության ձեռքը բարի ավանդույթ է դարձել։
Հուլիսի 4-ին երիտասարդների մի խումբ այցելեց Մասիսում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքին։ Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Երկու մանկահասակ երեխաները՝ 3-ամյա Գոհարիկը և 6-ամյա Հովիկը, 60-ն անց Գոհար տատի խնամքի ներքո են։ Երեխաների հայրը հաշմանդամ է և այցելության պահին գտնվում էր հիվանդանոցում։ Ընտանիքի միակ կերակրողը տատն է, ով փորձում է կանաչի հավաքելով և վաճառելով, հարևանների տները մաքրելով կերակրել երեխաներին: Ապրում են փոքրիկ սենյակում, չունեն տարրական կոմունալ հարմարություններ:
Գոհար Հովհաննիսյանն ասում է, որ ամուսինը մահացել է Ռուսաստանում, չի կարողացել աճյունը բերել Հայաստան և հայրենի հողում հուղարկավորել։ Ամուսինը 90-ականներին Արցախյան պատերազմին էր մասնակցում։ Միակ երեխան անառողջ է՝ երկրորդ կարգի հաշմանդամ, հոգեկան խնդիրներ ունի, պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց և մշտապես դեղորայքի կարիք ունի։ Հարսը թողել է երեխաներին և հեռացել, պատճառաբանելով, թե նման պայմաններում ապրել չի կարող։
Գոհար Հովհաննիսյանը հիշում է այն ժամանակները, երբ ինքն ու որդին աշխատում էին, ինքը կոմունալ տնտեսությունից 100 հազար դրամ աշխատավարձ էր ստանում, կարողանում էին ծայրը ծայրին հասցնել. «Գիշերը որ գալիս է, առնետները, մկներն ու կարիճները լցվում են տուն, քիչ է մնում՝ երեխաներին ուտեն։ Մեկը մի սառնարան է տվել, էն էլ չի աշխատում։ Աստված եմ կանչում, որ օրը բացվի, մի բան կարողանամ ճարել ու երեխաներին կերակրել։ Հարևաններից այսօր պարտքով շաքարավազ ու սուրճ եմ վերցրել։ Երեխաները խաղալիքի երես չեն տեսել»։ Գոհար տատը պատմում է, որ շատերն են իրեն խաբել՝ օգնություն խոստանալով. «Գիտեք՝ քանի ժամ եմ կանգնել ճամփի վրա՝ սպասելով օգնություն խոստացողներին։ Ձեր ծանոթ մարդկանց էլ ասեք՝ ուտելիք, հագուստ ունենան, թող բերեն տան։ Չքավոր մարդիկ ենք, ամեն ինչի կարիք էլ ունենք»։
Այդ օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախաձեռնությամբ Հովհաննիսյանների ընտանիքին էին այցելել մի խումբ երիտասարդներ՝ բերելով սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ։ Կազմակերպիչները նշեցին, որ իրենց աջակցությամբ 4-հոգանոց այս ընտանիքը մոտ 6 ամիս սննդի կարիք չի ունենա։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ